Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ մեկնարկեց «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» եռօրյա լրագրողական կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցելու են աշխարհի 10 երկրներից 16 մասնագետներ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը կոնֆերանսի ընթացքում հետաքննական լրագրությունը անվանեց լրագրության շախմատային թագուհի. «Նա պահում եւ պաշտպանում է լրագրությունը եւ հիմնական գործառույթներն է կատարում: Ասում է, թե ինչ է բացահայտում եւ ինչի համար է այն իրականում պետք լրագրությանը: Եվ երեւի թե առանց այդ ոլորտի բավականին թույլ կլինի ընդհանրապես մեդիան»:
Լրագրողների հետ զրույցում Նունե Սարգսյանը ընդգծեց, որ «Թվապատում» ձեւաչափի նպատակն է կապ պահպանել աշխարհի հետ լրագրության զարգացման դաշտում. «Որովհետեւ իմ կարծիքով՝ մենք միեւնույնն է հետ ենք մնում՝ լինելով մեր էությամբ առաջատար եւ ուզենալով իսկապես օգտագործել տարբեր նոր հնարքներ, նոր հնարավորություններ, նոր գործիքներ, մենք այդքան հնարավորություն չունենք: Եվ լինելով աշխարհին ինտեգրված՝ մենք միաժամանակ շատ հաճախ անջատված ենք այդ ամեն ինչից: Եվ այս ձեւաչափերը փորձ են, որ մենք կարողանանք այդ կապը պահել, այդ համագործակցությունը պահել, որովհետեւ ի վերջո մենք այդ մեծ լրագրողական մասնագիտության ցանցի մասն ենք»:
Կարդացեք նաև
Նունե Սարգսյանը նկատեց, որ 2016 թվականի ընթացքում շատ խնդիրներ են եղել, որոնք ազդել են լրագրության եւ լրագրողների վրա. «Ես չեմ կարծում, որ պատվով դուրս եկանք, քանի որ մենք ունեցանք նաեւ մասնագիտական բավականին շատ կորուստներ՝ գաղափարների, մասնագիտական որակների, էթիկական նորմերի հետ կապված: Լրագրություն անկախության այս 25 տարիներին, այնուամենայնիվ, բարձրացել է, զարգացել է շնորհիվ այն մարդկանց, որոնք այդ մասնագիտության նկատմամբ ունեն որոշակի հստակ վերաբերմունք եւ հարգում են իրենց մասնագիտությունը եւ գործում են մասնագիտության դասական օրենքների շրջանակում: Եվ ես կարծում եմ, որ դրա շնորհիվ էլ մենք պետք է շարունակենք որպես հիմք փորձենք վրան կառուցել: Այդ շենքը միշտ քանդվում է, բայց այդ շենքի պատերը, հիմքը միշտ պետք է պահել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ