Իսրայելի Էլիաթ քաղաքում մեկնարկել են ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունները:
Հայաստանն այդ մրցաշարերում ներկայացված է 13 մասնակցով, որոնք տարիքային խմբերում բաշխված են գրեթե հավասարաչափ. 20 տարեկաններ՝ 5 տղա եւ 2 աղջնակ, 23 տարեկաններ՝ 5 տղա եւ 1 աղջիկ:
Մեկնելուց առաջ մեր տղաները ուսումնամարզական հավաք են անցկացրել Աբովյան քաղաքում, իսկ աղջիկները մարզվել են տեղերում, յուրաքանչյուրն իր անձնական մարզչի ղեկավարությամբ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որն ըստ էության նաեւ բոլոր հավաքականների համակարգողն է, թեեւ չի սիրում կանխագուշակություններով զբաղվել, սակայն վստահ է, որ Իսրայել մեկնածների մեջ շատերն ի վիճակի են պայքարել մրցանակային տեղերի համար ու, անշուշտ, նաեւ ոսկե մեդալների, քանի որ նրանք միջազգային մրցաշարերի անհրաժեշտ փորձ ունեն եւ իրենց լավագույն կողմերով են դրսեւորել դրանցում:
Էլիաթում մրցահարթակ մտնելու են: 20 տարեկան տղաներ. 62 կգ՝ Դավիթ Գասպարյան, 77 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան, 85 կգ՝ Հակոբ Մկրտչյան, 94 կգ՝ Սամվել Գասպարյան եւ +105 կգ՝ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյան, աղջնակներ. 75 կգ՝ Սոնա Պողոսյան, +75 կգ՝ Արփինե Դալալյան:
23 տարեկանների թիմում են: Տղաներ. 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 62 կգ՝ Գեւորգ Բաղդասարյան, 77 կգ՝ Ռազմիկ Օլթեցյան, 94 կգ՝ Գարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Մկրտիչ Մկրտչյան, աղջիկներ. 58 կգ՝ Իզաբելա Յայլյան:
Մեր ծանրորդներից երկուսն արդեն մտել են պայքարի մեջ: Նրանց արդյունքները համեստ են: Մասնավորապես, 20 տարեկանների պայքարում 62 կգ քաշային Դավիթ Գասպարյանը երկամարտի 240 կգ-ով եզրափակել է ուժեղագույնների տասնյակը, իսկ 23 տարեկանների մրցակցությունում Սմբատ Մարգարյանը (56 կգ քաշային կարգ) երկամարտում արձանագրել է 226 կիլոգրամ՝ հանգրվանելով վեցերորդ հորիզոնականում: Բայց Սմբատը, այնուամենայնիվ, կարողացել է հրում վարժությունում 130 կիլոգրամով նվաճել փոքր բրոնզե մեդալ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
06.12.2016