«Երբ Գագիկ Ծառուկյանը մի քանի ամիս առաջ ասեց, որ կմտածի, չի բացառվում, փակը բացել, կամ ծալել, հետո բացել, ես ասել եմ` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: Ես և մեր կուսակցության նախագահը, մենք գնահատականներ տվել ենք երեւույթներին, ոչ թե անձին և մնում ենք մեր կարծիքին: Բոլոր վատ երևույթները մերժում ենք, բոլոր դրական երևույթները, այն կարծիքները, որ կա քաղաքական մշակույթի հետ կապված, մենք ընդունում ենք: Մենք երբեք անձերին չենք պիտակավորել, մենք խոսել ենք երևույթների մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը:
Լրագրողներն Էդուարդ Շարմազանովին հիշեցրեցին, որ ժամանակին ՀՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանին «չարիք» էին համարում: «Ես կարծում եմ` նույն բացասական գետը երկրորդ անգամ չեն մտնի: Մենք ակնկալում ենք ազատ, արդար, բաց, թափանցիկ մրցապայքար»,- ասաց նա`հորդորելով սպասել ընտրություններին. «Մենք կոռեկտության, հանդուրժողականության, գրագետ, քաղաքական մշակույթի սկզբունքները պահպանելու, ազատ մրցապայքարի կողմնակից ենք»:
Լրագրողներից մեկի հարցին`քաղաքական մշակո՞ւյթ է մարդուն «Դոդի Գագո» անվանելը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես այդ հարցին պատասխանել եմ, ավելացնելու բան չունեմ»:
ՀՀԿ խոսնակը չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, որ փաստորեն հայրենիքը կրկին կրկեսի են վերածում: Հիշեցնենք, փետրվարի 12-ի հայտնի ելույթում Սերժ Սարգսյանն ասել էր`«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: «Ոչ»,-կտրուկ պատասխանեց ԱԺ փոխխոսնակը: «Ես տեղեկություն չունեմ, որ Ձեր նշած պերսոնան իշխանության համաձայնության արդյունքում վերադառնում է կամ հեռանում է: Այն ժամանակ էլ դա եղել է իր որոշումը, մեր հորդորների միգուցե արդյունքում, միգուցե իր գործընկերների հետ քննարկման արդյունքում, բայց դա եղել է իր որոշումը: Հորդորները եղել են վատ երևույթների նկատմամբ, և բոլոր հորդորները ուժի մեջ են: Մենք ուզում ենք, որ մեր երազած Հայաստանում քաղաքական պայքարը լինի քաղաքական կոռեկտության, մշակույթի, համերաշխության, երբեմն սուր քննադատության, բայց ոչ երբեք անձնական վիրավորանքների և քաղաքական սկզբունքների մերժման ճանապարհով»,- ասաց բանախոսը`պատասխանելով հարցին, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն`իշխանության հետ համաձայնեցված:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ