Կառավարությունն առաջարկում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, որով նպատակ ունի պատշաճ կադրային քաղաքականություն վարել զինծառայության կազմակերպման հարցում: Նախագծով հստակեցվում են ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների ուսումնառության ժամկետները, նրանց լեյտենանտի կոչում շնորհելու կարգը, ինչպես նաեւ՝ զինծառայողի կողմից հետուսումնական զինվորական պայմանագրային պարտավորության չկատարման դեպքում պարտավորությունն ու իրավական հետեւանքը: Գործող օրենքով նախատեսվում է այդ դեպքում ուսման ծախսերի փոխհատուցում, որն իրեն չի արդարացնում, որովհետեւ չկա ուսման ծախսերի հաշվարկման մեթոդաբանություն, որովհետեւ զինծառայողները սովորում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում, իսկ այդ ծախսը, հաշվարկները տարբերակված մոտեցում է պահանջում:
Նախագիծը ներկայացնելիս ՊՆ փոխնախարար Արա Նազարյանն ասաց, որ եթե զինծառայողը, որը պետբյուջեի հաշվի սովորել է եւ չի ուզում կատարել իր պարտավորությունները, պետք է տույժ վճարի 1 մլն դրամ. «Մենք ունենք ռազմաբժշկական ֆակուլտետ, նրանց հետ պայմանագիր է կնքվում, որ որպես կուրսանտներ սովորեն, ծախսերի փոխհատուցումն իր վրա է վերցնում ՊՆ-ն: Մենք ունենք դեպքեր, 2011-ին՝ 3, 2012-ին՝ 3, 2014-ին՝ 4, 2015-ին՝ 4, 2016-ին՝ դեռ 1 դեպք, որ տվյալ ֆակուլտետի ուսանողները ավարտում են բակալավրիատը, այնուհետեւ՝ մագիստրատուրան, նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում, ինտերնատուրա ընդունվելուց տարբեր պատճառներով քննությունը չեն հանձնում: Ստացվում է կազուսային վիճակ: Մի կողմից որպես մասնագետ մինչեւ ինտերնատուրան չավարտի՝ չի կարող ռազմական բժշկի որակավորում ստանալ, մյուս կողմից՝ նրան չես կարող զորակոչես որպես շարքային, որովհետեւ լեյտենանտ է, մյուս կողմից՝ չես կարող զորակոչել, որ որպես բժիշկ ծառայի: Դրա համար սահմանվում է նոր նախագծով, որ լեյտենանտի կոչումը շնորհվի ինտերնատուրան ավարտելուց հետո, որ նման խնդրի առաջ չկանգնենք: Եվ նրանք, որոնք իրենց կամքով հրաժարվում են ծառայությունից, պարտավոր են փոխհատուցել չծառայած տարիների համապատասխան ծախսերը: Ներկայումս դա լինում է ոչ միայն մեր ռազմաուսումնական հաստատություններում: Տարբեր մասնագիտություններ կան, որոնք տարբեր ծախսեր են պահանջում: Դրա համար առաջարկում ենք տուժանքի ինստիտուտը կիրառել՝ պարտավորությունների չկատարման համար: Նա պետք է որպես տույժ վճարի տարեկան 1 մլն-ի կարգի»:
Փոխնախարարն ասաց, որ դատերի մեջ են, բայց օրենքը կուրսանտի կողմն է, որովհետեւ օրենսդրական բաց կա, ուստի ուզում են այն լրացնել, որովհետեւ ծախսեր են անում կուրսանտի վրա, ավարտում են եւ իրենց քաղաքացիական կյանքով են ապրում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ