Գրեթե 7 ամիս առաջ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում, «Իջեւան ստուդիա« հեռուստաընկերության սրահում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ, «Ազգային միասնություն» շարժման ներկայացուցիչ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հանդիպումը Տավուշի մարզի գործարարների, մարզի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ:
Այդ հանդիպման ժամանակ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք նպատակ ունեն ներգրավել ներդնողների, որպեսզի Հայաստանում, հատկապես՝ սահմանամերձ Տավուշի մարզում գործարար ծրագրեր կյանքի կոչվեն, տնտեսական աշխուժություն լինի եւ առաջարկեց Տավուշից գործարար ծրագրեր ներկայացնել:
Հանդիպումից բավական ժամանակ է անցել, «Ազգային միասնություն» շարժման Տավուշի մարզի համակարգող, իջեւանցի գործարար Արթուր Մադաթյանին հարցրինք, թե Տավուշի մարզից քանի՞ ծրագրեր են ներկայացվել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Նա ասաց, որ Տավուշի մարզից բիզնեսի 20 ծրագիր է ներկայացվել: Ա. Մադաթյանի խոսքերով՝ Տավուշից ներկայացված գործարար ծրագրերը լավ մշակված չեն, դրանք որպես բիզնես-պլաններ մշակելու համար համապատասխան մասնագետները յուրաքանչյուր բիզնես ծրագրի համար 90 հազար դրամ են պահանջել: Նա հայտնեց, որ «Ազգային միասնություն» շարժումը բիզնես ծրագրերը ներկայացրել է տարբեր երկրների դեսպանատներ, որպեսզի գտնվեն դրանց ֆինանսավորման աղբյուրները:
Ա. Մադաթյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի այլ մարզերից ներկայացված բիզնես ծրագրերը իրագործվե՞լ են կամ իրականացման փուլո՞ւմ են: Նրա պատասխանը բացասական էր:
Կարդացեք նաև
«Ազգային միասնություն» շարժման Տավուշի մարզի համակարգողին հարց տվեցինք՝ այդ շարժումը իրեն, որպես Տավուշի մարզի համակարգողի, աշխատավարձի, գրասենյակի, փոխադրամիջոցի համար գումարներ վճարո՞ւմ է: Նա ասաց, որ ինքը աշխատավարձ չի ստանում, աշխատում է հասարակական հիմունքներով, որպես գրասենյակի եւ ավտոմեքենայի վճար 3 ամիս գումար են տրամադրել, հետո վճարումը դադարեցվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ