Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 3-11-ը մեր երկրում են գերմանական «Ophardt Hygiene Technologies» ընկերությունների ներկայացուցիչները` հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրական ձեռնարկություն հիմնելու ներդրումային ծրագրով։ Նախատեսվում է առողջապահական արտադրանքն արտահանել ԵԱՏՄ և Իրանի շուկաներ։
«Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստ է ցանկացած փուլում տրամադրելու անհրաժեշտ աջակցությունը՝ ներդրումային ծրագիրը հաջողությամբ իրականություն դարձնելու համար»,- այսօր «Ophardt Hygiene Technologies» ընկերության հիմնադիր և տնօրեն Հայներ Օփհարդտի, փոխնախագահներ Ջոն Օմալիի, Քեն Ֆռայզենի, ամերիկացի գործարար Տիգրան Պապիկյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։
Ներդրողների խնդրանքով Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է նրանց հանդիպումները կառավարության անդամների, Հայաստանում Գերմանիայի դեսպանի, բժշկական կենտրոնների, բանկի, իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության ղեկավարների հետ։
Սա գործարար պատվիրակության հայաստանյան երկրորդ այցն է. առաջինը Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Made in Armenia» հայկական արտադրության խոշորագույն ցուցահանդեսի օրերին, սեպտեմբերի 16-22-ը։ Հավանական ներդրողներն այդ օրերին նույնպես մի շարք գործնական հանդիպումներ են ունեցել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել Հայաստանում գործարար միջավայրը, ծանոթացել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, ենթակառուցվածքներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, աշխարհագրական պայմաններին և մասնագիտական ներուժին, դիտարկել են ապագա գործարանի կառուցման հողատարածքները։ Տեսաշարը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։
Կարդացեք նաև
Ներդրումային ծրագրի գաղափարը ծագել է այս տարի հունիսին Լոս Անջելեսում «Հայաստան․ՏՏ համաժողովի» ընթացքում մի շարք գործարարների հետ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանի հանդիպումների արդյունքում։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն