Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում պաշտոնյայի կնոջ պատճառով միանգամից 5 դատական վեճեր են ծագել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2016 17:53

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանն այսօր առավոտից իրիկուն զբաղված էր զրպարտելու ու վիրավորանք հասցնելու համար ներկայացված մի քանի հայցեր քննելով, ու թեև հայցվորները տարբեր էին, այդուհանդերձ բոլոր հայցերը փոխկապակցված էին։ Նշենք նաև, որ հայցերը հետընտրական են, արտացոլում են Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունների միջև ծագած վեճերը։

2

Այսօր նշանակված էին երեք նախնական դատական նիստեր, մի դեպքում «ԳԱԼԱ» կուսակցության նախագահ Վահան Խաչատրյանը իր պատիվն ու արժանապատվությունը արտացոլող տեղեկություններ տարածելու, զրպարտելու ու վիրավորանք հասցնելու համար Գյումրու քաղաքապետարանի այժմ արդեն նախկին պաշտոնյա Շիրակ Շահնազարյանից (վերջինս եղել է նաև Գյումրու ոստիկանապետ) պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, մյուս դեպքում Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Ալյանս» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արմեն Բադալյանն է պահանջում հրապարակայնորեն արտահայտած զրպարտության համար քաղաքացիական պատասխանատվության ենթարկել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող, «ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանին, երրորդ նիստում նույն պահանջը նույն անձի ներկայացնում է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, այն է՝ «հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակայնորեն արտահայտած զրպարտության համար վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով»:

1

Նշենք, որ դատավոր Բագրատ Մկրտչյանը որոշել է «Ալյանս» կուսակցության ու նրա տեղի ներկայացուցչի ներկայացրած երկու հայցերը միացնել ու գործը քննել մեկ վարույթում։ «ԳԱԼԱ»-ի ներկայացուցիչների փաստաբան Կարեն Թումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայցերը հինգն են ու բոլորը փոխկապակցված են։ Ըստ փաստաբանի, այս բոլոր հայցերի պատճառը եղել է Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյա Շիրակ Շահնազարյանի կնոջ մասին «ԳԱԼԱ»-ի հրապարակումը, որին հաջորդել է պաշտոնյայի արձագանքը, այնուհետ «ԳԱԼԱ» լրագրողը հետաքննություն է անցկացրել ՝ գտնելով նյութի աղբյուրը ու հնչեցրել է գնահատական կատարված իրադարձություններին։

Այսպես՝ «ԳԱԼԱ»-ն դեռ նախընտրական քարոզարշավը չսկսված ՝ իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր Գյումրու քաղաքապետարանի համատիրությունների մոնիտորինգի բաժնի նախկին պետ Շիրակ Շահնազարյանի կնոջը՝ գրելով, որ քաղաքապետարանի աշխատակիցները իրենց նամակ են հղել ու փաստել, թե տիկինը չորս տարի շարունակ Գյումրու քաղաքապետարանից աշխատավարձ է ստացել՝ ամիսը 80 հազար դրամ, սակայն այդ կառույցում նրան տեսնող չի եղել։

ԳԱԼԱ-ի այս հրապարակմանը հաջորդել էր Fact.am կայքում 29.08.2016 թվականին հրապարակված «Նախկին ոստիկանապետը բացահայտում է ԳԱԼԱ-ի թեկնածու Վահան Խաչատրյանի անցյալը» վերտառությամբ հոդվածը, որտեղ Շիրակ Շահնազարյանն ասել էր, թե «ԳԱԼԱ-ի տիրոջ ստորությունն ինձ համար նորություն չէ, հիմա շատ չեմ ուզում ծավալվել, ասեմ ընդամենը, որ ջահել ժամանակներից նա մեր հաճախորդն է եղել և հիմա վրեժ է լուծում այն ստորացումների համար, որ երևի կրել է, երբ գալիս էր իր ընկերների մասին բաներ պատմելու: Առայժմ այսքանը, եթե չի հասկանա, կասեմ ավելին»։

ԳԱԼԱ-ի լրագրող Արմենուհի Վարդանյանն էլ, իր հերթին նշելով, որ Fact.am-ը կայքը գրանցված է «Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքագետ Արմեն Բադալյանի անունով, գրել էր․ «Ակնհայտ է, որ «Ալյանս» կուսակցության առաջին համար Արմեն Բադալյանը ստանձնել է Գյումրիի քաղաքապետարանի, ավելի կոնկրետ Սամվել Բալասանյանի խոսնակի գործառույթը: Փաստ է, որ Գյումրիի քաղաքապետարանի կոռուպցիոն գործունեությանն առնչվող ԳԱԼԱ-ի հրապարակումներից հետո «Ալյանս»-ի առաջին համարն անհանգստության նշաններ ցույց տվեց՝ ստանձնելով նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանի եւ նրա ղեկավարի՝ Սամվել Բալասանյանի պաշտպանության գործը» :

Այսօր բոլոր դատական նիստերը հետաձգվեցին, ի դեպ, Շիրակ Շահնազարյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, նա մեկնել է Ղրիմ՝ իր հյուրանոցային բիզնեսով զբաղվելու համար։ Փաստաբան Կարեն Թումանյանն ասաց, որ ինքը քաղաքապետարանի պաշտոնյայի արտագաղթի մասին տեղեկատվությանը չի տիրապետում, և որ նա դատարան է ուղարկել իր ներկայացուցչին ու դատական գործընթացները բնականոն ընթացքով կշարունակվեն։ Այսօր Շիրակ Շահնազարյանի դեմ ներկայացված հայցի քննությունը հետաձգվեց։

Երկրորդ դատական նիստն էլ, որտեղ հայցվորը «Ալյանս» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արմեն Բադալյանն է, պատասխանողը՝ «ԳԱԼԱ»-ի լրագրող Արմենուհի Վարդանյանը, մի քանի րոպե տևեց։

Դատավոր Բագրատ Մկրտչյանի մոտ մի քանի հարցեր առաջացան, որոնք պիտի ուղղեր հենց հայցվորին, սակայն նա ներկա չէ։ Նիստը հետաձգեց՝ նշանակելով հունվարի 24–ին, ժամը 14․00-ին։

Դատավորը նշեց, որ հայցվոր Արմեն Բադալյանը հայցի մեջ մի քանի ընդգծված նշումներ է արել ու հայցից մի դրվագ ընթերցելով, այն է՝ «Ալյանս»-ի առաջին համարն անհանգստության նշաններ ցույց տվեց՝ ստանձնելով նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանի եւ նրա ղեկավարի՝ Սամվել Բալասանյանի պաշտպանության գործը», ասաց, որ իր համար էլ անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր բառն է զրպարտությունը, ամբողջությամբ հոդվա՞ծը, թե՞ հայցվորի կողմից ընդգծված բառակապակցությունը։

Փաստաբան Կարեն Թումանյանն էլ իր հերթին նշեց, որ լրագրողը դատողական գնահատականներ է հնչեցրել, որի համար եղել են 8 փաստական հանգամանքներ, ինքն այդ բոլորը կհրապարակի, թեև ԳԱԼԱ-ի պատասխանը ուղարկել է նաև հայցվոր կողմին։

Այսօրվա նախնական դատական նիստն ամբողջապես՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031