Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում շաբաթ օրը կայացավ «ՀԲԸՄզրույցներ» վարչապետ Կարեն Կարապետյանի հետ» խորագրով միջոցառումը։ Ստորեւ ներկայացնում ենք այն կարևոր հայտարարությունները, որ հնչեցին վերոնշյալ միջոցառման ժամանակ։
1. Խոսելով նոր կառավարության քաղաքականության, մասնավորապես Հարկային նոր օրենսգրքի շուրջ առաջացած դժգոհությունների մասին, Կարապետյանն ասաց, թե ճշմարտություն կա այն տեսակետի մեջ, որ կառավարությունը ստվերին համապատասխան վերաբերմունք ցույց չի տալիս. «Ասում են՝ սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրացնում եք, ստվերին որեւիցե վերաբերմունք ցույց չեք տալիս, եւ դրա մեջ որոշակի ճշմարտություն գուցեեւ լինի։ Բայց մենք մի բան հասկանում ենք ակնհայտ, եթե մենք ստվերի դեմ չպայքարենք, եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ուղղակի ապագա չունենք»։
Այսինքն, սույնով Կարապետյանն ասում է, որ առայժմ ստվերի դեմ լուրջ քայլեր հնարավոր չէ անել։
2. Խոսելով երկրում կոռուպցիան արմատախիլ անելու մասին, նա ասաց. «Հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելով կոռուպցիան չի վերանա։ Կոռուպցիան վերանալու համար պետք է միջավայրը փոխենք։ Երբ կոռուպցիայի համար միջավայրը դառնում է դժվար, ապա դա լավագույն պայքարն է կոռուպցիայի դեմ»։
Պարզ եւ իմաստուն խոսքեր։ Բայց այ, ինչպե՞ս կոռուպցիայի համար միջավայրը բարդացնել, ինչպե՞ս արդար եւ մրցունակ դաշտ ստեղծել, երբ ստվերն անձեռնմխելի է, մի քիչ դժվար է պատկերացնել։
Կարդացեք նաև
3. Արտագաղթի աճող տեմպերը կասեցնելու ճանապարհների մասին Կարապետյանի պատասխանը նույնպես լակոնիկ եւ իմաստուն էր. «Փորձելու ենք կյանքը Հայաստանում լավացնել, որպեսզի արտագաղթ չլինի։ Ինչպես պայքարել արտագաղթի դե՞մ։ Պետք է այնպես անել, որպեսզի արտագաղթելու ցանկություն չլինի ընդամենը»։
Ամեն ինչ, իհարկե, ճիշտ է, կառավարություններն ու վարչապետներն էլ հենց նրա համար են, որ երկրում կյանքը լավացնեն այնպես, որ քաղաքացիները հեռանալու ցանկություն չունենան։ Թեեւ մենք հակառակն էլ ենք տեսել, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր. «Ի՞նչ անենք, թողնենք կրիտիկական զանգվածը մնա Հայաստանում և հեղափոխություն անի»։ Դա սակայն, արդեն անցյալում է, որին, հուսով ենք, չենք վերադառնա։
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում