Դեկտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Վահե Կարապետյան» կենտրոնում մասնակցեց ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բարերար, պոլիկնինիկայի հովանավոր Կլաուդիա Նազարյանի անունը կրող բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Պոլիկնինիկայի ստեղծումը նպատակ ունի բժշկական օգնություն ցուցաբերել սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին:
Միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վազգեն Յակուբյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը , ոլորտի մասնագետներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բարձր գնահատելով ՀԲԸՄ բազմաբնույթ գործունեությունը և կարևորելով նման բժշկական կենտրոնի գոյության անհրաժեշտությունը՝ նախարարը նշեց. «Շնորհակալություն եմ հայտնում Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը իր այն ծրագրերի համար, որ իրականացրել և իրականացնում է Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները լուծելու համար: ՀԲԸՄ հիմնադրման 110 ամյակի առիթով մի շարք կարևոր ձեռնարկներ կազմակերպվեցին Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Երևանում: Ցանկանում եմ շնորհավորել այսչափ կարևոր, հզոր համահայկական կառույցին, նրա ողջ անձնակազմին՝ 110 ամյա հոբելյանի առիթով՝ մաղթելով բազում 100 ամյակներ:
Կարդացեք նաև
Սիրիական հակամարտության առաջին օրերից բարեգործականը եղավ Հայոց պետության կողքին: Երբ պարոն Սեդրակյանին առաջարկվեց հովանի դառնալ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնին», նա առանց վարանելու բացեց բարեգործականի հայաստանյան գրասենյակի դռները կենտրոնի առջև:
Ամենագլխավորն այն է, որ այս կենտրոնը ՀԲԸՄ-ի հետ համատեղ 96 ծրագիր են իրականացրել, և բոլոր ծրագրերը հասել են իրենց նպատակին: Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործընթացում առանցքային տեղ է հատկացվում հատկապես առողջապահական ծրագրերին: Բժշկական կենտրոնն անվճար բուժօգնություն է ցուցաբերվելու սիրիահայերին, գործելու են ակնաբուժական, գինեկոլոգիական, սրտաբանական և մանկաբուժական բաժանմունքներ: Խորապես շնորհակալ եմ ողջ բժշկական անձնակազմին՝ իր անմնացորդ նվիրումի և ցուցաբերած հոգատարության համար: Ցանկանում եմ, որ այս բժշկական կենտրոնում իր գործունեությամբ, սպասարկման, տեխնիկական հագեցվածության առումով դառնա օրինակելի մեր Հանրապետությունում»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի առողջական խնդիրներին կամավոր հիմունքներով աջակցության ցուցաբերելու, հայրենիք-Սփյուռք գործակցությանը նպաստելու համար սիրիահայ մի շարք բժիշկների հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագրեր:
Ներկաներին ողջունեց նաև ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը՝ նշելով, որ ՀԲԸՄ –ն շարունակում է իր ավանդույթները և ձեռք է մեկնում կարիք ունեցող մեր հայրենակիցներին:
ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վազգեն Յակուբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ կենտրոնի բացմանը մասնակցելու համար և նշեց, որ ուրախալի և միաժամանակ տխուր փաստ է, որ դեռ նման կենտրոնի անհրաժեշտությունը կա և մեր պարտականությունն է աջակցել սիրիահայությանը, որտեղ էլ նրանք գտնվեն:
ՀՀ սփյուռքի նախարարություն