Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պատասխանել նրանց հարցերին:
Aravot.am-ը նախ վարչապետին հիշեցրեց Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ իր հայտնած դիտարկումը, թե կառավարություն է հրավիրել այնպիսի անդամների, որոնք աչքը աջ ու ձախ չնետեն, ապա հարցրեց աչքը կշտանալու հատկություն ունի՞:
Վարչապետը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ ձեր աչքը կշտանալու հատկություն ունի՞: Աչքի կուշտ լինելու հատկությունը կախված չէ փողի քանակից, կաշիլյոկի հաստությունից, ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, որ եթե կուշտ բառը օգտագործելը ճիշտ է, ապա այդ առումով կուշտ են»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե կառավարության անդամների նշանակումները քննադատությունների տեղիք տվեց, մասնավորապես այն առումով, որ կառավարությունը համալրվեց մարդկանցով, որոնք ուղեկցում էին վարչապետին իր նախորդ աշխատանքում, այս առումով, նույնիսկ տեղիք տալով հումորների, թե կառավարությունը գազաֆիկացվեց, Կարեն Կարապետյանը նկատեց. «Ես թիմն ընտրելիս ընտրել եմ այն մարդկանց, որոնք պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման ու բիզնեսի լոբբինգ անելու համար: Եթե այդպես չլինի, առաջինը կնախատեմ ու դրա դեմը կառնեմ»:
Կարդացեք նաև
Հավելեց. «Թիմն ընտրելիս, ես ընտրում եմ այնպիսի մարդկանց, որոնք ինձ հետ ճանապարհ են անցել: Իսկ գազաֆիկացիայի մասին որ խոսում են՝ այդ քանակը շատ չէ: Բայց ո՞նց եք պատկերացնում իմ թիմն ընտրեմ: Թիմն ընտրելիս, գործընկերներիս ընտրելու ժամանակ ես շատ խնդիրներ եմ ունեցել, կան մարդիկ, որոնց որոշակի ավանսով եմ նշանակել, որովհետեւ այդ պահին ավելի լավ թեկնածու չեմ ունեցել: Ցավոք սրտի, պետք է ֆիքսենք, որ մեր կադրերի պահեստային հարթակը այնքան էլ մեծ չէ: Եթե ունեք լավ կադրեր, որոնց տեսնում եք ու կարող են որոշակի ոլորտներ կառավարել,միայն շնորհակալ կլինեմ, որ ինձ այդ տվյալները տաք, ու մենք ունենանք տվյալների այդ բազան, հետագայում նոր կադրերի տեղեր են առաջանալու, սիրով կքննարկեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ