Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դոլարայի՞ն, թե՞ դրամային արտահայտությամբ

Դեկտեմբեր 05,2016 15:00

«Առավոտը» հարց է ուղղել նախագահի
գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին

– ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական հատվածը թերեւս այս օրերին ամենաշատ քննարկված թեմաներից է: Արդյոք նախագահը հետեւո՞ւմ է այդ քննարկումներին, եւ եթե այո, ապա ինչպե՞ս կարձագանքեիք, օրինակ, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հարցազրույցում հնչած քննադատությանը, մասնավորապես՝ երկրի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ համադրությանը, 2017 թվականի պետբյուջեի «ոչինչ չասող» բնութագրմանը, պետական պարտքին եւ մյուս տնտեսական երեւույթներին առնչվող եզրակացություններին:

– Նախագահն, անշուշտ, հետեւում է արձագանքներին, մասնավորապես՝ ծանոթանում է մասնագիտական արժեք ունեցող գրեթե բոլոր արձագանքներին: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքը, անշուշտ, միշտ էլ այդպիսիներից է: ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած՝ Սերժ Սարգսյանի ելույթին նրա արձագանքից, սակայն, տպավորություն է ստացվում, որ պարոն Ասատրյանը մանրամասն հարցազրույց է տվել ելույթի դրույթների վերաբերյալ՝ առանց այն ընթերցելու, քանզի հարցազրույցում արծարծված հարցերի մի էական մասի մանրակրկիտ մեկնաբանությունը ելույթում կա:

Դոլարային արտահայտությամբ ՀՆԱ աճի համադրման վերաբերյալ պետք է նշել, որ յուրաքանչյուր երկրում ազգային հաշիվները ներկայացվում են ազգային արժույթով, եւ սա է միջազգային ստանդարտը: Ուստի ՀՀ նախագահի հիշյալ ելույթում նշված թվերը ու ցուցանիշները միանգամայն ճիշտ է, որ ներկայացված են դրամային արտահայտությամբ:

Իսկ եթե ցանկություն կա դոլարային արտահայտությամբ դիտարկել մեր ցուցանիշը եւ համեմատել այն այլ երկրների ցուցանիշների հետ, ապա այս դեպքում սովորաբար հիմք է ընդունվում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ ճշտված գնողունակության պարիտետով: Այս ցուցանիշը գրեթե բոլոր երկրների համար տարբեր միջազգային կազմակերպություններ պարբերաբար հրապարակում են, մասնավորապես, համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ 2007թ. Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 6484 ԱՄՆ դոլար, իսկ 2015թ.՝ 8394 ԱՄՆ դոլար: Ակնհայտ է, որ այստեղ եւս ունենք 29.4 տոկոս աճ: Դոլարային հաշվարկով ներկայացված ՀՆԱ այս ցուցանիշը չի հակասում նախագահի ասածին, ավելին՝ վերահաստատում է նրա խոսքերը: Սակայն ելույթը ուշադիր ընթերցելիս պարզ կդառնար, որ ՀՀ նախագահը հստակ նշում է, որ բավարարված չէ այս ցուցանիշներով, եւ կտրուկ փոփոխությունների անհրաժեշտություն կա: Ինչ վերաբերում է արտաքին պետական պարտքին, ապա այս առումով եւս ՀՀ նախագահն իր ելույթում հստակ նշել է, որ «այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնության ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»: Հետեւաբար դժվար է պատկերացնել, թե վերը թվարկված ո՞ր դրույթների հետ համաձայն չէ պարոն Ասատրյանը:

Ինչ վերաբերում է 2017թ. բյուջեն «ոչինչ չասող» որակելուն, ապա այս դիտարկման հետ նույնպես համաձայն չեմ: ՀՀ պետական բյուջեն տնտեսական քաղաքականության առանցքային փաստաթղթերից մեկն է, եւ դրա վերլուծությունից մի շարք եզրահանգումներ կարելի է անել: Օրինակ՝ այս տարվա բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է, որ կկազմի ՀՆԱ 5.9 տոկոս: 2017 թվականի բյուջեի դեֆիցիտը պլանավորված է ՀՆԱ մոտ 3 տոկոսի չափով: Եթե ՀՀ բյուջեի այլ ցուցանիշի չանդրադառնանք, ապա միայն այս ցուցանիշը հատկապես մասնագետների համար պետք է որ շատ տեսանելի եւ հստակ ազդակ լիներ, մասնավորապես պետք է ակնհայտ լիներ, որ հաջորդ տարվա հարկաբյուջետային քաղաքականությունը էապես հավասարակշռված է եւ նպատակադրվել է բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը վերադարձնել առավել կայուն եւ միջազգայնորեն ընդունված մակարդակի, ինչն իր հերթին մեծ ազդեցություն կունենա հետագա տարիներին կայուն մակրոտնտեսական միջավայր ձեւավորելու համար:

 

«ռավոտ»

03.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Պարոն գլխ. խորհրդականը մի փոքր խորամանկում է («լուկավիտ»). երկրների միջև համեմատությունը կատարվում է թե՛ գնողունակության պարիտետով ճշտված ՀՆԱ-ի և թե՛ անվանական ՀՆԱ-ի առումով: Եվ եթե 1-ինի դեպքում այն իրոք կազմում է 8394 ԱՄՆ դոլար, ապա 2-րդի դեպքում այն չի հասնում 3000 դոլարի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031