Թեքեյան Կենտրոնում բացվել է ՀՀ եւ ԼՂՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախի` անկախության սերնդի յոթ նկարիչների` Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի, եւ երկու քանդակագործների` Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի, թվով վաթսուն աշխատանքներ: Ներկայացված ցուցանմուշները հեղինակների ազատության եւ անկախության գաղափարների արտացոլումն են:
Ձեռնարկը, որն իրականացվել է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, բարեգործական է. ցուցանմուշների վաճառքից գոյացած ողջ հասույթը հատկացվելու է երիտասարդ ստեղծագործողներին եւ Շուշիի կերպարվեստի թանգարանին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ցուցահանդեսի մասնակիցներից, արվեստագետներ եւ արվեստասերներ:
Միջոցառմանը հեղինակներին շնորհավորեց եւ ողջույնի խոսք ասաց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Նա նշեց նաեւ, որ հիմնադրամը կարեւորում է Արցախի մշակութային կենտրոնների հետ համագործակցությունը եւ սա արդեն երրորդ միջոցառումն է այս տարի. առաջին երկուսը եղել են Շուշիում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներ, սա էլ արցախցի արվեստագետների պատասխան այցն է Երեւան:
Արցախցի տաղանդաշատ երիտասարդներին ջերմ շնորհավորանքներ էր Լոնդոնից հղել եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը եւ հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը կլինի շարունակական, կյանքի կոչելով մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ:
Փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ողջունելով նմանօրինակ ձեռնարկի կազմակերպումը, մասնավորապես նշեց. «Արցախի արվեստագետների ներկայացումը մեր իրականության մեջ բաց տեղ ունի. շատ դեպքերում հայաստանյան մշակույթն է ներկայացվում Արցախում, մինչդեռ հակառակը տեսնելու կարիքն ունենք: Այս միջոցառումն այդ իմաստով շատ կարեւոր է, եւ բացի այդ, ընտրված խորագիրը հստակ ընդգծում է ստեղծագործողների տեսակը` որպես անկախության սերնդի, եւ բնորոշում «ազատություն» գաղափարը երկու իմաստով` նախ ժողովրդի ու երկրի, երկրորդ` ստեղծագործական մտքի, քանզի արվեստում ազատությունն անփոխարինելի է:»
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, շնորհավորելով հեղինակներին եւ միջոցառման կազմակերպիչներին, կարեւորեց համագործակցությունը Արցախի հետ եւ նշեց, որ քաղաքապետարանն իր հերթին մի շարք ծրագրեր է իրականացնում ԼՂՀ տարբեր վարչական շրջանների հետ` սերտացնելու մշակութային կապերը եւ ժամանակակից արվեստագետների համար համագործակցության հնարավորություններ ստեղծելու նպատակով:
Ինչպես «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն արվեստաբան Լուսինե Գասպարյանը նշեց, ցուցահանդեսը յուրօրինակ խորհուրդ ունի, քանզի մասնակիցներն այն արվեստագետներն են, ում անհոգ մանկությունն ու խաղը խափանվել են ռմբակոծությամբ, ովքեր պատերազմ են ապրել եւ հիմա յուրովի են նայում կյանքին: Սակայն չեն ընկճվել, հակառակը` կյանքն ավելի պայծառ գույներով են տեսնում. նրանց ստեղծագործությունները լցված են լույսով, հույսով ու հավատով:
«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը:
Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ