Մեր պատվիրակության ձեռամբ ադրբեջանասեր այս պետությունը
չդարձավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդ
«Առավոտի» տեղեկություններով՝ վերջերս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայ-ռուսական սկանդալ է հասունացել: Վեհաժողովի ռուս պատվիրակներն ամեն կերպ փորձել են հանձնաժողովում անցկացնել մի բանաձեւ, որով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Պակիստանին դիտորդ երկրի կարգավիճակ է տրվում: Հայ պատվիրակներն ընդդիմացել են: Տեւական վեճերի արդյունքում հարցը լուծվել է հօգուտ Հայաստանի: «Առավոտի» հետ զրույցում մեր այդ տեղեկությունը հաստատեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Հայաստանը՝ ի դեմս Խոսրով Հարությունյանի, այս հանձնաժողովում նախագահում է 2013-ից: Խոսրով Հարությունյանը երկրորդ անգամ վերընտրվել է այս հանձնաժողովի նախագահ երեք տարի ժամկետով: Մինչ այժմ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում այս կարեւոր հանձնաժողովում մշտապես նախագահել են ՌԴ-ն եւ Բելառուսը:
«Չասենք՝ ՌԴ-ն փորձել է, բայց… անկեղծ լինելու համար պետք է նաեւ շատ տրամաբանական համարել, որ ՌԴ-ն, այդ թվում նաեւ ՀԱՊԿ-ի խողովակներով, փորձում է հնարավորինս ընդլայնել իր ռազմաքաղաքական ազդեցությունը: Սա շատ բնական ու տրամաբանական է: Արտառոց բան չեմ տեսնում: Եվ ռուսական քաղաքական ղեկավարությունը, այդ թվում նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությունը, այն ժամանակ նաեւ ՌԴ Պետդումայի նախագահը, տարբեր շփումների ժամանակ անդրադառնում էին այս կամ այն երկրի խորհրդարանին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ տալու հարցին»,- ասաց մեր զրուցակիցը: Այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս, ըստ էության, ձեւավորել միջխորհրդարանական համագործակցության հնարավորություններ այն երկրների խորհրդարանների հետ, որոնք չլինելով ՀԱՊԿ անդամ՝ այնուհանդերձ, կարող են օգտակար դերակատարում ունենալ կոլեկտիվ անվտանգության մակարդակի բարձրացման, ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին սպառնալիքների չեզոքացման հարցում:
Այս, այսպես ասած, ինստիտուտը Խոսրով Հարությունյանը շատ դրական է գնահատում: Ասում է, որ վերոնշյալ նկատառումներից ելնելով՝ անցած 2-3 տարվա ընթացքում նման կարգավիճակ է տրվել Սերբիային եւ Աֆղանստանին: Հայկական պատվիրակությունն էլ բավական պատասխանատու է վերաբերվում այդ ինստիտուտին, քանզի դա բավական օգտակար եւ արդյունավետ են համարում: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն ՀԱՊԿ-ի եւ տվյալ երկրի խորհրդարանական հարաբերությունների զարգացման, այլ նաեւ երկկողմանի: Այս համատեքստում բոլորովին վերջերս Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանում: «Դիտորդի կարգավիճակ տալու գործընթացը կա, եւ դա նորմալ է: Բայց իրականությունն այն է, որ մոտ մեկ ամիս առաջ ինձ, որպես քաղաքական հարցերի եւ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի, ներկայացվեց տեղեկություն, թե Պակիստանի Իսլամական Հանրապետության Մոսկվայում հավատարմագրված դեսպանը պաշտոնապես դիմել էր պարոն Նարիշկինին` ասելով, որ իրենք դեմ չեն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալուն: Կարծիք կար, որ Պակիստանի նախաձեռնությանը պետք է դրական արձագանք տրվի:
Կարդացեք նաև
Բայց մենք` հայկական պատվիրակությունը, տվյալ դեպքում չէինք կարող համաձայնվել ռուսական կողմի տեսակետի հետ: Քաղաքական եւ միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի օրակարգում էր այդ հարցը, մենք հիմնավորելով` հարցը հանեցինք օրակարգից»,- մանրամասնեց Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ հարցը նախապես քննարկվել էր նաեւ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանատուների եւ ՀԱՊԿ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի հետ, հստակեցվել են անելիքները, որպեսզի Պակիստանին դիտորդի կարգավիճակ տալու որոշում չկայացվի: ՀԱՊԿ նշված հանձնաժողովում որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ եթե պատվիրակություններից որեւէ մեկը «դեմ» է, որոշումը չի կարող կայացվել: Նաեւ` որեւէ երկիր դիտորդի կարգավիճակ կարող է ստանալ, եթե նշյալ հանձնաժողովը դրական կարծիք է տվել:
Հայկական կողմի հիմնավորումները եղել են հետեւյալը. «ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակի ինստիտուտը դիտարկվում է բացառապես միջխորհրդարանական այնպիսի հարաբերությունների ձեւավորման հնարավորություն այնպիսի երկրների հետ, որոնք չլինելով ՀԱՊԿ անդամ՝ միջպետական հարաբերություններում իրենց քաղաքականությամբ փորձում են նպաստել կոլեկտիվ անվտանգության մակարդակի բարձրացմանը կամ արտաքին սպառնալիքների նվազեցմանը: Այդ սկզբունքով է Սերբիային եւ Աֆղանստանին տրվել դիտորդի կարգավիճակ: Պակիստանի պարագայում այդ սկզբունքը չի գործում, քանի որ Պակիստանն այն հազվագյուտ երկրներից է, որն անթաքույց պաշտպանել է ԼՂ կոնֆլիկտի հարցում Ադրբեջանի՝ ուժային ճանապարհներով կոնֆլիկտի լուծման բոլոր փորձերը: Պակիստանը, Թուրքիայից հետո, այն պետությունն էր, որն ապրիլյան իրադարձությունների ժամանակ անթաքույց պաշտպանեց Ադրբեջանի ագրեսիան»: Խոսրով Հարությունյանը հիշեցրել է նաեւ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների` հոկտեմբերին Երեւանում կայացած գագաթնաժողովում ԼՂՀ-ի հետ կապված հայտարարություն ընդունվեց, որն առաջինն էր ՀԱՊԿ գոյության ողջ ընթացքում: Այդ հայտարարությամբ արձանագրվում է, որ ԼՂ կոնֆլիկտը ուժային ճանապարհով լուծելու բոլոր փորձերը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները գնահատում են որպես արտաքին սպառնալիք կոլեկտիվ անվտանգությանը: Արդյունքում Պակիստանին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ տալու հարցը հանվել է օրակարգից:
Խոսրով Հարությունյանը նաեւ հավելեց, որ հայաստանյան պատվիրակության խնդիրը եղել է այն, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հասնի Պակիստանին. «Եվ մենք հասանք մեր նպատակին: Պակիստանցիներն իմացան, որ հայաստանյան պատվիրակությունը շատ հիմնավոր պատճառներով դեմ է իրենց անդամակցությանը: Հետեւաբար դեմ է նաեւ այն քաղաքականությանը, որ իրենք վարում են Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում: Հիմա բոլորը` եւ ռուսական, եւ ղազախական, եւ պակիստանյան կողմերը գիտեն մեր դիրքորոշումը, եւ հավանական է, որ խորհրդարանական դիվանագիտության հաջող օգտագործման պարագայում նաեւ հիմք դառնա հետագայում Հայաստան-Պակիստան հարաբերությունները հարթելուն»: Հետագայում Պակիստանի պատվիրակները ներկա են գտնվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովների լիագումար նիստերին որպես վեհաժողովի նախագահի անձնական հյուրեր:
Հիշեցնենք. երկու իսլամական պետությունների` Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի համար Հայաստան անունով պետություն չկա: Պակիստանը ճանաչել է ադրբեջանցիների հորինած «Խոջալուի ցեղասպանությունը», Պակիստանի դպրոցական դասագրքերում էլ Հայաստանը քարտեզներում չկա: Պակիստանում գործում է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի անվան օրիորդաց վարժարան:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
03.12.2016