«Հոգեւոր Հայաստանի» հրավիրած համահայկական խորհրդաժողովը ստեղծված իրավիճակը գնահատելով պատմական բացառիկ հնարավորություն, իր կամքն ու վճռականությունն է հայտնում՝ նախաձեռնել ու գործնական հիմքի վրա դնել համայն հայության փաստացի նոր տիպի ու որակի երկիր կայացնելու հրամայականը, վերականգնելով Մեծ եղեռնի հետեւանքով ամբողջական կյանքով ապրելու մեր ժողովրդի խախտված կենսական իրավունքը:
Մեր աննախադեպ անկմանը ի հակակշիռ, մեզնից պահանջվում է խիզախման, ճեղքում ապահովող արարման աննախադեպ համարժեքը:
Մեր կոչն ուղղված է մեր իրական, միասնական Հայրենիքում՝ ՀԱՅՔ-ում, արդեն իսկ ապրելու հավատամքը կրող համայն հանրությանը:
Միավորվենք ՀԱՅՔ գաղափարի շուրջ, մեկտեղենք համայն հայության ներուժը, երկար տարիներ ի վեր մեր բոլոր ազգապահպան եւ հայոց դատին հետամուտ կառույցների, ազգային գործիչների հայրենանվեր ջանքերը եւ համընդհանուր քաղաքակրթական ճգնաժամ ապրող այսօրվա աշխարհին ներկայանանք որպես սեփական ինքնության հիմքի վրա բարձրակարգ արժեհամակարգ ձևավորված օրինակելի երկրի ուղենիշ: Այս առաքելությանը հետամուտ՝ խորհրդաժողովի ընթացքում ձեւավորված ՀԱՅՔ-ի գաղափարական, ինչպես եւ կառուցվածքի, կառավարմանն ու գործունեությանն առնչվող հիմնահարցերը ակնկալվում է ամբողջացնել հայկական շրջանակների կողմից լայն քննարկման եւ շահագրգիռ առաջարկների արդյունքում:
Խորհրդաժողովում ձեւավորվել են տարբեր ոլորտները հայկականության հիմքի վրա հիմնովին բարեշրջելու հանձնախմբեր, որոնց կազմում ձեր գործուն մասնակցությունը մեր հաջողության հիմնական գրավականն է: Սա չի կարող հերթական, մասնակի նախաձեռնություն լինել… Սա բոլորիս, յուրաքանչյուր հայի խնդիրն է, պահի հրամայականը… Արձագանքիր…
Սպասում ենք քո շահագրգիռ առաջարկներին:
Խորհրդաժողովը ակնկալում է համայն հայության ներուժը միավորելով՝ նախապատրաստել եւ հաջորդ տարվա գարնանամուտին Երեւանում հրավիրել ՀԱՅՔ համահայկական համաժողովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ