Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Դևիդ Բեքհեմը բարձրաձայնում է երեխաների նկատմամբ բռնությանը վերջ տալու հրատապ անհրաժեշտության մասին

Դեկտեմբեր 05,2016 17:44

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 2016 թ. դեկտեմբերի 5. Այսօր հանրությանը ներկայացվեց մի ազդեցիկ նոր ֆիլմ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Դևիդ Բեքհեմի մասնակցությամբ, որը պատմում է այն դաժան իրականության մասին, երբ ֆիզիկական և հոգեբանական բռնության դրսևորումները կարող են անջնջելի հետք թողել երեխայի ողջ կյանքում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստած՝ 60 վայրկյան տևողությամբ այս նոր ֆիլմի ընթացքում երեխաների նկատմամբ բռնության տեսարանները հայտնվում են որպես անիմացիոն դաջվածքներ Դևիդ Բեքհեմի մարմնի վրա։ Մինչ Բեքհեմի սեփական դաջվածքները նշաններ էին՝ ընտրված ներկայացնելու ուրախ կամ կարևոր հիշողություններ, միլիոնավոր երեխաներ կրում են նշաններ, որ իրենք չեն ընտրել. բռնության ու ճնշումների երկարատև սպիներ։ Ֆիլմում օգտագործված անիմացիաները պատկերում են բռնության չափազանց տարածված այն ձևերը, որոնց տղաներն ու աղջիկները դիմագրավում են այնպիսի տարածքներում, որտեղ նրանք ապահով պետք է լինեին. իրենց տներում, դպրոցներում, առցանց և սեփական համայնքներում։

Բեքհեմն ասաց. «Երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ստեղծեցի իմ «7» հիմնադրամը, հանձն առա անել այն ամենը, ինչ կարող եմ՝ աշխարհը երեխաների համար ավելի ապահով տեղ դարձնելու համար և պարտավորվեցի բարձրաձայնել այն խնդիրները, որ կործանարար ազդեցություն են ունենում նրանց կյանքի վրա։ Այդ խնդիրներից մեկը բռնությունն է։ Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ աշխարհում ինչ-որ տեղ երեխա է մահանում բռնությունից։ Իսկ միլիոնավոր այլ երեխաներ ֆիզիկական, էմոցիոնալ և սեռական բռնության վտանգի տակ են, որ կարող է ընդմիշտ ոչնչացնել նրանց մանկությունը։

Անցյալ տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին այցելեցի Կամբոջա, որտեղ հանդիպեցի ու լսեցի երեխաների, որ պատմում էին սարսափելի բռնությունների ենթարկվելու իրենց փորձի մասին։ Ես ցնցվել էի լսածիցս և տեսա, թե ինչպես բռնությունը կարող է խորը ու տևական սպիներ թողնել։ Ոչ մի երեխա պետք է ստիպված չլինի հանդուրժել սա։ Մինչդեռ աշխարհի բոլոր անկյուններում՝ իրենց տներում, դպրոցներում ու փողոցներում, երեխաները տառապում են նմանատիպ բռնությունից։ Ես հույս ունեմ, որ այս նոր նախագիծն ուշադրություն կգրավի այս հրատապ խնդրին ու կդրդի քայլեր ձեռնարկել։ Երեխաների նկատմամբ բռնությունը սխալ է, և միասին մենք պետք է վերջ դնենք դրան»։

Օգտագործելով «U-Report» հարթակը, որն ուղերձներ տարածելու գործիք է և երիտասարդներին թույլ է տալիս ահազանգել իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող խնդիրների մասին, Դևիդ Բեքհեմը երիտասարդությանը հրավիրեց պատասխանել երեխաների նկատմամբ բռնության մասին հարցերի։

Ավելի քան 190,000 «U-report» օգտագործողներ (U-reporters) 22 երկրներից արձագանքեցին։ Նրանց երկու երրորդն ասել է, որ իրենք անձամբ ենթարկվել են ֆիզիկական կամ բանավոր բռնության կամ գիտեն այդպիսի մեկին։ Այն հարցին, թե իրենց կարծիքով ո՛վ է ամենից հաճախ բռնություն գործադրում, արձագանքած երիտասարդների մեկ երրորդը նշել է, որ ոստիկանությունը կամ իրավապահ մարմինները, 29 տոկոսը՝ իրենց հասակակիցները, 28 տոկոսը՝ ծնողներից որևէ մեկը կամ խնամակալը, իսկ 9 տոկոսն ասել է՝ ուսուցիչները։

Մոտ 80,000 «U-Report» օգտագործողներ առաջարկներ են արել այն մասին, թե ինչ կարելի է անել իրենց համայնքներում՝ բռնության առաջն առնելու համար։ Մի 24-ամյա U-զեկուցող Ֆիլիպիններից ասել է. «Ես իմ ձայնը լսելի կդարձնեմ և կտեղեկացնեմ շրջապատիս բոլոր մարդկանց այն մասին, թե ինչ է կատարվում, և ինչ-որ մեկից օգնություն կխնդրեմ դրան վերջ դնելու համար, եթե միայնակ դա անել չեմ կարող»։

Բռնության ողբերգական հետևանքները ազդում են երեխայի կյանքի բոլոր կողմերի վրա և կարող են շարունակ փոխանցվել սերնդեսերունդ։ Երեխաների հանդեպ բռնության ազդեցությունը աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում բնակվող բոլոր հասարակությունների վրա զգալի է։

«Բռնությունն ու ճնշումները սարսափելի ազդեցություն ունեն երեխաների կյանքի ու ապագայի վրա՝ վնասելով նրանց մարմինները, խաթարելով նրանց էմոցիոնալ բարեկեցությունը, նույնիսկ միջամտելով նրանց ուղեղների առողջ զարգացմանը»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը։ «Երբ մենք պաշտպանում ենք երեխաներին բռնությունից՝ կանխում ենք անհատական ողբերգություններն ու խթանում ավելի ուժեղ ու կայուն հասարակություններ։ Շնորհիվ Դևիդ Բեքհեմի նման հզոր քարոզիչների, և օգտագործելով հենց իրենց՝ երեխաների ու երիտասարդների ձայները՝ որպես խթանիչ ուժ, մենք նպաստավոր պահ ենք ստեղծում՝ երեխաների նկատմամբ բռնությունն ամենուրեք վերացնելու համար»։

Բռնությունն անխուսափելի չէ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մատնանշում է յոթ ապացուցված ռազմավարություն, որոնք կարող են օգնել վերջ տալ երեխաների հանդեպ բռնությանը։ Դրանք ներառում են ոչ բռնի գործողություններին աջակցող վերաբերմունքի ամրապնդումը, օրենքների պատշաճ կիրարկումը, երեխաների համար ապահով միջավայրերի ստեղծումը, աջակցությունը ծնողներին և խնամակալներին, ընտանեկան եկամուտների ավելացումը՝ աղքատության կրճատման նպատակով, սոցիալական ծառայությունների կատարելագործումը և երեխաներին կյանքի հմտություններով օժտելը։

Դևիդ Բեքհեմը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում են այս նոր ֆիլմը տարածել սոցիալական մեդիա հարթակներում։

10 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան լինելուց հետո, 2015 թվականի փետրվարին Դևիդ Բեքհեմը հիմնեց «7. Դևիդ Բեքհեմի անվան ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրամը»՝ ստանձնելով աշխարհի ամենախոցելի երեխաներին օգնելու հանձնառություն։ Ավելի ուշ այդ տարի Բեքհեմն այցելեց Կամբոջա, որտեղ հանդիպեց բռնության ու ճնշումների ենթարկված երեխաների։ Իր լսած պատմություններից հուզված, Բեքհեմն այցելեց Միավորված ազգերի կազմակերպություն և աշխարհի առաջնորդներին կոչ արեց նոր Կայուն զարգացման նպատակների առանցքում դնել երեխաներին ու հատկապես՝ ամենախոցելիներին։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031