Բնապահպաններ Ինգա Զարաֆյանն ու Արթուր Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում տալուց հետո վարույթ իրականացնող մարմնին արդեն բացատրություններ են տվել օրեր առաջ Ֆեյսբուքում անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» էջի միջոցով, «Իմացե՛ք ճշմարտությունը հասարակական կազմակերպությունների մասին» խորագրով տեսանյութի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ տեսանյութում նշվում է, թե իբր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը եւ «ԷկոԻրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը գումարներ են ստանում որոշ հանքարդյունաբերող ընկերություններից:
«Քննչական գործողություններ են ընթանում»,- ասաց Ինգա Զարաֆյանը: Մեր հարցին, թե կասկածներ ունե՞ք` ով է տեսանյութի հետեւում կանգնած, տիկին Զարաֆյանը չցանկացավ մանրամասնել. «Ես ու Արթուրը հասկացանք, որ մեր կասկածները պետք է ստուգվեն օրինական ճանապարհով, որովհետեւ մենք պրոֆեսիոնալներ չենք, որոշել ենք պրոֆեսիոնալների դիմել»:
Հիշեցնենք, որ ըստ տեսանյութի. «Կան փաստաթղթային ապացույցներ առ այն, որ («Էկոլուր») հասարակական կազմակերպությունը գումար էր ստանում որոշ հանքարդյունաբերական ընկերություններից կոռեկտ անդրադարձերի համար: Հաստատված է, որ «Էկոլուրը» տասնյակ միլիոններ է ստացել մի քանի տրանշների միջոցով, որոնցից ամենախոշորը կազմել է 81 միլիոն դրամ: Նման աշխատաոճի հեղինակն է «Էկոլուր» ՀԿ հիմնադիր, Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը…»:
Կարդացեք նաև
Բնապահպանները ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են դիմել` պահանջելով սուտ մատնության համար քրեական գործ հարուցել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ