Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ». Պատգամավորների 340 առաջարկից ընդունվել է 31-ը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2016 13:54
byuje

ԱԺ-ում 2017-ի պետական բյուջեի նախագծի քննարկումն է: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատվել են 0.3 մլրդ դրամով. «Տեղյակ եք, որ մենք մեկնարկել ենք օպտիմալացման գործընթաց եւ ԾԻԳ-երում, եւ ՊՈԱԿ-ներում: Այս պահի դրությամբ փաստացի ունենք 4 ԾԻԳ, որոնց փակման գործընթացը ավարտել ենք, ծախսերը կարողացել ենք արտացոլել բյուջեում»:

Գազի սակագների փոփոխմամբ պայմանավորված՝ 3 մլրդ դրամով նվազեցվել են ընդհանուր ծախսերը: Միջազգային կազմակերպություններից եւ օտարերկրյա պետություններից ստացած վարկերի սպասարկման համար ծախսերը ավելացվել են 1 մլրդ դրամով: Կառավարման պահուստային ֆոնդը մեծացել է 8 մլրդ դրամով՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա իրավիճակը: Արփա-Սեւան թունելի հիմնանորոգման համար ավելացրել են 1.9 մլրդ դրամ, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամի համար նախատեսվել է 0.7 մլրդ դրամի հավելյալ ծախս: Եթե 1000 դրամ յուրաքանչյուր աշխատողից գանձելու օրենքը ընդունվի, միեւնույն է, նվազագույն աշխատավարձ ստացողներից չի գանձվելու, ուստի այդ ծախսը անհրաժեշտ է:

Նախարարը անդրադարձավ նաեւ պատգամավորների առաջարկներին: Նա ասաց, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն շուրջ 8 առաջարկ են ներկայացրել, 322 առաջարկ էլ ներկայացրել են առանձին պատգամավորներ:

Նախարարի խոսքերով՝ կան այնպիսի առաջարկներ, օրինակ, նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել 100 հազար դրամ, չունեն հաշվարկային հիմք. «Դա նշանակում է 81 տոկոսանոց աճ, իսկ դա նշանակում է 421 մլրդ-ի փոխարեն մեր բյուջեն զուտ աշխատավարձերի մասով պետք է լինի 763 մլրդ»:

Պատգամավորներ կան, որ առաջարկել են նվազեցնել ծախսերը, պատգամավորներ կան, որ առաջարկել են ճիշտ հակառակը՝ ավելացնել. «Սոցիալական ոլորտում ծախսերն առաջարկել են նվազեցնել 26.7 մլրդ դրամով, հիմնականում կուտակային կենսաթոշակի համաֆինանսավորման մասին նվազեցումն է, կրթության ոլորտում առաջարկ է ներկայացված աճ՝ 1.7 մլրդ-ի չափով, գիտության ոլորտում՝ 39.7 մլրդ-ի, առողջապահության ոլորտում՝ 994 մլն-ի չափով, մշակույթ, սպորտ եւ տեղեկատվության ոլորտում 677.4 մլն-ի չափով, կառավարման ապարատի պահպանման ծախսերի նվազեցում են առաջարկում 362,1 մլն-ի չափով»:

Պարոն Արամյանը հորդորեց քաջություն ունենալ եւ այնպիսի ծախսեր կատարել, որոնք ռեալ արդյունք են տալու, պետք է այնպիսի ցուցանիշ դնել, որը հնարավոր է իրագործել: Ուստի նա ասաց, որ, ընդհանուր առմամբ, ներկայացված 340 առաջարկներից 204-ին տվել են պարզաբանումներ, 31 առաջարկ ընդունվել է, 104 առաջարկ չի ընդունվել, ինչպես նախարարը պարզաբանեց՝ բյուջետային միջոցների սահմանափակ լինելու պատճառով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031