«Աննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փլուզված կառույց է»,-այսօր այսպիսի հայտարարություն արեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը:
Բանն այն է, որ ՍԱՊԾ նոր պետը` Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ պարոն Ավետիսյանը եւ ՊՈԱԿ-ի տնօրենը աշխատանքից ազատման դիմում գրեն: Ըստ Գեորգի Ավետիսյանի, որն այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասուլիս էր հրավիրել` այս եւ ծառայության հետ կապված այլ խնդիրները ներկայացնելու, ասաց, որ ՍԱՊԾ նոր պետը որեւէ կերպ չի հիմնավորել, թե ինչո՞ւ է ուզում ազատվել իրենցից: Պարոն Ավետիսյանին մտահոգում էր այն փաստը, որ Իշխան Կարապետյանը ՊՈԱԿ-ում արդեն նոր պետ ու տեղակալ է նշանակել, որոնք «ո’չ կենդանիներից են հասկանում, ո’չ սննդամթերքի անվտանգությունից, ո’չ էլ` ցենտրիֆուգն են սառցարանից տարբերում», մինչդեռ այս կառույցը պարտադիր պետք է ղեկավարի գործից հասկացող մարդ` մասնագետ:
«Երբ մամուլը կամ հ/կ-ները ծաղրում էին ծառայությանը, մենք մտածում էինք, որ կհասկանան, խելքի կգան ու վերջապես տվյալ ոլորտ կբերեն մասնագետների: Օրինակի համար ասեմ` ծառայության պետ, երկու տեղակալներ, աշխատակազմի ղեկավար եւ խորհրդականներ` ոլորտի մասնագետներ չեն»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Գեորգի Ավետիսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ է անում լաբորատորիան առանձնացնել ՍԱՊԾ-ից եւ ընդգրկել գյուղնախարարության կազմում. «Կառույցի նախորդ ղեկավարները, որոնք նույնպես մասնագետ չէին, հասկացան, որ չի կարելի լաբորատորիան զրկել մասնագետներից»:
Հարցին, թե ինչպիսի՞ դժգոհություն է ունեցել ՍԱՊԾ նոր ղեկավարը, որ առաջարկել է ազատման դիմում գրել, պարոն Ավետիսյանն ասաց, որ նոր ղեկավարին դուր չի եկել, որ օրինակ մարզերի մասնաճյուղերում չկա եռաֆազ հոսանք.«Բայց սա մասնագետների խնդիրը չէր»:
Գեորգի Ավետիսյանը ազատման դիմում ներկայացրել է եւ անկախ այն բանից, որ ՍԱՊԾ ղեկավարն այն արդեն մակագրել է, պարոն Ավետիսյանը դիմումը հետ է վերցրել:
Մանրամասները` տեսանյութում
Պարոն Ավետիսյանը պատրաստ է ազատման դիմում գրել` պայմանով, որ լաբորատորիան ղեկավարեն մասնագետներ, ինքն էլ, ինչպես վստահեցրեց, անհրաժեշտության դեպքում կաջակցի խորհուրդներով:
Aravot.am-ը Գեորգի Ավետիսյանի բարձրացրած հարցերի վերաբերյալ դիմեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ հակված չեն մեկնաբանելու հնչած «սուբյեկտիվ գնահատականները»: Պարզապես շեշտեցին, որ երկու դեպքում էլ սեփական նախաձեռնությամբ են դիմում ներկայացրել, ինչին էլ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ