Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավին մուտք գործել իր օդային տարածք: Արդյունքում ինքնաթիռը վերադարձել է Սոչի: Այս մասին գրում է ուկրաինական censor.net պորտալը:
Ուկրաինացի բլոգեր GalandecZP-ն հրապարակել է դիսպետչերի և օդաչուի զրույցը, որից հետևում է, որ ինքնաթիռը «սիրիական» ուղղությամբ շարժվում էր Հայաստան:
«Երևան հասնել չեք կարող, Ադրբեջանը թույլ չի տալիս: Թռիչքն արգելված է»,- ասել է դիսպետչերը: Օդանավի անձնակազմը հրահանգ է ստացել վերադառնալ Սոչի:
Կարդացեք նաև
Բլոգերը տարակուսանք է հայտնում, որ նախկինում նման խնդիր չի եղել, և, միգուցե, պատճառն այն է, որ արգելված ինչ-որ բան է տեղափոխվում:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում news.am-ի աղբյուրը չի հաստատել այս տեղեկությունը: «Նման տեղեկություն չկա։ Ավելին՝ «սիրիական» ուղղությունը չի ներառում Հայաստանը։ «Էրեբունի» ավիաբազա են ժամանում ավիաբազայի կենսունակության և 102–րդ ռազմաբազայի հետ անմիջական կապ ունեցող օդանավերը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ