Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սահմանամերձ Թաթարի այցելության ժամանակ հայտարարել էր, թե մոտ ժամանակներս Արցախում պատերազմ չի սկսի. կսպասի, որ Հայաստանը դատարկվի բնակչությունից, որից հետո կվերականգնի պատմական արդարությունը, եւ Ադրբեջանը կստանա իր «պատմական հողերը»՝ Գորիսն ու Երեւանը: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աղմկահարույց հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ Ալիեւը «աղմկում է», որովհետեւ բանակցային գործընթացում ոչ շահեկան իրավիճակում է հայտնվել։ Այս իմաստով, Էդուարդ Շարմազանովն «ըմբռնումով» է մոտենում Իլհամ Ալիեւի հայտարարություններին:
ԱԺ փոխխոսնակը բնավ պատահական չի համարում այն, որ հենց Իլհամ Ալիեւն ասաց`միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը։ Սա, ըստ բանախոսի, հենց բանակցային գործընթացում Ադրբեջանի փակուղային վիճակի ուղիղ ապացույցն է:
«Այս տարիների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի ղեկավարությունը փաստում է բանակցային գործընթացում իր ոչ շահեկան դիրքերի մասին: Ադրբեջանը չի գիտակցում, թե որոնք են իր պատմական հողերը։ Որպեսզի այս հարցում Ադրբեջանի համար որոշակիություն մտնի, Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ եմ տալիս ընթերցել հին հունական, հռոմեական պատմիչներին։ Մի քանի անգամ առաջարկել եմ ընթերցել։ Նրանք հայտնի կենդանու համառությամբ դա չարեցին։ Դրանից հետո, քանի որ նրանք ճանապարհորդել շատ են սիրում, առաջարկեցի լինել Հռոմում եւ տեսնել հին աշխարհի քարտեզը։ Այնտեղ հաստատ կգտնեն Հայաստանը, բայց չեն գտնի Ադրբեջան»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն Ադրբեջանի նախագահին երրորդ առաջարկն էլ ունի. «Քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում երթեւեկել թանկարժեք մեքենաներով, ապա թող կարդան Audi-ի Mercedes-Benz-ի պատմությունը ու կտեսնեն, որ առաջինը ինը տարով է մեծ Ադրբեջանից, երկրորդը՝ երկու»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ