Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները`ռուսական ՖՍԲ-ի տնօրինման տակ

Դեկտեմբեր 05,2016 16:53

Ռուսական ՖՍԲ- ի սահմանապահ վարչությունը մուտք ունի ՍԷԿՏ համակարգ. հաստատել են ՀՀ ԱԱԾ-ից: Սա նշանակում է, որ ռուսական ՖՍԲ-ն տեսնում է, թե վերջին յոթ տարում ՀՀ-ից ով է սահմանը հատել, որ սահմանային անցակետով, որ ուղղությամբ, ինչ փաստաթղթով, ինչ տրանսպորտային միջոցով և ում հետ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այս առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մտահոգություն հայտնեց. «Սա մտահոգիչ է, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ միայն ՀՀ պետական մարմիններն են, որ կարող են մուտքի իրավունք ունենալ ՍԷԿՏ համակարգ ու որևէ օտարերկրյա մարմին այդտեղ թվարկված չէ»:

Պարոն Իոաննիսյանը հիշեցրեց, որ դեռ 1992-ին կնքվեց պայմանագիր սահմանային անցակետերի վերաբերյալ, ինչի համաձայն`« Զվարթնոց» օդանավակայանի ռուս սահմանապահները պիտի փոխարինվեին հայերի կողմից: Նա ցավով նշեց, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահներն այդպես էլ դուրս չեկան: Դանիել Իոաննիսյանը «Զվարթնոց» օդանավակայանի իրավիճակը խայտառակ է համարում. «Ես ամեն անգամ սահմանապահներից հարցնում եմ` ՀՀ-ի՞ թե՞ ՌԴ-ի սահմանապահ աշխատակիցներ են, հասկանալի է դառնում, որ նրանց մի մասը հայ չեն ու հայերեն չգիտեն: Ինձ համար վիրավորական է այն, որ իմ երկրում ինձ ստիպում են այլ լեզվով խոսել սահմանային անցակետում»:

Պարոն Իոաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքվել է պետական գաղտնիքների փոխադարձ պաշտպանության մասին ՀԱՊԿ-ի նման մի պայմանագիր, որը ենթադրում է, որ եթե ՌԴ-ն ՀՀ-ի մի պետական գաղտնիք գիտի, պարտավորվում է այն պաշտպանել իր պետական գաղտնիքի նման: Բայց արդյոք սա նշանակում է, որ ՌԴ-ն պարտավո՞ր է մեր բոլոր գաղտնիքներն իմանալ: Իհարկե, ոչ»:

Հիշեցնելով օգոստոսին ամերիկացի դիվանագետների անձնական տվյալների արտահոսքը համացանցում, Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ այդ դեպքից հետո իրենք հարցում են ուղարկել ԱԱԾ հարցով՝ արդյոք ռուս սահմանապահները իրավունք ունեն անձնական տվյալները միայն մուտքագրելո՞ւ, թե՞ նաև ընթերցելու: Պատասխանը եղել է այն, որ նրանք իրավունք ունեն օգտվել այդ համակարգից, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ` օգտվելը ենթադրում է և՛ մուտքագրել, և՛ կարդալ:

Պարոն Իոաննիսյանի համար հասկանալի չէ, թե ինչու ռուս սահմանապահը պետք է կարդա մեր անձնական տվյալները. «Միայն մուտքագրելը հասկանալի է, ընթերցելու իրավո՞ւնքն ինչու է տրված: Ստացվում է, որ այստեղ խնդիր էլ չի դրված փոխանցելու հարցը, այլ ուղղակի նրանք մուտք ունեն այդ տվյալներին»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող հարցերը ՀՀ օրենսդրությամբ շատ լավ կարգավորվում են. «Օրենքը սահմանում է` լիազոր մարմնի թույլտվությամբ անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետության, եթե այդտեղ ապահովված է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ»:

Մինչդեռ պարոն Մելիքյանը թերահավատ է, թե Ռուսաստանն ապահովում է այդ բավարար մակարդակը: Ըստ Աշոտ Մելիքյանի` խնդիրն ավելի շատ քաղաքական, քան իրավական հարթության վրա է. «Սա մեզ վերադարձնում է սեպտեմբերի 3-ի իրավիճակին, երբ երկրի ղեկավարը տարավ մեզ դեպի ԵԱՏՄ, և դրանից հազար ու մի բխող պաշտոնական փաստաթղթեր կարող են կնքվել: Դրանով մենք մեր ինքնիշխանությունը գնալով տալիս ենք այն պետությանը, որը համարվում է ռազմավարական գործընկեր, բայց իրականում մեզ վերադարձնում է դեպի կայսրություն»:

Աշոտ Մելիքյանը կտրականապես դեմ է և կուզենար, որ մեր օրենսդրությունը պաշտպաներ, մեր պետության կարգավիճակն ու քաղաքականությունը նպաստեին նրան, որ քաղաքացին իրեն ազատ զգար ու ինքն իմանար, թե ինչ անձնական տվյալ է տալիս իր երկրին:

Պարոն Մելիքյանը մտավախություն ունի, որ եթե այսպես շարունակվի, անհրաժեշտություն կառաջանա 80-ականների վերջերի նման անկախության համար շարժում սկսել. «Սկսում ենք ինտեգրման անվան ներքո հրաժարվել մեր ինքնիշխանությունից: Ես ամենևին էլ չէի ուզենա, որ սահմանը հատելիս մեր անձնական տվյալները գնային ռուսական ՖՍԲ-ին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031