Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանը կողմ էր, որ բոլորը ծառայեն». ԱԺ-ում պահանջում են 18 տարեկան տղաներին տանել բանակ

Դեկտեմբեր 05,2016 15:39

ԱԺ-ում շարունակվում է կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը: Նախագծով ռազմաբժշկական ֆակուլտետում պետության հաշվին սովորողները, որոնք հետո հրաժարվում են զինվորական ծառայությունից, պետք է վճարեն տույժ: 

Քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ սա շատ փոքր խնդիր լուծող նախագիծ է: Իրականում պետք է հավասար պայմաններ ստեղծել ու բոլոր 18 տարեկան տղաներին տանել բանակ. «Մենք հնարավորություն ստեղծեցինք, որ ասպիրանտուրայում սովորողները բանակում չծառայեն, միակ փաստարկը այն էր, որ գիտությունը կտուժի դրանից, մենք ի՞նչ արեցինք: Այսօր բուհեր ունենք, որտեղ ասպիրանտուրայում 100 տոկոսով միայն արական սեռի ներկայացուցիչ են սովորում: Խոհանոցին ծանոթանում ենք, հասկանում ենք, որ ամեն ինչ անում են, որ մտնեն այդ ոլորտ, որ խուսափեն ծառայությունից, բայց նրանք գիտության հետ կապ չունեն: Հետո պարզվում է, որ նրանք լավ բիզնեսմեններ են, լավ ներկրողներ են: Այնքան հեշտ է, 2-3 հոդված պետք է տպագրեին ժուռնալում, կիլոմետրերով գիտությունից դուրս էին նրանք»:

Նա հիշեցրեց, որ 95-ին այդ խնդիրը դրվեց քննարկման, հարցը հասավ այնտեղ, որ ԳԽ նախագահը՝ Բաբկեն Արարքցյանը հրաժարական էր ուզում տալ. «Վազգեն Սարգսյանը կողմ էր, որ բոլորը ծառայեն, գնաց քաղաքական հարթություն, մտավ երեսպաշտական դաշտ եւ չընդունվեց օրենքը: Ուզում եմ հարց տալ՝ գիտությունը ի՞նչ է օգտվել դրանից, որ այս օրենքը չընդունվեց: Ընդհակառակը, գիտությունը պարտվել է, շահել է դեմագոգիան, շահել է սողանցքներ փնտրողների խումբը: Մարդիկ կան, որ պետության հաշվին գործուղվում են միջպետական պայմանագրերի շրջանակներում դրսում սովորելու: Ես Սանկտ Պետերբուրգում էի, տասնյակ մարդիկ պետության հովանու ներքո եկել են այնտեղ, սովորել են, ավարտել են, այդ ժամանակ հասցրել են դառնալ ՌԴ քաղաքացի, եւ ի՞նչ ենք մենք ստացել, միայն տուժել ենք, պարտվել ենք»:

Ռուբեն Հակոբյանի խոսքերով ինչքան մեծացնում ենք բանակում չծառայողների դաշտը, այնքան կաշառքն ավելի է մեծանում ու խորանում. «Եկեք այդ հարցը լուծենք: Իսրայելում չծառայած իսրայելցու համար դա ամոթ է, անարգանք է, նրան արհամարհում են, եթե բանակում չի ծառայել»: Նա ասաց որ նույնիսկ ազգային փոքրամասնությունները կամավոր գնում են եւ ծառայում են,որովհետեւ գիտեն, որ դու դիտվում ես որպես երկրորդական, անբարո անձ, որն իր կնոջը, քրոջը չի կարող ծառայել:

Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ դեմագոգիա է, երբ ասում են, թե գիտությունը կտուժի, եթե 18 տարեկան բոլոր տղաները գնան բանակ. «Մի ուշացրեք, ճիշտ է, որոշ մարդկանց կողմից կընդունվի սվիններով, բայց՝ զուտ անձնական շահի դեպքում»:

Նա ասաց, որ պետք է պատվի եւ տղամարդկության հարց լինի բանակում ծառայելը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031