Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասմիկ Պապյանը գեղեցիկ կին է՝ հյութեղ սոպրանոյով»

Դեկտեմբեր 05,2016 12:30

Չեխ դիրիժոր Լեոշ Սվարովսկին տպավորված է հայազգի երաժիշտներով

Հաճելի է, երբ մեր երկիր հյուրախաղերով ժամանած օտարազգի երաժիշտները գովեստի խոսքեր են շռայլում հայ արվեստագետների հասցեին:

Օրերս էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից հրավիրված չեխ դիրիժոր Լեոշ Սվարովսկին (լուսանկարում) մեզ հետ զրույցում իր հիացմունքն արտահայտեց օպերային դիվա Հասմիկ Պապյանի հասցեին: «Թույլ տվեք առաջին հերթին փաստել, որ նա նախ գեղեցիկ կին է, նաեւ աշխարհին վաղուց հայտնի է երգչուհու հյութեղ սոպրանոն: Տարվա կտրվածքով շուրջ 90 համերգներ եմ վարում եւ հասկանալի պատճառով կոնկրետ չեմ կարող նշել, թե որ թվականին եմ համագործակցել Հասմիկ Պապյանի հետ: Դա մոտավորապես 7-8 տարի առաջ էր, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը գալա համերգին հրավիրել էր հայ երգչուհուն եւ հիանալի տենոր Միրոսլավ Դվորսկուն: Իմիջիայլոց, երկու արվեստագետները հիանալի ընկերներ են: Այդ երեկոյին տիկին Պապյանը այլ կատարումների թվում հիացրեց Տոսկայի արիայի իր մեկնաբանմամբ՝ Պուչինիի համանուն օպերայից, մանավանդ որ՝ այդ օպերան իմ ամենասիրելին է… Մինչ օրս ականջիս հնչում է հայ սոպրանոյի եւ Միրոսլավի կատարմամբ Լեոնորայի եւ Մանրիկոյի դուետը… Սա մի անբացատրելի բարձրարվեստ կատարում էր»,- իր հիշողությունն ու տպավորությունը նման կերպ արտահայտեց դիրիժորը: Հավելեց նաեւ, թե ինքը հանդես է եկել հայ եւ հայազգի այլ արվեստագետների հետ եւս: Առանձնացրեց ճանաչված օպերային երգչուհի Մարիա Գուլեգինայի անունը:

latrav_zoom

Հասմիկ Պապյանն ու Միրոսլավ Դվորսկին «Ցինցինատի-օպերա»-ում (ԱՄՆ): Վերդիի «Տրավիատայում»՝ Տրավիատայի եւ Ալֆրեդի կերպարներում:

Դիտարկմանը՝ մեր հանդիսատեսն իրեն ճանաչում է իբրեւ սիմֆոնիկ դիրիժոր (սա մաեստրոյի 3-րդ այցն էր Հայաստան), Լեոշ Սվարովսկին պատասխանեց. «Տարվա ընթացքում 60-70 տոկոս են կազմում սիմֆոնիկ նվագախմբերի հետ ելույթներս, իսկ շուրջ 30 տոկոսով հանդես եմ գալիս իբրեւ օպերային դիրիժոր: Մասնակցել եմ բազմաթիվ օպերային փառատոների եւս: Առաջինը 1993 թվականին էր, մասնակցեցի Զալցբուրգի ամենամյա փառատոնին, որը 1948 թվականին հիմնել է Հերբերտ ֆոն Կարայանը: Այդ տարի էլ ասիստենտն էի հռչակավոր մաեստրո Ջորջ Շոլթիի: Ի դեպ, մինչ այդ փառատոնը 1991-ից շուրջ 5 տարի օպերային ներկայացումներ եմ վարել Պրահայի ազգային օպերային թատրոնում …»:

Զրույցի ընթացքում Լեոշ Սվարովսկին երաժշտարվեստում ունեցած հաջողությունների համար երախտագիտությամբ հիշեց ոչ միայն հորը, որը ժամանակին ճանաչված ֆագոտահար է եղել, այլեւ Ջորջ Շոլթիին:

img_0016

Կարմեն Թոսունյանը (կենտրոնում), օպերային երգչուհի Անժելա Գեորգիուն եւ Վալերի Գերգիեւը «Քարնեգի» դահլիճում:

Մենք մտաբերեցինք 2012 թվականը, երբ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանը մասնակցել էր «Քարնեգի» դահլիճում Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ 35 երկրների երաժիշտներից բաղկացած «Համաշխարհային խաղաղության նվագախմբի» համերգին: Այդ երեկոն նվիրված էր Ջորջ Շոլթիի ծննդյան 100-ամյակին: Կարմեն Թոսունյանը մեզ տեղեկացրել էր, որ «Խաղաղության նվագախումբը» հիմնադրվել է 1995թ.՝ ՄԱԿ-ի 50-ամյակի առթիվ, մաեստրո Շոլթիի կողմից, իսկ 20-րդ դարի հռչակավոր դիրիժորի՝ Շոլթիի մահից հետո այն ղեկավարում է Վալերի Գերգիեւը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»

03.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031