Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Թոքատի հայրենապաշտությունը

Դեկտեմբեր 05,2016 16:06

Վերջերս ձեռքս ընկավ մի հետաքրքիր պատկերագիրք, որը վերնագրված էր «Ավերակ Քղին» և նվիրված է Արևմտյան Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկին, որը գտնում է այժմյան Բինգյոլ նահանգում։ Հեղինակը՝ Հովսեփ Թոքատը, ներկայացնում է ամեն մի բնակավայրի համառոտ պատմությունը, աշխարհագրությունը, բնակչության վիճակագրությունը 1915-ին և դրանից հետո, բնակչության զբաղմունքը, հավատալիքներն ու սովորույթները, մշակույթը, կրթությունը, եկեղեցիները, գրչության կենտրոնները, խոհանոցը, անգամ բարբառը՝ խոսվածքը: Այն այսպիսով մի ամբողջ հանրագիտարան է դառնում, որի յուրաքանչյուր հատված ներկայացվում է լուսանկարներով, որոնք ցույց են տալիս այն փշրանքները, որոնք պահպանվել են անցած-գնացած 100 տարիների ընթացքում և վկայում են այս հող ու ջրի իսկական տերերի մասին: Այստեղ սուրբ մանրուքներ կան եկեղեցիների, խաչքարերի, աղբյուրների, գյուղերի ու նրանց գողտրիկ բնակավայրերի և բնության ինքնատիպ անկյունների մասին, որոնք պահպանում են դրանց իսկական տերերի բարի հիշատակները:

Հովսեփ Թոքատը անցնում է գյուղից գյուղ, բնակավայրից բնակավայր՝ սկսելով պատմությունից հասնում է նորօրյա իրականություն, երբ հայկական եկեղեցիներում վաղուց այլևս զանգեր չեն ղողանջում, բայց դրանք դեռևս պահպանում են իրենց վեհությունն ու գեղեցկությունը: Հեղինակը՝ Հովսեփ Թոքատը, երևի այն հայերից է, ով երկար տարիներ անց այցելում է ծննդավայր ու յուրովի երկխոսում, քանի որ «ծնողներուս ու անոնց բարեկամներուն կարօտով լեցուն անվերջ նիւթն էր Քղիի առօրեայ կեանքը, ցանքը, հունձքը, տօնական օրերու խրախճանքերն ու եկեղեցիին մեջ կատարուած փառահեղ արարողութիւնները»:

Հեղինակն իր ծնողների և բարեկամների կարոտով շրջել է Քղիի հայկական գյուղերով, գնացել հասել հայրենի Ճերմակ, ուր և ինչպես մյուս գյուղերում խաղաղ բնակչությանը մինչև վերջ կոտորելուց հետո թուրքի յաթաղանը ոչինչ չի թողել, ձգտելով ոչնչացնել ամեն ինչ, ինչ հայկական է: Ճերմակ՝ իրենց հայրենի գյուղ հասնելով, ահա թե ինչ է տեսնում Հովսեփ Թոքատը. «Մեր տունը քանդուած էր. հայոց գերազմանատունը գրեթէ աննշմարելի էր. իսկ եկեղեցին՝ կանգուն, բայց ամայի եւ մելամաղձոտ էր։ Մեծ հօրս՝ Մարտիրոս Սարգիսեանի կառուցած աղբիւրին ջուրը չափազանց նուազած էր, մինչ գորտեր այդ վտիտ հոսքէն կեանք կը մուրային։ Իսկ աղբիւրի ճակտին զետեղուած հայատառ սեպագիրը, թէեւ աւերուած, դարաւոր պատմութիւնը վրան աճած մամուռներէն կարդալ կարելի էր»:

Հեղինակն իր այս գրքում հայրենաճանաչության և հայրենագիտության բացառիկ օրինակ է ցույց տալիս և, երևի թե նման գրականությունը ավելի քան անհրաժեշտ է՝ անթեղված պահելու հայրենի եզերքի նկատմամբ սերունդների կարոտը, որ մի օր, անկասկած, պիտի վերածնվի հայրենի օջախ վերադառնալու վճռականության և դրան հետևելու է անհրաժեշտ քայլը: Հովսեփ Թոքատը կարծես թե հատիկ առ հատիկ, գյուղ առ գյուղ ցույց է տալիս՝ ուր վերադառնալ, որոնցում երբեք մոռացված ու կորցված չեն բարի հիշատակները:

Պետք է ողջունել հայրենասեր հեղինակին նման ձեռնարկի համար, մանավանդ որ Լոս-Անջելեսում հրատարակված պատկերագրքի վաճառքից գոյացած միջոցները հեղինակը պետք է նպատակաուղղի Հայաստանի սահմանային գյուղերի դպրոցների ուսուցիչների աջակցության ծրագրին:

Սերգո Երիցյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031