«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չի եղել, մենք փոխադարձ հարգանք ունենք միմյանց նկատմամբ, բայց պաշտոնական քննարկում իրենց հետ չի եղել, դա բառիս բուն իմաստով սուտ տեղեկատվություն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլի այն հրապարակումները, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դիմել է իրենց՝ համագործակցության համար:
Ստեփան Մարգարյանն ասաց, որ «Համախմբումն» այս պահին քննարկումների մեջ է`տարբեր ուժերի հետ. «Անուններ չեմ կարող տալ, որովհետեւ քննարկումներ են դրանք: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս արդեն հայտարարությամբ հանդես կգանք ու շուտով կիմանանք, թե կոնկրետ ում հետ ենք համագործակցում»:
Ստեփան Մարգարյանն ասաց, որ «ՔՊ-Լուսավոր Հայաստան-Հանրապետություն» կուսակցությունների ձեւավորվող դաշինքի հետ որեւէ քննարկում չեն ունեցել, ավելին, այդ դաշինքին միանալու առաջարկ էլ չի եղել. «Մենք իրենց հետ որեւէ կոնտակտ, քննարկում չենք ունեցել: Ոչ՛ իրենց, ոչ մեր կողմից նախաձեռնություն չի եղել»:
«ՔՊ-Լուսավոր Հայաստան-Հանրապետություն» դաշինքի մասով էլ ասաց. «Այդ հասարակությունը պետք է նրանց ընդունի, ոչ թե մենք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ