Ինչպես հայտնի է, 2006 թվականից գործածվել է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը: Այդ համակարգը իրենից ներկայացնում է շտեմարան, ուր զետեղված են Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերը հատած քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների մասին տվյալները:
ՍԷԿՏ
ՍԷԿՏ-ի էլեկտրոնային շտեմարաններում են պահվում Հայաստանի պետական սահմանը հատողների անձնագրերի ու տեխ. անձնագրերի սքանները, սահմանը հատելու օրի, ժամի, ուղղության ու ուղեկցող անձանց մասին, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք պահվում են առնվազն 7 տարի:
ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 884 որոշմամբ հստակ ամրագրված է, թե ո՞ր մարմինները կարող են օգտվել ՍԷԿՏ համակարգից: Այդ ցանկում են ՀՀ մի շարք պետական մարմիններ՝ իրավապահների ու գործադիր իշխանության որոշ ճյուղեր:
Սակայն, ուսումնասիրելով այս տարվա օգոստոսին ամերիկացի դիվանագետների անձնագրերի սքանների արտահոսքի պատմությունը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» բացահայտեց, որ Հայաստանի ՍԷԿՏ համակարգից օգտվելու իրավունք ունի նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:
Մասնավորապես, պատասխանելով մեր հարցմանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությանը տրամադրել են ՍԷԿՏ-ից օգտվելու հասանելիություն:
Այլ կերպ ասած, ՀՀ ԱԱԾ-ի թույլտվությամբ ՌԴ ԱԴԾ-ն ունի Հայաստանի սահմանը հատած բոլոր անձանց մասին բոլոր տեղեկությունները՝ ո՞վ է հատել, ե՞րբ է հատել, ո՞ր անցակետն ու ո՞ր ուղղությամբ է հատել, ի՞նչ տրանսպորտային միջոցով և ու՞մ հետ է հատել:
Իրավական մասը
Ինչպես նշեցինք, կառավարության որոշմամբ միմիայն ՀՀ պետական մարմինները կարող են օգտվել ՍէԿՏ-ից: ԱԱԾ-ն, իր հերթին, հղում է կատարում 1992 թվականի «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրին՝ չնշելով դրա որևէ կոնկրետ դրույթ:
Ու թեև ակնհայտ է, որ 1992 թվականի պայմանագրում չի կարող որևէ կետ լինել 2006 թվականին ստեղծված էլեկտրոնային համակարգի մասին, նշենք, որ վկայակոչվող պայմանագրով (դրա 6-րդ հոդվածով) Իրանի և Թուրքիայի հետ սահմանին գործող անցակետերում ՌԴ սահմանապահները իրականացնում են բացառապես «մարդկանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների և այլ իրերի բացթողումը»:
Ուստի, մի կողմ թողնելով այն, թե ինչու՞ են ՌԴ սահմանապահները առ այսօր նստած Իրանի հետ սահմանի անցակետում (անգամ ավելին՝ նաև Զվարթնոց օդակայանում), արձանագրենք, որ իրենց՝ 1992 թվականի պայմանագրով ամրագրված գործառույթները կատարելու մեջ առավելագույնը կարող է մտնել սահմանը հատող անձանց տվյալների մուտքագրում ՍԷԿՏ համակարգ, բայց ոչ դրանում առկա տեղեկությունների ընթերցում:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը հստակ ամրագրում է, որ «Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն միջպետական պայմանագրերի շրջանակներում»: Եվ, քանի որ չկա որևէ միջպետական պայմանագիր, որով Հայաստանը Ռուսաստանին պետք է փոխանցի ՀՀ պետական սահմանը հատած անձանց անձնական տվյալները, ապա այդ տվյալների փոխանցումն անօրինական է:
Անգամ ավելին, ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով… իրավաչափ հիմքի առկայությամբ»:
ԱԱԾ թողտվությամբ
Այսպիսով, հստակ է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից (որպես ՍԷԿՏ-ը համակարգող մարմին), քաղաքացիների անձնական տվյալների հասանելիությունը Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ին տրամադրելը ոչ միայն ապօրինի է, այլև հանդիսանում է անձանց սահմանադրական իրավունքի խախտում:
Ընդ որում, այդ կերպ խախտվում է ոչ ավել, ոչ պակաս, քան վերջին 7 տարում ՀՀ պետական սահմանը հատած բոլոր օտարերկրացիների ու հայաստանցիների սահմանադրական իրավունքը:
Հարկ ենք համարում նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ ԱԱԾ-ի թողտվությամբ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահները ոտնահարում են ՀՀ օրենսդրությունը: Բոլորս հիշում ենք Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին չփոխանցելը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինական գործունեության խոչընդոտումը և այլն:
Սակայն, շարունակական ու միաժամանակ մասսայական խախտման վառ օրինակ է Զվարթնոց օդակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահների փոխարեն անցագրային գործառույթների իրականացումը, որը որևէ կերպ չի բխում 1992 թվականի պայմանագրից, ոչ էլ այլ իրավական ակտից:
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»