Հայաստանի «եվրասիականացման» անհաջող գործընթացն անհաջող է ոչ միայն իր տնտեսական, քաղաքական եւ արտաքին քաղաքական առումներով: Այն ուղեկցվում է նաեւ որոշ շրջանակների ցանկությամբ՝ վերածել երկիրը տափաստանային հորդայի՝ որպես հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպման յուրովի մի ձեւի:
Երբ մի կուսակցություն, թեկուզ սուպերկուսակցություն, բիզնեսի եւ պետական ապարատի հետ սերտաճած կուսակցություն, բայց կուսակցություն՝ համագումար է անցկացնում կամ համաժողով, խորհրդակցություն, հավաք՝ դա կուսակցության գործունեության անհրաժեշտ ձեւերից մեկն է: Իսկ ուրիշ ինչպե՞ս պետք է այն գործի: Երբ մի այլ կուսակցություն, որի առաջնորդը ժամանակին ինչ-ինչ հանգամանքների բերումով հրաժարական է տվել, իսկ հիմա այդ կուսակցության վարչությունը եւ որոշ անդամներ նպատակահարմար են գտնում, որ այդ նախկին առաջնորդը վերադառնա եւ շարունակի գլխավորել կուսակցությունն առաջիկա ընտրությունների նախաշեմին, դա եւս կարող է տեղի ունենալ ցանկացած կուսակցության պարագայում: Դա նորմա է՝ մինչեւ այն կարմիր գիծը, որտեղից արդեն սկսվում է անոմալիան եւ պաթոլոգիան՝ քաղաքական կռապաշտությունը:
Երբ կուսակցության համագումարն ավարտված է, եւ մամուլը մեկնաբանություններ է խնդրում կուսակցական վերնախավից, եւ հարցերի բովանդակային մասը թողած` սկսում են իրենց առաջնորդին ներկայացնել որպես դարաշրջանի տիտան, որի ճառը «խրատ է ամեն հայի համար», «պատվիրան» եւ այլն, ապա սահմանափակվել` ասելով, որ սույն գործիչը 1700 տարվա քրիստոնյա երկրում ծնվելով եւ ապրելով` կոպտորեն պատվիրան է խախտում, բավականաչափ համոզիչ չէ: Նրանք «Հայ մերը» չգիտեն՝ կա՛մ չեն կարդացել, կա՛մ կարդացել եւ անգիր են արել, եւ անգիր ասում են կուսակցական հավաքները բացելիս, բայց իմաստն էլ չեն հասկացել: Նույն բանը ոչ պակաս հաջողությամբ կաներ այդ կուսակցության գրասենյակում վանդակի մեջ դրված թութակը, ոչ մի տարբերություն: Նրանք եկեղեցի են գնում, մոմ են վառում, մոմով կանգնում եւ մոմակալից չեն տարբերվում, քանզի չեն հասկացել, թե ինչո՞ւ են գնացել:
Երբ մի այլ կուսակցության նախկին առաջնորդին քաղաքականություն «բերման ենթարկելու» պրոցեդուրան համոզիչ դարձնելու համար մարդկանց «խնդրանք-ցույցի» են հանում, այստեղ եւս պատվիրան վկայակոչելը բավականաչափ համոզիչ չէ:
Իսկ համոզիչ չէ, քանզի, լավագույն դեպքում, պատմական մատերիալիզմ-գիտական կոմունիզմով աշխարհի մասին պատկերացումներ ձեւավորած, ռուսերենը վատ սովորած, դրանից բարդույթավորված, իսկ վատագույն դեպքում՝ «քաղաքականության համար խելք պետք չէ» (իսկ դրա ներքին իմաստն է՝ «փող ունես՝ խելք պետք չէ») պոստուլատով առաջնորդվող «վերնախավի» համար արդեն ուշ է ինչ-որ նոր բան սովորելը կամ սովորելն ընդհանրապես:
Կարդացեք նաև
Նյութապաշտ «վերնախավին» միայն նյութական փաստարկները կարող են ինչ-որ բան հուշել: Այսօրվա առաջնորդները, փա՜ռք Աստծո, ոչ Ստալին են, ոչ Իվան Ահեղ, ոչ հավակնում են դրան եւ ոչ էլ կարող են դառնալ այդպիսին, եթե հանկարծ ցանկանան: Ուղղակի պետք է լավ հիշել, որ քծնանքը ոչ ոքի չփրկեց, երբ մաքրազտումներ էին սանձազերծվում Ստալինի օրոք: Իսկ մենաստանից Իվան Ահեղին գահ վերադառնալու խնդրանքով նրան այցելածներին առաջինը հանեցին ցցերի վրա եւ այդ ցցերով շրջապատեցին Կարմիր հրապարակը… Ստալինը վախճանվեց սեփական արտաթորանքի մեջ վայր ընկած, իսկ Իվան Ահեղը՝ բազմաթիվ խոցերով պատված…
Հայաստանում եւ հայերն՝ ընդհանրապես «նաչալնիկ» չեն սիրում: Օտար բռնապետական կայսրությունների տիրապետությունը սովորեցրել է հարմարվել, քծնել, գոյատեւել, բայց միեւնույն է՝ «նաչալնիկ» չենք սիրում եւ վե՛րջ: Եվ ամենամեծ հիմարությունն այն է, երբ դեմքին խելոք արտահայտություն «հագցնելով»՝ փորձում ես հասարակությանն անձի նոր պաշտամունք փաթաթել ու մտքովդ չի անցնում, որ, մեղմ ասած, քեզ դրանից հետո պարզապես չեն հարգի:
Իսկ ընտրություններին ընդառաջ նպատակահարմար կլինի, թեկուզ փիառի առումով, ընդհանրապես լռել, այլ ոչ թե մամուլով սեփական հիմարությունը տիրաժավորել: Նաեւ ազատ ժամանակ կունենան, որ «Հայր մերը» կարդան: Ուղղակի Հայաստանը չի՛ հանդուրժելու կռապաշտ քաղաքականությունը եւ քաղաքական կռապաշտությունը: Առանձին զեղումները հնարավոր են, քանզի մարդիկ եղել են եւ կլինեն անկատար, բայց միեւնույն է՝ կուռքերը շո՛ւռ են տալու: Լենինի եւ Ստալինի արձանները հիշեք, Բրեժնեւի մասին խոհանոցների անեկդոտները հիշեք, Սովետաշենի աղբանոց ուղեւորվող Ձերժինսկու եւ Լենինի արձաններով-նկարներով բեռնված մեքենաները հիշեք… հիշե՛ք:
Պաշտոնական մամլո հաղորդագրություններում բազմիցս ենք կարդացել, որ Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է եվրոպական արժեքներով: Սա՞ է եվրոպական արժեքը: Ո՛չ, սա տափաստանային հորդայի արժեքներ են, որտեղ կա խան՝ իր հարեմով, ներքինիներով եւ քիսաչիներով, հովհարով ճանճ քշողներով, պատգարակով խանին տանող-բերողներով, խանին, որը պետք է կառավարի ցմահ, իսկ մեռնելուց հետո հավակնորդներն իրար փոր թափեն: Եվ դարվինիզմի օրենքներով իշխանության գա նոր խանը՝ ամենանենգը, հետեւաբար՝ «ամենաուժեղը», եւ այդպես շարունակ:
Եթե ոմանք իրենց հոգեկան կոմֆորտը գտնում են այդպիսի հենքի վրա, դա դեռ չի՛ նշանակում, որ իրենց թույլ կտրվի: 21-րդ դար է, հավակնոտ երիտասարդություն, եւ այդ բորբոսը թաց շորով են մաքրելու երկրի երեսից, վստա՛հ եղեք:
«Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։ Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։ Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ։ Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում։»: Ելք, 20:2-7:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
06.12.2016