Ընթացիկ տարին Հայաստանի ըմբիշների համար դեռ չի ավարտվել: Ազատ ու հունահռոմեական ոճերի ներկայացուցիչները դեռ մասնակցում կամ շարունակում են նախապատրաստվել միջազգային խոշորագույն մրցաշարերին:
Երեկ Խարկովի «Լոկոմոտիվ» մարզապալատում ավարտվեց ազատ ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ հաղթողին ու մրցանակակրին որոշում էին 10 երկրների 12 թիմեր: Ինչպես նախորդ տարի, Հայաստանը ներկայացված էր «Տաշիր» ակումբով: Խմբային մրցաշարում «Տաշիրը» միեւնույն 5:3 հաշվով առավելության էր հասել բավականին ուժեղ կազմ ունեցող Իրանի «Սեթարագանիի» եւ Թուրքիայի «Istanbul Sanc»-ի նկատմամբ, «D» խմբում ճանաչվել հաղթող, որից հետո պարտվել էր նախ՝ կիսաեզրափակչում, ապա նաեւ՝ 3-րդ տեղի համար պայքարներում: Ի վերջո, մեր թիմը գրավել է 4-րդ տեղը՝ կրկնելով նախորդ տարվա արդյունքը:
Սակայն ազատ ոճայինների համար տարին այսքանով չի սահմանափակվել: 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հավաքականի մյուս տղաների հետ նախապատրաստվում են դեկտեմբերի 10-11-ին Բուդապեշտում կայանալիք ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզչի խոսքերով տղաներն ամենայն պատասխանատվությամբ են մարզվում, ինչը հաջող մասնակցության հույսեր է ներշնչում:
Աշխատանքային լարված իրավիճակ է նաեւ հունահռոմեական ըմբշամարտում: «Դինամո» ակումբը նախապատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը, որն անցկացվելու է դեկտեմբերի 8-ից 9-ը՝ Բուդապեշտում: Ակումբը պետք է անի հնարավոր ամեն բան՝ առնվազն կրկնելու անցած տարվա ցուցանիշը: Այն ժամանակ «Դինամոն» տուն վերադարձավ արծաթե մեդալով: Իսկ ահա մեր լավագույն ըմբիշներից Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը՝ 71 կգ քաշային կարգ եւ Հայաստանի չեմպիոն Սարգիս Քոչարյանը՝ 80 կգ, կմասնակցեն այս ոճի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությանը:
Երկու ըմբիշներն էլ գիտակցում են պատասխանատվության աստիճանը եւ գնահատում են իրենց իրական հնարավորությունները: Մասնավորապես, Վարշամ Բորանյանը կարծում է, թե իր ապագա մրցակիցների մեծ մասը Եվրոպայի առաջնության մասնակիցներն են լինելու, որոնց ճանաչում է: Նաեւ հավելել է, թե արդեն հարմարվել է ըմբշամարտի նոր կանոններին, հասցրել այդ կանոններով մրցաշարերի մասնակցել:
Փորձառու թիմակցին հակառակ, Սարգիս Քոչարյանը այնքան էլ լավ չի ճանաչում իր ապագա մրցակիցներին: Բայց դա էլ նրա համար իր առավելությունն ունի՝ կճանաչի մրցագորգի վրա: Նրան չի խանգարում, որ սա լինելու է իր առաջին խոշոր մրցաշարը մեծահասակների տարիքային խմբում: Բայց երիտասարդի մրցաշարերի մասնակցությունը իրեն հոգեբանորեն կայուն է դարձրել ու պատրաստ կլինի պայքարի: Նրա խոսքերով, եթե ինքը մեդալների համար պայքարելու հնարավորություն չունենար, աշխարհի առաջնություն չէր մեկնի:
Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը աշխարհի առաջնությունում թեժ մրցակցություն է ակնկալում՝ լուրջ ըմբիշներ կան: Նրա գնահատմամբ ըմբիշները լավ վիճակում են ու մնում է, որ իրենց իսկական ունակությունները ցուցադրեն մրցագորգում: Մասնագետը, ինչպես միշտ, ձեռնպահ է մնում կանխագուշակություններ անելուց: Բայց նաեւ ընդծում է, որ մեր հունահռոմեականները միշտ էլ մրցումների մեկնում են մեդալների համար պայքարելու:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
03.12.2016