Դեկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ ինը քահանաների` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի առաջնորդությամբ:
Հովնան Սրբազանը, հայցելով Հայոց Հովվապետի օրհնությունը, տեղեկացրեց, որ եկեղեցականները, ավարտելով 40-օրյա պատրաստության շրջանը, դեկտեմբերի 4-ին իրենց անդրանիկ Ս. Պատարագն են մատուցել տարբեր եկեղեցիներում:
Գարեգին Բ Կաթողիկոսը, իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով քահանա հայրերին, շնորհավորեց նրանց և իր ուրախությունը հայտնեց երիտասարդ եկեղեցականների` հովվական ծառայության կոչվելու առիթով: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նրանք պետք է լրացնեն հոգևոր սպասավորների շարքերը և ամեն ջանք ի գործ դնեն բավարարելու հավատացյալների հոգևոր պահանջները:
Նորին Սրբությունը նորաօծների ուշադրությունը հրավիրեց նաև եկեղեցականի կերպարին` մասնավորապես նշելով, որ ժողովուրդը մեծ ակնկալություններ ունի հայ եկեղեցականից, նրան ընկալում է իբրև Աստծու կողմից առաքելության կոչված անձի և նրա մեջ ցանկանում է տեսնել վեհ, մաքուր, աստվածայինը իր մեջ կրող սպասավորի:
Կարդացեք նաև
Հայոց Հովվապետը հորդորեց նորաթուխ եկեղեցականներին արդարացնել Եկեղեցու և ժողովրդի սպասումները, չընկրկել դժվարությունների առջև և կոչման բարձր գիտակցությամբ ու նվիրումով զորացնել ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատը:
Ամենայն Հայոց Հայրապետը պատգամեց քահանաներին խոսքով, գործով ու կենցաղավարությամբ աստվածասեր, բարեպաշտ ու հայրենասեր անձի օրինակ լինել իրենց համայնքների համար և անսակարկ ծառայությամբ էլ ավելի բարձրացնել Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը օրհնեց նորաօծ քահանաներին և նրանց ընծայեց մասնատուփեր, ձեռաց խաչեր ու «Մաշտոց» ծիսարաններ: Առաջիկա օրերին քահանա հայրերը կմեկնեն իրենց հովվական ծառայության վայրերը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ