Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կշարունակեք պաշտոնավարել, իսկ նախագահի պաշտոնավարման ավարտից հետո դուք պատրաստ եք այս պաշտոնը զիջել Սերժ Սարգսյանին, մանավանդ, որ նա չբացառեց, որ որպես վարչապետ կարող է պաշտոնավարել, լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի այս հարցին վարչապետը պատասխանեց.
«Իմ պատկերացմամբ, եթե ասեմ` երեք, չորս տարի անընդմեջ պաշտոնավարելու եմ, անմիջապես դուք կասեք, իսկ եթե դուք լավ չկառավարեք, չեմ եկել վեց ամիս աշխատելու, բայց միաժամանակ, եթե արդյունք ցույց տանք, մեր քաղաքացին, բանվորը, գյուղացին, գիտնականը հասկանան ու զգան, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, կփորձենք աշխատել երկարատեւ»:
Հարցին` Սերժ Սարգսյանի հետ նման հարց քննարկե՞լ եք, վարչապետը պատասխանեց` ոչ. «Նման հարց քննարկելը նույնը կլինի, թե ես հայտարարեմ, որ 4 տարուց պակաս չեմ կարող աշխատել, ներքին ցենզ պետք է ունենաս, որ հարցնես քանի տարի վարչապետ կարող եմ աշխատել, կոռեկտ չէ»:
Մեկ այլ հարցին, թե ընդունեցիք, որ բարեփոխումների ընթացքում համակարգը ցուցաբերելու է որոշակի հակազդեցություն, արդեն ունեք տպավորություն ու կարող եք ասել` այն հակազդեցությո՞ւնն էր, որը նախատեսում էիք եւ որտեղ է ամենից շատ զգացվել հակազդեցություն, պարոն Կարապետյանը պատասխանեց.
Կարդացեք նաև
«Չեմ կարծում, որ երբեւէ այնպիսի կրիտիկական կլինի, որ մենք կշեղվենք ուղուց: Ինձ թվում է բոլոր տեղերը նույն չափով է եղել հակազդեցությունը»:
Հաջորդ հարցին` ձեր թիմն ունի հաշվարկ 2017 թվականի համար, թե քանի միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ կլինեն եւ որքան աշխատատեղ կբացվի, վարչապետը պատասխանեց. «Հստակ հաշվարկ, թե ինչքան կլինեն ներդրումները, քանի աշխատատեղ կունենանք չունենք, բայց մեր պատկերացմամբ, եթե մեզ հնարավորություն տրվի երկարատեւ աշխատելու, ապա տարեկան ինչքան ներդրումներ են պետք, որ ՀՆԱ-ն երկու կամ երեք անգամ աճ տանք, եւ այն նպատակներին, որոնց պետք է ձգտենք, ձեւակերպել ենք»:
Վարչապետը նկատեց, որ նախընտրական շրջանը ռեալ խանգարում է տնտեսության ակտիվացմանը. «Բազմաթիվ մարդիկ, նույնիսկ տան գույքի գնումը հետաձգում են ապրիլի 6-ից հետո, բիզնեսմենները` նույն կերպ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ