Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին հաշված ժամեր են մնում, բայց նրա համար այս տարիքը ընդամենը թիվ է. «Տարիներն ուղղակի թռան: Ես այդ զգացողությունը չունեմ, որ 60-ից հետո պիտի հանգիստ կյանք վարեմ»:
Դեկտեմբերի 6-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Ռոստոմյանի 60 ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
Այս մասին տեղեկացանք դեկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որի մասնակիցներն էին Ստեփան Ռոստոմյանը, բրիտանացի դիրիժոր Դևիդ Դեվիսը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Դևիդ Դևիսը, որը Մեծ Բրիտանիայից Հայաստան է ժամանել հատուկ Ռոստոմյանի տարեդարձին մասնակցելու, նշում է. «Թեև դժվար է այսքան ճանապարհ անցնել, բայց մի րոպե չեմ ափսոսում, որ այստեղ եմ: Սպասում եմ, որ փորձեմ «տորթի ամենամեծ կտորը»՝ Երրորդ սիմֆոնիան»:
Երեկոն լայն մասսաների համար չէ: «Սա բարդ ինտելեկտուալ երաժշտություն է՝ իր աշխարհով և առանձնահատկություններով: Բոլորին հասանելի չէ: Մտնողներն էլ պիտի տրամադրվեն, նոր մտնեն այս աշխարհ: Պարզապես կողքով անցնելը այս դեպքում լուծում չէ»:
Ստեփան Ռոստոմյանը իրեն երջանիկ է համարում. «Բոլորի կյանքում չի պատահում, որ Բրիտանիայից գան, հասնեն տարեդարձիդ: Իսկ Էդուարդ Թոփչյանը իսկական նվեր է. ինձ համար: Կոմպոզիտորի հաջողությունները մեծ մասամբ կախված են դիրիժորից»:
Հոբելյանական երեկոն վարելու են Դևիդ Դեվիսը և Էդուարդ Թոփչյանը:
Համերգային ծրագրում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ Հասմիկ Սիրունյանի