Լրագրողները դեկտեմբերի 5-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեցին, թե արդյոք կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստին քննարկվե՞լ է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը:
Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ մենք դաշինքով մասնակցելու որեւիցե հարց չենք քննարկել: Բայց մենք մեր քաղաքական թիմում քննարկել ենք եւ կարեւորում ենք առաջիկա ընտրություններում նոր որակներ հաղորդելու հարցը: Այն է, որ մեր նորանկախ հանրապետության այս 25 տարիների ընթացքում պարբերաբար ընտրություններից հետո մենք տեսել ենք, լսել ենք դժգոհություն, զանգվածային տարաբնույթ ակցիաներ, ծրագրեր:
Եվ մենք ներքին վստահության շեմի բացասական միտումին զուգահեռ նաեւ միջազգային տարաբնույթ կազմակերպությունների եւ կառույցների բացասական գնահատականներն ու վերաբերմունքներն ենք տեսել: Այս ամենը վերլուծելով մենք գտնում ենք, որ այսօրվա դրությամբ հատկապես ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող քաղաքական ուժերի հետ մենք միանշանակ համատեղ կարող ենք ընտրությունների օրը մի բան ֆիքսել, որ ամեն ինչ միասնական ուժերով կազմակերպենք, նախաձեռնենք, որպեսզի օրենքի տառին համահունչ կարողանանք 2017 թվականի ընտրությունները իրականացնել»:
Վահե Էնֆիաջյանը հավելեց, որ յուրաքանչյուր քվե պետք է իր նպատակին ծառայի. «Խեղաթյուրումները, անցանկալի դրսեւորումները, հնարավոր զեղծարարությունները, որ տեղի են ունենալու, ոչ մի լավ բանի չի բերելու ոչ միայն քաղաքական, ներքին հասարակական, այլ նաեւ անդրադառնալու է երկրի հեղինակության վրա եւ դրանից բխող պատճառահետեւանքային բոլոր մնացած շաղկապված հանգամանքների վրա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ