Կան հարցեր, որոնք կենսական են, սա ԱԺ վերջին լիարժեք քառօրյան է, ուստի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ նիստում դժգոհեց, որ օրակարգը կազմելիս չեն առաջնորդվում ժողովրդի շահով: Նա ասաց. «Երեկ հանդիպում եմ ունեցել Արմավիրի մարզերի գյուղերում, վիճակը աղետալի էր: Գյուղացիները զանգվածաբար թաղվել են վարկային, պարտքային փոսի մեջ, մարդիկ 2-5 մլն պարտք են կուտակել, որոնցից կեսը տույժ ու տուգանք է: Ու սա մի քանի անբարեխիղճ մարդկանց հարց չի, պրոբլեմը համակարգային է: Արեւիկը եղել է ամենահարուստ գյուղերից մեկը, սեղանի խաղող արտադրող, այսօր այդ գյուղից բոլորը անխտիր գրավադրել են իրենց տները»
Լեւոն Զուրաբյանը Գալուստ Սահակյանին հարցրեց՝ մի՞թե հնարավոր չի լսումներ անցկացնել այս հարցի շուրջ, որովհետեւ տուժում են բոլորը՝ գյուղացիները, բանկերը:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ նախ, սա վերջին քառօրյան չէ, հետո ասաց, որ Լեւոն Զուրաբյանն ուզում էր ընդամենը, որ ժողովուրդը լսի իր այցերի մասին. «Եթե որեւէ խնդիր դուք ուզում եք քննարկել վաղը, մյուս օրը, խնդրեմ, այդ մասին խոսացեք; Եթե լսումների անհրաժեշտություն ունեք, որ հանձնաժողովի անդամ եք, այդ հանձնաժողովում լսումներ նախապատրաստեք»:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանը հակադարձեց՝ ժողովրդի հետ հանդիպելը ոչ թե խնդիր է, որի համար պետք է նախատել, այլ ամեն քաղաքական գործչի թասիբն է նաեւ: Նա հորդորեց, որ Գալուստ Սահակյանը վարչապետի հետ գնա Արեւիկ գյուղ. «Այնտեղ ձեզ սպասում են»:
Նա վստահեցրեց, որ առանձին-առանին բանկերը, գյուղացիները այս հարցը չեն կարող լուծել, ուստի առաջարկեց, որ ԱԺ-ն նախաձեռնի քննարկում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ