Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության դոկտրինը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալում:
«Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով կարգադրում եմ հաստատել Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական անվտանգության կից դոկտրինը»,- ասվում է փաստաթղթի տեքստում:
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից: Տեղեկատվական անվտանգության նախորդ դոկտրինը, որը հաստատվել էր 2000թ. սեպտեմբերին, համարվում է ուժը կորցրած:
Փաստաթղթում նշվում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտների ընդլայնումը, որը «տնտեսության զարգացման և պետական ու հասարակական ինստիտուտների գործունեության կատարելագործման գործոններից է, միաժամանակ առաջ է բերում նոր տեղեկատվական սպառնալիքներ»: Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ տեղեկատվության՝ սահմաններ չունեցող տարածման հնարավորությունը, «գնալով ավելի հաճախակի, օգտագործվում է աշխարհաքաղաքական, միջազգային իրավունքին հակասող ռազմաքաղաքական, ինչպես նաև ահաբեկչական, արմատական, հանցագործ և այլ նպատակների հասնելու համար՝ ի վնաս միջազգային անվտանգության»:
Կարդացեք նաև
Տեղեկատվական անվտանգության վրա ազդող բացասական գործոններից մեկը նշվում է այն, որ «մի շարք արտասահմանյան երկրների կողմից աճում է տեղեկատվական ենթակառուցվածքների վրա տեղեկատվական-տեխնիկական ազդեցություն գործելու հնարավորությունը՝ ռազմական նպատակներով»:
Բացի այդ, նշվում է, որ կարող է ուժեղանալ այնպիսի կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրականացնում են «տեխնիկական հետախուզություն ռուսական պետական մարմինների, գիտական կազմակերպությունների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների նկատմամբ»:
«Առանձին պետությունների» հատուկ ծառայություններն օգտագործում են «տեղեկատվական-հոգեբանական ազդեցություն գործելու միջոցները՝ ուղղված աշխարհի տարբեր տարածաշրջաններում ներքաղաքական և սոցիալական իրավիճակի ապակայունացմանը, ինչը հանգեցնում է մյուս պետությունների ինքնիշխանության խաթարմանը և տարածքային ամբողջականության խախտմանը»: «Այդ գործունեության մեջ ներքաշվում են կրոնական, էթնիկ, իրավապաշտպան և այլ կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքացիների առանձին խմբեր, ընդ որում, լայնորեն կիրառվում են տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները»,- նշվում է փաստաթղթում:
Բացի այդ, փաստաթուղթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արևմտյան ԶԼՄ-ները միտված են ավելացնել «Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության նկատմամբ կանխակալ վերաբերմունք պարունակող նյութերի ծավալները»: Արդյունքում ավելանում է տեղեկատվության ազդեցությունը Ռուսաստանի բնակչության, հատկապես երիտասարդության վրա, ինչը «նպատակ ունի սրբել-տանել ռուսական ավանդական հոգևոր-բարոյական արժեքները»:
«Այս պահին համացանցի կայուն և անվտանգ գործունությունն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսների բաշխումը երկրների միջև թույլ չի տալիս կառավարել դրանք արդար, վստահության հիմքի վրա»,- ասվում է դոկտրինում:
Երկրի պաշտպանության ոլորտում տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնական ուղղություններից մեկը նշվում է, մասնավորապես, «ռազմական հակամարտությունների ռազմավարական զսպումը և կանխումը, որոնք կարող են առաջանալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ