Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Նախագահը տարածքների վերադարձի մասին չի խոսել»

Դեկտեմբեր 06,2016 13:26

Դեկտեմբերի 6-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա անդրադարձավ Ալիևի վերջին հայտարարությանը, ինչպես նաեւ սահմանային լարվածությանը:

«Անհասկանալի պատճառներով Ալիեւն անում է հայտարարություններ, որոնք ապացուցում են մի պարզ ճշմարտություն՝ Ադրբեջանի հռետորաբանությունը քաղաքակիրթ չի դառնում, այլ ավելի կոպտանում է…Մի բան պարզ է՝ Ադրբեջանի իշխանությունները գտնվում են ցայտնոտային իրավիճակում, քանի որ հասկանում են, որ այն, ինչ նախապատրաստել էին ապրիլին, ձախողվեց: Միջնորդների միջոցով իրենց Նովրուզի նախաշեմին խնդրել էին, որ հայկական կողմից գործողություններ չլինեն, մինչդեռ իրենք գնացին ուխտադրուժ գործողությունների: Բայց նաեւ հասկացան, որ ռազմական ճանապարհով անհնար է որեւէ հարց լուծել, քանի որ հանդիպեցին հայկական ուժերի լուրջ դիմադրությանը: Ադրբեջանը հասկանում է, որ նման կերպ որեւէ հաջողություն չի կարող արձանագրել»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Վկայակոչելով Արցախի նախագահի, վարչապետի, անվտանգության խորհրդի քարտուղարի տարբեր հայտարարությունները, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը փաստեց, որ Թալիշը վերաբնակեցվում է, իսկ այն տարածքները, որ անցել էին Ադրբեջանի վերահսկողության ներքո, նրա համոզմամբ, վաղ թե ուշ կանցնեն հայկական կողմի վերահսկողության տակ:

Բանախոսի ձեւակերպմամբ, Ադրբեջանը սպառել է բոլոր ռեսուրսները եւ ներկայումս գնում է սեփական ժողովրդին խաբելու եւ ստի ճանապարհով:

Գառնիկ Իսագուլյանը հավելեց, որ հայկական կողմը միշտ էլ մասնակցում է նախագահների ու արտգործնախարարների ձեւաչափով հանդիպումներին ու բանակցություններին, ինչը երբեմն քաղտեխնոլոգների կողմից մեկնաբանվում է որպես թուլության նշան, մինչդեռ, նրա խոսքով, դա թյուր տպավորություն է:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն ասում է, որ միշտ էլ շեշտվել է, որ խնդիրը կարող է լուծվել միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից հետո, եւ միայն դրանից հետո կարող է խոսք գնալ տարածքների մասին: «Նախագահի կողմից երբեւէ խոսք չի եղել տարածքների զիջման մասին…Իմիջիայլոց, ես վերջերս եղել եմ Լեռնային Ղարաբաղում եւ տեսել եմ, թե ապրիլյան շրջանի հետ համեմատած ինչ լուրջ աշխատանքներ են կատարվել տեխնիկայի վերազինման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման եւ այլնի առումով: Համարյա ամեն շաբաթ ԼՂՀ նախագահն այցելում է սահմանամերձ շրջաններ, որտեղ բացվում են նոր տներ, մանկապարտեզներ եւ դպրոցներ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031