Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ նախագահի հետ տնտեսական տարբեր պատկերացումների մասին. «Կարող են լինել հարցեր, որ մենք տարբեր ձեւով նայենք, եւ դա նորմալ է»

Դեկտեմբեր 05,2016 23:25

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հանդիպման ընթացքում «Առավոտը» հարց ուղղեց, թե արդյոք տնտեսության վիճակի վերաբերյալ տարբե՞ր են իր եւ ՀՀ նախագահի պատկերացումները:

Հիշեցնենք, որ վարչապետ նշանակումից հետո՝ սեպտեմբերին Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «Բաց, ազնիվ ասում եմ, ռեալ մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»:

Մինչդեռ նոյեմբերին ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Հայաստանի տնտեսության, այսպես ասած, «իմունիտետը» շատ է փոխվել այս տարիների ընթացքում։ Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով, կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ալիքները և չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց, հասնեն ընտանիքներ։ Հենց այդ՝ անընդհատ ավելացող ամրության պաշարն է նաև, որ մեզ թույլ տվեց առաջանցիկ աճ ապահովել։ Մասնավորապես, 2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ, մինչդեռ նույն ԱՄՀ տվյալներով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8.9 տոկոս աճ (ընդ որում՝ Արևմտյան Եվրոպայում՝ 5.7 տոկոս աճ, Արևելյան Եվրոպայում՝ 17.2 տոկոս աճ), իսկ ԱՊՀ-ում՝ 22.4 տոկոս աճ։ Հայաստանը վերջին 9 տարիներին շարունակել է զարգանալ` միաժամանակ դիմագրավելով այնպիսի տնտեսական ցնցումների, որոնք երբեմն համեմատվում են նախորդ դարի երեսնականների մեծ դեպրեսիայի հետ»:

Վարչապետն այսպես արձագանքեց մեր հարցադրմանը. «Նախագահի հետ այսօր մեր աշխատանքը կառուցվում է հետեւյալ կերպ, որ տնտեսական բլոկում մեր այսօրվա թիմն ունի ազատության աստիճան՝ որոշում կայացնելու: Տնտեսական առումով մեր պատկերացումները տարբեր են, մակրո առումով՝ չէ: Կարող են լինել հարցեր, որ մենք տարբեր ձեւով նայենք, եւ դա նորմալ է, տրամաբանական է: Նույն մեր թիմի մեջ՝ ես մի ձեւ կարող եմ նայել, մեկ այլ նախարար մեկ ուրիշ ձեւ, ու դրա շուրջ բանակցենք»:

«Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն այսօր հրապարակած հաղորդագրությունում դժգոհել էր, թե վարչապետին ուղղված բաց նամակում առաջարկել էր ծառայողական ավտոմեքենաների մեծ մասը վերադարձնել պետությանը ու չէր ստացել ոչ մի պատասխան: Նամակն անպատասխան թողնելու պնդումը հիշատակելով՝ «Առավոտը» հիշեցրեց նաեւ դժգոհությունները, որ վարչապետ նշանակվելիս էլ չէր հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների հետ: Հարցին, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերին անտեսելը դառնալո՞ւ է գործելակերպ՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես նման հատուկ խնդիր էլ չէի դրել: Երբ որ կառավարության ծրագիրը ներկայացվում էր, ու ասացին՝ դուք ինչի՞ չեք հանդիպել… Ես ինչքան գիտեմ՝ նման պարտադիր պայման չկար: Ավելին՝ մտքովս չէր էլ անցնում, որ պետք է հանդիպեմ: Ոչ թե այն պատճառով, որ դա ավելորդ է՝ ուղղակի այսպես արարողակարգային կամ ռեգուլյատիվ չէի մտածում այդ մասին: Բայց ես ծրագիրը գրելու ժամանակ բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ եմ հանդիպել: Ես հանդիպել եմ՝ ինձ ներառած, տասը վարչապետների հետ, որոնց հետ քննարկել եմ ծրագրերը եւ այլն: Այսինքն՝ նման խնդիր չկար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031