Ինչպես տեղեկացրել ենք, Կառավարությունն առաջարկում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Ռազմաբժշկական ֆակուլտետում պետության հաշվին սովորողները, որոնք հետո հրաժարվում են զինվորական ծառայությունից, պետք է վճարեն տույժ:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց՝ ինչ անենք, որպեսզի որեւիցե մեկը չփորձի օգտվելով մեր քաղաքականության հնարավորությունից՝ խուսափել իր ծառայությունը կատարելուց: Կամ բոլորս պետք է ընդունենք, որ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն եմ ընտրել, գնամ ծառայեմ, նոր կընտրեմ՝ ուզում եմ դառնալ ռազմական բժիշկ, թե ոչ:
Խոսրով Հարությունյան ասաց, որ կառավարության առաջարկը թերի է:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը համաձայնեց Խոսրով Հարությունյանի հետ. «18 տարեկանը լրացել է, գնում եք ծառայում եք գալիս եք, նրանից հետո կլինեն այլ գայթակղիչ մեխանիզմները, որոնցով շատերը կցանկանային դառնալ ռազմական բժիշկ: Սա պետք է լինի մոտեցումը»:
Կարդացեք նաև
Նա հարցրեց՝ պայմանագիրը, որը կնքվում է, հնարավոր չէ՞ պայմանագրով այդ հարցերը կարգավորել, նաեւ պարտավորությունները նախատեսել, որ մարդն իմանա ինչի է գնում: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց, որ «մարդկանց ֆանտազիաներն այն աստիճանի է զարգացած, որ ցանկացած սողանցք օգտագործում են»:
Փոխնախարարը նաեւ ասաց, որ կողմ է, որ 18 տարին լրացավ՝ բոլորը ծառայեն. «Կոնկրետ ես կողմ եմ»:
Թեւան Պողոսյանը փորձեց հստակեցնել՝ ամբողջական որքա՞ն տույժ է նախատեսվում այն սովորողների համար, որոնք չեն ուզում ծառայել՝ սովորելուց հետո: Փոխնախարարը պատասխանեց, որ ամեն տարվա համար տույժը 1 մլն 100 հազար դրամի կարգի է, ամբողջ ուսումնառության համար կազմում է մոտ 8 մլն դրամ:
Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց իր համահեղինակությամբ նախագիծը, որ 18 տարեկան բոլոր տղաներին պետք է տանեն բանակ: Նա ասաց, որ կառավարությունը խոստացել է ընդհանուր փաթեթով այդ նախագիծը դնել քննարկման, իսկ այս նախագիծը մի դետալ է ընդամենը:
Արա Նազարյանը պատասխանեց, որ կառավարությունում քննարկել են նախագիծը, այն ժամանակ գնահատվեց վաղաժամ, բայց մեկ անգամ եւս կարելի է անդրադառնալ. «Մենք նախատեսում ենք 2017-ին ԱԺ բերել ընդհանուր զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենք, որը կներառի զինծառայողի սոցիալական հարցեր, ընդհանուր կարգավիճակն ամբողջացված: Նաեւ կբերենք նախագիծ «Պաշտպանության մասին» օրենք՝ ներառելով զորահավաքային նախապատրաստությունը: Պարտադիր բոլորին ծառայության տանելու վերաբերյալ քաղաքական որոշում կկայացվի՝ մենք կունենանք, ավելի լավ: Հիմա մենք խնդիրը լուծում ենք լոկալ: Ուղղակի այս սողանցքը պետք է փակել, ճիշտ չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ