«Առաջիկայում տեղի կունենա «Ալյանսի» արտահերթ համագումարը, որտեղ կընտրվեն նոր կառավարող մարմիններ, կարծում եմ, այդ պահին էլ կընտրվի այն հայտարարությունը, որը կարտահայտի կուսակցության քաղաքական դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հարցը վերաբերվում էր նախընտրական դաշինքների շուրջ քննարկումներին: Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ անհրաժեշտ է փոխգործակցել, ճանապարհ գնալ, պայքարի մեջ լինել բացառապես այն մարդկանց, քաղաքական գործիչների հետ, որոնք հեռու են սեթեւեթանքից եւ ձեւականություններից, պահպանում են սկզբունքներ: Անհուններ Տիգրան Ուրիխանյանը չի հնչեցնում, ասում է, որ միավորումները պետք է լինեն գաղափարախոսական դաշտում: Նա հույս ունի, որ առաջիկայում նորություններ դեռ կտեսնենք եւ ամեն ինչ չի լինելու այնպես, ինչպես ցանկալիորեն ծրագրավորված էր կամ կարող էր թվալ, թե ծրագրավորված է:
Հիշեցնենք, շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստից հետո, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հստակեցրեց`առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձեւաչափով, առաջիկայում կհայտարարվի: Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք`հավանակա՞ն է, որ ԲՀԿ-ից հեռացած ուժերի դաշինք ստեղծվի: «Ինչո՞ւ`ոչ: Հնարավոր է: Կարեւորն այն է, որ որեւէ միավորման մեջ լինեն միատիպ մտածող մարդիկ»:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ