ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համար խնդրահարույց են «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների նկատմամբ կիրառված տույժի միջոցները, այն է` շաբաթ և կիրակի օրերին զրկել տուն գնալուց:
«Դա, ակնհայտորեն, հակասում է ընտանիքի հետ կապին: Ընդհակառակը, նմանատիպ դեպքերում պետք է խրախուսենք ընտանիքի հետ կապը: Երեխան ընտանիքում բնակվելու իրավունք ունի: Այդ տույժի միջոցն ինձ համար խնդրահարույց է: Ընդհանրապես, պետք է հասկանալ` արդյոք անհրաժե՞շտ են այդ ներգործության միջոցները: Եթե` այո, ինչպես պետք է գործադրվեն»,- ասաց ՄԻՊ-ը:
Պարոն Թաթոյանն ասաց, որ իր աշխատակազմի ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են կրթահամալիր, ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է` կրթահամալիրում բազմաթիվ խնդիրներ`երեխաների հանդեպ վերաբերմունքի ու հաստատության գործունեության իրավական ակտերի հետ կապված. «Մենք ամփոփել ենք մեր այցելությունների արդյունքները, ներկայացրել կրթության և գիտության նախարարին: Արձանագրել ենք խախտումներ, որոնք սկզբունքային լուծումներ են պահանջում: Օրինակ՝ երեխաների նկատմամբ վերաբերմունքից մինչև իրավական ակտեր, երեխաների ներգրավվածությունը տարբեր աշխատանքներին, արդեն ինչպես նշեցի տույժի միջոցը: Իմ ներկայացուցիչը նաև մասնակցել է կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը, ներկայացրել մեր դիտարկումները, որոնք ընդունվել են նախարարության կողմից: Նաև դրանք հաշվի առնելով՝ տրվել են համապատասխան հրամաններ, ցուցումներ»:
Արման Թաթոյանը նաեւ նկատեց, որ կրթահամալիրը փակ հաստատություն է, ինչը խախտումների լրացուցիչ ռիսկեր է պարունակում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ