Քաղաքային բնակավայրերում այգեգործությունը տարածված զբաղմունք է որոշ բնակիչների համար։ Դեռ խորհրդային տարիներից մարդիկ փորձել են սոցիալական խնդիրներ լուծել՝ այգիներ հիմնելով շենքերի հարակից հողատարածքներում։
Լրագրող Գայանե Լալայանի «Բակային ինտերիեր» խորագրով ֆոտոցուցահանդեսն անդրադարձ է Աբովյան քաղաքի 2-րդ Միկրոշրջան թաղամասում գտնվող ցանկապատ հողատարածքներին։ «Որոշ տարածքներում ջնջված է սեփականի ու հանրայինի սահմանը: Ժամանակին քաղաքային իշխանություններն առաջարկել են բնակիչներին սեփականաշնորհել այգիները, սակայն գինը ձեռնտու չի եղել։ Հարցը մնում է օդում կախված»,- նշում է Գայանեն։
Տեղանքում կարելի է տեսնել լվացքի մեքենա, չհրկիզվող պահարան, տարաներ, այլ իրեր: Անսարք սառնարաններում գործիքներ ու վառելափայտ են, մեծ ու փոքր լոգարանակոնքերում՝ ոռոգման ջուր։ Ամռան ամիսներին այստեղ պահածո են պատրաստում, երբեմն՝ հավաքույթներ կազմակերպում։ Որոշ այգիների դուռը կողպված է, կողմնակի մարդիկ ներս չեն մտնում։
Կարդացեք նաև
66 -ամյա Այեն Ավանեսյանն, օրինակ, մտադիր է ընդլայնել իր այգին՝ այդպիսով փրկելով աղբանոցի վերածվող հարակից տարածքը։ 20 տարվա ընթացքում բարեկարգել է այն և հարմարեցրել իր պահանջներին։ Նույնիսկ «մագնիտոֆոն» ունի․ բակի երեխաները միացնում են, «կոնցերտներ» տալիս։ Իրենք՝ թոշակառուները, մի սեղանի շուրջ նարդի ու շախմատ են խաղում։
67 -ամյա Գրինիկ Պողոսյանը տանը չօգտագործվող իրերը դեն չի նետում․ միգուցե մեկին պետք գան։ Իսկ 40-ամյա Վազգեն Սինանին առաջարկում է փչացած սառնարանների մետաղե մասերը որպես տանիք օգտագործել, ներսում էլ գարի պահել կամ ճագար բազմացնել։
«Ինձ առաջին հերթին զարմացրեց մարդկանց երևակայության թռիչքը, թե ինչպես են անպիտան իրերին երկրորդ կյանք տալիս։ Այնուհետև միտք ծնվեց ցույց տալ հանրային տարածքի սեփականացման, դրսում անկյուն ունենալու գաղափարը։ Օրինակ՝ 75-ամյա Ալբերտ Սողոմոնյանն իր այգու փոքրիկ տնակում մահճակալ ու վերմակ է տեղադրել, ցերեկվա քունն այնտեղ է առնում։ Բացի դրանից՝ վերջին 7 տարիներին պայքարում է որդնած ծառերի դեմ ու փոխարենը բերքատու ծառեր տնկում»,-մանրամասնում է լուսանկարիչը։
Աբովյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Աշոտ Չթչյանի խոսքով՝ լուսանկարներում չկա բողոք, այլ զուտ մտահոգություն հարազատ քաղաքի սոցիալական և բնապահպանական հարցերի շուրջ։ Իսկ որոշ պատկերներ իրենց «կոմպոզիցիոն կառուցվածքով» նոր ասելիք ունեն։
Տեղեկացնենք, որ ֆոտոցուցահանդեսն իրականացվում է Ֆոկուս արվեստի ՀԿ-ի ACTV նախագծի «Այընտրանքային լուսաբանման կարճ դասընթացի» շրջանակներում։ Այն բաց կլինի հանրության համար մինչ դեկտեմբերի 16-ը՝ Աբովյանի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում։
Անի Անտոնյան