Վաղը՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին Երևանի «էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կմեկնարկի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանսը, որը յուրահատուկ է ավանդական դարձող «Թվապատում» լրագրողական միջոցառումների շարքում:
Երեք օր շարունակ` դեկտեմբերի 6-8-ը, հետաքննական լրագրության ոլորտի 16 մասնագետներ աշխարհի 10 երկրից հայ գործընկերներին կներկայացնեն ոլորտում իրենց փորձն ու ձեռքբերումները՝ բանախոսությունների, ցուցադրությունների և գործնական դասերի միջոցով:
Կոնֆերանսին մասնակցելու համար եղել է գրանցում, բայց մուտքն ազատ կլինի նաև նախապես չգրանցված մասնակիցների համար:
Բանախոսների ցանկը, կոնֆերանսի օրակարգը և այլ տեղեկություն կարելի է ստանալ «Թվապատում» կայքից, նաև՝ միանալով միջոցառմանը Ֆեյսբուքում: Թվապատման մասին գրառումները սոցցանցերում տարածելու և փնտրելու համար կիրառվում է #Tvapatum16 հեշթեգը:
«Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Միջոցառմանն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը: «Թվապատում հետաքննությունը» իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ:
ՄԱՄՈԻԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ