Նիդերլանդների Պապենդալ քաղաքում անցկացված կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը չորս հոգով մասնակցած Հայաստանի հավաքականի բոլոր մարզիկներն էլ մրցանակային տեղ են զբաղեցրել եւ թիմային պայքարում 23 երկրների մրցակցությունում մեր երկիրը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Ռաֆայել Վարդանյանը նվաճել է չեմպիոնի կոչումը, Արթուր Ասրյանը դարձել արծաթե մեդալակիր, իսկ Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը բավարարվել են բրոնզով:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը, թեեւ բավարարված էր արդյունքից, սակայն նշեց, որ արձանագրված արդյունքը ամենահամեստն է վերջին շրջանում: Նա փոքր թվով մասնակցությունը բացատրեց նրանով, որ միջազգային մրցումները հաջորդում էին միմյանց ու դրա պատճառով հավաքականը բաժանվել էր խմբերի:
Ֆեդերացիայի նախագահը մեդալներից ավելի կարեւորում է այն, որ իրենց մարզաձեւը տարածված է հանրապետության գրեթե բոլոր մարզերում, անցկացվում են մարզային մրցումներ ու ոչ ոք միանշանակ չի կարող ասել, թե մարզում հաղթողը անձնական մենամարտերում կպարտվի այսօրվա չեմպիոնին: «Մեր նպատակը բոլոր արժանիներին իրենց հնարավորությունները միջազգային տատամիներում դրսեւորելու հնարավորություն ընձեռելն է, իսկ նրանց հաջող մասնակցությունը ցույց է տալիս, որ ընթանում ենք ճիշտ ճանապարհով», – ասաց Սպարտակ Գասպարյանը: Նա նաեւ ավելացրեց, որ իրենց մարզիկների մեծ թվով մասնակցություն ապահովելու նպատակով մտադիր են եկող տարի Երեւանում միջազգային խոշոր մրցաշար կազմակերպել:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում միեւնույն մարզաձեւի երկու ֆեդերացիա է գործում, ինչի հետեւանքով բոլորովին վերջերս Երեւանում միեւնույն օրը անցկացվեց կիոկուշին կարատեի երկու տարբեր, իրար հետ ոչ մի առնչություն չունեցող մրցաշար: «Գոյություն ունեն տարբեր վարկածներ: Կազմակերպություններն են տարբեր՝ IFK, KWF: Մենք ներկայացնում ենք երկրորդը: Հապավումների տարբերություն է: Դա միայն Հայաստանում ու մեր մարզաձեւում չէ: Երկուսն էլ ունեն միջազգային ֆեդերացիա: Այնպես չի, որ մենք ենք այդպես ուզում: Մենք աշխատում ենք միջազգային KWF կազմակերպության հետ», – պատասխանեց Սպարտակ Գասպարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ