«Հայկը չբռնացրեց, Գեւորգ, ոնց ես ջուրը լցնում, որպեսզի հետո խոսեր, թե ինչ բարքեր են կառավարությունում»,- դեկտեմբերի 5-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կեսկատակ այսպես արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ նկատեց, թե ինչպես է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբանը լուսանկարում իր բաժակի մեջ ջուր լցնելը: «Չհասցրիր: Ուշացար: Ուշադիր եղիր»,- շարունակում էր խոսքերով իբր կսմթել լրագրողին: Ու ստանալուց հետո հավաստիացումը, թե լավ էլ հասցրել է՝ ծիծաղելով դիմեց ջուրը լցնող աշխատակցին. «Գեւորգ, տեսնում ես, խայտառակ ես անում»:
Ընդհանուր առմամբ, հանդիպումը շատ աշխույժ եւ անկեղծ մթնոլորտում էր անցնում, եղան անգամ բավական սուր վիճաբանություններ: Ու բազմաթիվ էին լրագրողների եւ վարչապետի միջեւ բառային կեսկատակ «փոխհրաձգությունները»: Մի քանի օրինակներ մեջբերենք:
«Դուք հենց ագրեսիվ հարց են տալիս՝ զարթնում եք»,- ասաց վարչապետը NewsBook-ի խմբագրին: Ավելի վաղ նրանց միջեւ տեղի էր ունեցել հետեւյալ երկխոսությունը: «Գործարարը Շվեդիայում եւ Հայաստանում նույն բանը պետք է անի, իսկ այ Շվեդիայի վարչապետի եւ Հայաստանի վարչապետի մոտեցումներն այդ գործարարին նո՞ւյնը պետք է լինեն, թե ոչ»,- հարցրեց NewsBook-ի խմբագիրը: «Ինչո՞վ է տարբերվում Հայաստանի վարչապետի մոտեցումը Շվեդիայից, բացատրեք, ես գուցե ուղղվեմ»,- արձագանքեց պրն Կարապետյանը: «Անկեղծ որ ասեմ՝ ոչ ձեր, ոչ Շվեդիայի վարչապետի մոտեցումներին դեռ հստակ ծանոթ չեմ»,- ասաց խմբագիրը: «Դե բա այդ դեպքում հարցն ինչի՞ եք տալիս,- ծիծաղեց վարչապետը:- Ասեք, Շվեդիայի վարչապետն ինչ է անում՝ ես փորձեմ նմանվել»:
«Արարատ» հեռուստաընկերության տնօրենը հարցն այսպես սկսեց. «Ես մի փոքր գլոբալ հարց ունեմ»: «Մնացածը մանր մո՞ւնր էին»,- անմիջապես արձագանքեց Կարեն Կարապետյանը:
Կարդացեք նաև
«Я не устал работать, я говорить устал»,- երկար ու իրար հաջորդող հարցերից հետո ասաց «Արմինֆո» գործակալության տնօրենը: «А по тебе не видно»,- հակադարձեց վարչապետը:
Սա միակ դեպքն էր, որ արձագանքեց ռուսերեն: Եվ «Գոլոս Արմենիի» գլխավոր խմբագրի ռուսերեն տված հարցերին էլի հայերեն պատասխանեց: «Հայերեն պատասխանեմ, որ չասեն՝ Պուտինն է ուղարկել, «Գազպրոմն» է նշանակել…»,- պատճառաբանեց Կարեն Կարապետյանը:
«Հայելու առաջ» հաղորդաշարի հեղինակի հարցին ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ անձնական հանդիպումներ է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն չի քննարկել քաղաքականություն նրա վերադարձի հարցը: «Ի՞նչ հարցեր եք քննարկում,- հետաքրքրվեց «ՀԺ»-ի տնտեսական մեկնաբանը:- Ամենախոշոր գազալցակայանները ոնց որ թե նրանն են, այդ հարցերը կա՞ն»: «Հայկ, քեզ ո՞նց է թվում՝ ես որ մարդկանց հետ հանդիպում եմ, անպայման պիտի գազի՞ց խոսեմ»: «Դե, տասնհինգ տարի դրանից եք խոսել»,- պատասխանեց Հայկ Գեւորգյանը: «Դե, հոգնել եմ, այ մարդ,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:- Դրանից խոսելուց հոգ-նել եմ»:
Հետաքրքրվեցին, թե Ծառուկյանից բացի՝ Պուտինի հետ հանդիպե՞լ է: «Ռեգուլյար»,- նետեց Կարեն Կարապետյանը: Հետո ճշտեց. «Ոչ, իհարկե»:
Համանման պատասխան տվեց նաեւ այն ժամանակ, երբ հարցնում էին, թե ինչն իրեն զարմացրեց այս պաշտոնավարման ընթացքում: Բացասական պատասխան տվեց, թե իրեն կարող էին զարմացրած լինել ծույլ պաշտոնյաները: «Մինչ այդ հանդիպե՞լ էիք»,- ճշտմանն արձագանքեց. «Ռեգուլյար»:
ՀՀԿ-ին անդամագրվելու կապակցությամբ երբ «Առավոտը» հընթացս նկատեց, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը միայն չորս տարի հետո դարձավ ՀՀԿ անդամ, Կարեն Կարապետյանն, առանց չակերտները բացելու, պատասխանեց. «Տիգրան Սարգսյանը մի քիչ այլ միջավայրում էր, կարող էր իրեն այդ շքեղությունը թույլ տալ»:
Ի դեպ, անսպասելի անկեղծ էր նաեւ նրա հետեւյալ արձագանքը: «Հանրապետականին անդամակցելուց հետո Ձեր վարկանիշը, Ձեր կարծիքով, անկո՞ւմ է ապրելու, թե՞ ոչ»: «Կարծում եմ, այո»: Բայց դժվարացավ ենթադրել, թե որքան կլինի այդ անկումը. «Հաջորդ հարցմանը կստուգենք»:
Սակայն ամենաբուռն արձագանքի տեղիք տվեց վարչապետի հետեւյալ խոստովանությունը. Նա խոսելով այն մասին, թե իր օգնականներից ոմանք աշխատում են հասարակական հիմունքներով՝ հավելեց, թե ավելի շատ են իր խորհրդականները. «Հայերի մեջ էնքան խորհրդական ունեմ… ինձ որտեղ բռնում՝ խորհուրդ են տալիս»: