Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրինագիծ. երեխաներին խլելո՞ւ, թե՞ բռնությունը կանխարգելելու միջոց

Դեկտեմբեր 04,2016 15:33

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» օրենքի նախագծի մասին այս օրերին ասվեց հնարավոր ամեն ինչ՝ դրա անհրաժեշտությունից մինչև դավադրությունների տեսությանը հարիր «երեխաներին ընտանիքներից խլելու» մեղադրանքներ, սակայն թե իրականում ինչո՞ւ է այն նախաձեռնվել և Հայաստանն ունի արդյոք օրենսդրական նման կարգավորման անհրաժեշտություն, գրեթե չխոսվեց։

«Ընդհանուր առմամբ Հայաստանը որդեգրել է երեխաներին հաստատություններից դեպի ընտանիք, ընտանիքում մեծացնելու քաղաքականությունը, իսկ երեխաներին ընտանիքից օտարելու, ծնողներից վերցնելու մասին վերջին խոսակցությունները պարզապես անհեթեթություններ են»,- վերջին օրերին հնչած տարբեր մեղադրանքներին  այսպես է արձագանքում «Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարատատության հոգեբան Արշակ Գասպարյան։

arshak-gasparyan

 «Երեխաներից օճառ սարքելու» մասին օրե՞նք

Բարձրացված աղմուկի «մեղավորն» արդեն մի քանի տարի այդպես էլ չընդունվող «Ընտանեկան բռնության մասին օրենքի» նախագիծն է։ Այս չարչրկված օրինագիծը դեռևս 2007-ին էր նախաձեռնվել ու մշակվել  հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական փորձագետների կողմից, սակայն այն մերժելուց հետո, այս տարի Արդարադատության նախարարությունը  ստանձնեց օրենքի մշակումը և նոյեմբերի սկզբին օրենսդրական փաթեթը դրվեց շրջանառության մեջ։

Արդեն նոյեմբերի 28-ի երեկոյան «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» անվանումը ստացած օրինագիծը  հրապարակվեց նախարարության կայքէջում։

Ու թեև օրենքի պատրաստման փուլում չներգրավվեցին ոլորտում մասնագիտացած և ընտանեկան բռնության զոհերի հետ ամենօրյա աշխատանք տանող հասարակական կառույցները, որոնք այս նոր օրենքի նախագծի վերաբերյալ ունեն լուրջ առարկություններ, սակայն այս նոր օրինագիծը ևս որակվեց որպես «գրանտակերների» նախաձեռնություն, որը «նպատակ ունի քանդել ընտանիքները»։

Բարձրացված աղմուկը նախարարությանը ստիպեց նահանջել և հենց հաջորդ առավոտյան կայքէջից հեռացվեց օրենքի նախագիծը՝  առաջիկայում լայնամասշտաբ հանրային քննարկում կազմակերպելու և ստացված առաջարկների հիման վրա լրամշակված նախագծի տարբերակը տեղադրելու խոստմամբ։

Եվրոպացիների  պահա՞նջ, թե՞ իրական պայքարի անհրաժեշտություն

Օրենքի նախագծի ընդդիմախոսները պնդում են, որ ընտանեկան բռնության դեմ օրենք ընդունելը պարզապես միջազգային կառույցների քմահաճույքն ու պահանջն է, սակայն  Հայաստանում միայն վերջին հինգ տարիների ընթացքում պաշտոնական տվյալներով 30 կնոջ սպանություն է գրանցվել ընտանեկան բռնության հետևանքով։ Այդ դեպքերի ընթացքում, առնվազն 7 երեխա ականատես է եղել մոր սպանությանը և շուրջ 33 անչափահաս երեխա զրկվել է մայրական խնամքից։

Ոստիկանության տվյալներով 2016-ի առաջին 10 ամիսներին գրանցվել է 563 ընտանեկան բռնության դեպք, որից 115-ով հարուցվել է քրեական գործ, որից 34-ն էլ ուղարկվել է դատարան, 81-ը՝ կարճվել։ Կենակցի կողմից կնոջ ծեծի 3 դեպք է գրանցվել, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 367 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 9 դեպք, ծնողի կողմից երեխայի նկատմամբ՝ 47 դեպք, երեխայի կողմից ծնողի նկատմամբ՝ 67 դեպք: Հասարակական կառույցների թեժ գծերին ստացած զանգերը անցնում են մի քանի հազարը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալների՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով թեժ գծին կատարած ահազանգերի թիվը վերջին 3 տարիների ընթացքում կազմել է 5500, որից շուրջ 2000-ը գրանցվել է 2015-ին: Ոստիկանության պաշտոնական տվյալներով 2015-ին գրանցվել է 857 դեպք:

Պաշտոնական այս տվյալներն, ինչպես պնդում են փորձագետները և ոստիկանության պաշտոնյաները, այսբերգի միայն երևացող մասն է, քանի որ խնդրի մասին կանայք բարձրաձայնում են միայն երբ դանակը հասնում է ոսկորին:

Ինչո՞ւ է անհրաժեշտ առանձին օրենք, եթե քրեական օրենսգրքով, Ընտանեկան օրենսգրքով խնդրի որոշակի կարգավորումներ տրվում են, այս հարցը վերջին օրերին բազմիցս բարձրացվեց, ինչին ի պատասխան հասարակական կառույցների և Սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչները, Ոստիկանության պաշտոնյաները պնդում են, որ այն հարկավոր է նախ և առաջ կանխարգելիչ մեխանիզմները ստեղծելու համար:

«Մեզ հաճախ են մեղադրում չգործելու մեջ, սակայն իրականում ոստիկանությունը չունի գործիք, օրինակ, շատ հաճախ լինում է ահազանգ, երբ կինն ահաբեկված ասում է, որ նախկին ամուսինը բակում է, շրջում է և ինքը վախենում է, այդպես էր նաև կացնահարված Թագուհու դեպքում, սակայն առանց օրենքի, առանց օրենքի կանխարգելիչ մեխանիզմների ոստիկանությունը չունի որևէ լիազորություն նման իրավիճակներում գործելու»,- ասում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Nelly_Duryan

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» աշխատակից Աննա Հովհաննիսյանն էլ շեշտում է, որ  առկա օրենքները, որոնք թվում է, թե կարգավորում են դաշտը, չեն առաջացնում մեխանիզմներ և չեն անդրադառնում բուն ընտանեկան բռնության երևույթին:

«Եղած օրենքները հասցեական չեն, չունեն որևէ պաշտպանական մեխանիզմներ, այս տեսանկյունից անհրաժեշտություն կա ունենալ առանձին օրենք, օրինակ եղել են շատ դեպքեր, երբ ներկա կամ նախկին ամուսինները հետապնդում ու սպառնում են կանանց, սակայն փաստացի չկա ոչ մի պաշտպանության մեխանիզմ այդ սպառնալիքներին դեմ գնալու համար»,- ասում է  Հովհաննիսյանը, սակայն, ցավոք ընդգծում է նաև, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր օրինագծի տարբերակը թերի է և վերահսկող վարքը, սպառնալիքները ներառված չեն որպես ընտանեկան բռնության դրսևորում։

Կանխարգելման կարևորությունը զգացվել է բազմիցս, ամենաթարմ դեպքը, երբ այս տարվա հուլիսին Երևանում ամուսնու կողմից կացնահարվել և ծանր վնասվածքներ էր ստացել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և նրա հայրը, իսկ կացնի հարվածից մահացել էր նրա մայրը։ Տուժողները բազմիցս դիմել էին ոստիկանությանը, սակայն ոստիկանությունը՝ չունենալով բավարար օրենսդրական լծակներ, չէր կարողացել բավարար օգնություն ցուցաբերել, որը միգուցե կկանխեր ոճրագործությունը։

Եվ, որ ամենակարևորն է, նման օրենքով առավել առաջնային տեղ պետք է տալ բռնության կանխարգելմանը, քան պատժի կիրառմանը, ինչը կօգնի նաև ընտանեկան բռնության առնչությամբ հարուցվող քրեական գործերի քանակի նվազեցմանը:

Մինչդեռ Հայաստանում նման օրենք ունենալու դեմ պայքարողները վստահ են, որ այսպիսով կստեղծվի նախադրյալներ և օրինական հիմքեր տարբեր իրավական հիմնավորումներով միջամտելու ընտանիքի միջանձնային հարաբերություններին, կազմալուծելու ընտանիքները և երեխաներին ընտանիքներից օտարելով տեղափոխել ապաստարաններ:

Քաղաքագետ Հրանտ Մելիք֊Շահնազարյանն  ընտանեկան բռնության մասին առանձին օրենք ունենալու իմաստ չի տեսնում։

«Որևէ նոր բան չի առաջարկվում այդ օրենքով, առաջարկվում է ավելորդ մասնակցություն, որն անհասկանալի և անընդունելի եմ համարում։ Անհասկանալի է պետական մարմինների ստեղծումը, որոնք իրավունք են ստանալու միջամտել ընտանիքի գործերին, նախատեսվում է նաև ստեղծել ապաստարաններ, ցանկացած մարդ կարող է նման ապաստարան ստեղծել և համալրել իր համար անհրաժեշտ երեխաներով՝ տարբեր նպատակների համար»,-ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ հնարավոր բոլոր միջոցներով կփորձի պայքարել այս օրինագիծը չանցկացնելու համար։

Որտե՞ղ է թաքնված ձկան գլուխը

2013-ի ամռանը, երբ Հայաստանի խորհրդարանը քննարկում էր Գենդերային հավասարության մասին օրենքի ընդունման հարցը, կրկին նմանատիպ ընդվզում եղավ։ Այդ օրերին բոլորը խոսում էին, թե այսպիսով օրինականացվում է նույնասեռականությունը։ Այդ ժամանակ թիրախավորվեցին կանանց իրավունքներով ու խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, սկսվեց եվրոպական արժեքների խեղաթյուրման ակտիվ ալիք:

Ու մինչ հասարակությունը զբաղված էր «գեյերից ու եվրոպաներից եկող ազգակործան վտանգները չեզոքացնելով», շատ անսպասելի Հայաստանի քաղաքական կուրսը մեկ օրում փոխվեց դեպի Մաքսային միություն (հետագայում ԵԱՏՄ), մինչդեռ երկրում վերջին տարիներին տարվող քաղաքականության բոլոր ուղիները տանում էին Եվրոպա։

«Սա նույն ձեռագիրն է, ընտանեկան բռնության օրենքի շուրջ այս աղմուկը պատահական չէ, մենք շատ լավ գիտենք, որ սրանք զուգորդվում են քաղաքական գործընթացների հետ, չէ՞ որ առջևում ընտրություններն են։ Հիմա երկրորդ փուլն է, նույն մարդիկ, նույն վայրերից ֆինանսավորվող, ու թեև իրենք մեզ են ասում ֆինանսավորվում ենք, բայց իրենք էլ շատ լավ ֆինանսավորվում են ռուսական աղբյուրներից, և դա բացահայտ ապացուցված փաստ է, հենց իրենք են խեղաթյուրում ընտանիք հասկացությունը»,- ասում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը։

Այս անգամ աղմուկի հիմնասյուն դարձավ նաև դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության թերացման հետևանքով երեխաների խնամքից զրկված մայրերի բողոքը պաշտպանող նորանշանակ վարչապետի նորանշանակ օգնականի այն հայտարարությունը, որ «եթե օրենքը ենթադրում է` դատական վճիռը պետք է կատարվի, ապա այն պետք է կատարվի, չնայած նրան, որ կլինեն գոռգոռոցներ, ծանր հոգեբանական և հոգեկան իրավիճակներ»:

Սակայն այս հայտարարության մի մասը` համատեքստից դուրս բերվելով, համադրվելով այլ երկրներում տեղի ունեցած երեխաներին տնից օտարելու վիդեո կադրերով, ամբողջությամբ խեղաթյուրվեց, և վարչապետի օգնականը մեղադրվեց  երեխաներին ընտանիքներից օտարելու, ծնողական իրավունքներից զրկելու քարոզի համար։

Մինչդեռ վարչապետի օգնական Արամ Վարդևանյանն անդրադարձել էր բոլորովին այլ խնդրի, երբ դատական ատյանների որոշմամբ երեխան պետք է մնա մոր խնամքի ներքո, բայց հայրերը խլում են, թույլ չեն տալիս անգամ տեսակցել մորը, այս տարի գրանցվեց անգամ դեպք, երբ մայրը երեք տարի երեխաներին տեսնելու համար ապարդյուն պայքարից հուսահատ ինքնասպան եղավ, մինչդեռ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն անգործություն էր ցուցաբերում և չէր իրականացնում երեխաներին մորը վերադարձնելու օրենքի կատարման պահանջը:

Իրականության մեջ Հայաստանում ծնողական իրավունքներից զրկելը բավական դժվար, հաճախ անհնար գործընթաց է, ինչից պարբերաբար բողոքում են մանկատների ղեկավարները, պնդելով, որ անգամ այն ծնողին, որը ծնված օրից երեխային գցել է մանկատուն, երբևէ չի այցելել, սակայն չեն կարողանում զրկել ծնողական իրավունքից, որպեսզի կարողանան երեխային հանձնել որդեգրման և ապահովել ընտանիքով:

«Երևույթն այն է, որ մեր երկրի որդեգրած սոցիալական քաղաքականությունը գնում է դեպի ընտանիք, այսօր ծրագրեր են իրականացվում,  որ երեխան վերադառնա ընտանիք և ստանա ընտանեկան խնամք, եթե չկա կամ անհնար է կենսաբանական ընտանիք վերադարձ,ապա կարող է լինել խնամատարության ինստիտուտի միջոցով, թե որքանով կայացած է, կամ կարող է հետագայում այս ինստիտուտը կայանալ, դա արդեն այլ հարց է, բայց այս իրավիճակում խոսել երեխաներին օտարելու մասին, առնվազն խեղաթյուրում է և աբսուրդ,- նշում է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, հոգեբան Արշակ Գասպարյանը:

Գասպարյանն, ով նաև անչափահասների (յուվենալ) արդարադատության խորհրդի անդամ է, ասում է, որ այդ տերմինը  նույնպես այլ կերպ է ներկայացվում և ընտանեկան բռնության մասին օրենքի հետ որևէ ընդհանուր եզր չունի։

«Սա արդարադատության ինքնուրույն ճյուղ է, որի նպատակն, ընդհանրապես, երեխաներին, (իսկ որոշ երկրներում, նույնիսկ մինչև 21 տարեկան երիտասարդներին), ողջ արդարադատության համակարգում պաշտպանելն ու ինքնիրացման, զարգացման հնարավորություններ ընձեռելն է։ Էլ ու՞ր մնաց, թե երեխայի կամ նրա ընտանիքի «քայքայում»,- ասում է Գասպարյանը։

Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակցի համար նույնպես վերջին օրերի քննարկումներն անտեղի են։

«Հասկանում ենք, որ սա հերթական մանիպուլյացիան է, որով փորձում են մարդկանց վրա ազդել, պարզապես մնում է հուսալ, որ մարդիկ տեղեկատվություն կփորձեն ստանալ հավաստի աղբյուրներից,- ասում է Աննա Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ ընտանիքը չի քանդվում այն ժամանակ, երբ անդամներից մեկին տանում են ապաստարան, ընտանիքը քանդվում է այն ժամանակ, երբ այնտեղ կա անառողջ մթնոլորտ, կա բռնություն, ծեծ, նսեմացում, արժանապատվության ոտնահարում, եթե խնդիրը հասնում է ապաստարան գնալուն, ապա ընտանիքն արդեն վաղուց քանդված է:

«Ապաստարանում եղած ամեն կնոջ հետևում կա մի ողջ կյանքի ողբերգություն և միայն այդ պատմություններին ծանոթ լինելուց հետո կարող ենք որոշել, արդյո՞ք մեր երկիրն ունի ապաստարանների կարիք, թե՝ ոչ»:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Վաղուց չէի կարդում ու առաջիկայում էլ չեմ կարդա խտրական առավոտը/Արամ Վարդևանյանի մասին լուրեր էի փնտրում, պատահաբար գտա էս էջը։/։
    բայց լրագրողի փայլուն աշխատանքը հարգանքի է արժանի։

  2. Աշոտ says:

    Օրենքը, որով ստեղծվում են յուվենալ արդարադատության մարմինները, որևէ ընդհանուր եզր չունի? յուվենալ արդարադատության հետ: զավեշտ է: 1. 40 տոկոս աղքատություն ունեցող երկրում ստեղծվում է չինովնիկների նոր ապարատ, որոնք երևի երկնքից իջած հրեշտակներ են լինելու և ծնողներից ավելի շատ են հոգալու երեխաների շահերի մասին. իսկ ահռելի ֆինանսական ծախսերը? կոռուպցիոն ռիսկերը? երբ ինչ-որ պաշտոնյա առանց դատարանի որոշման, երեխային ընտանիքից վերցնելու լիազորություն է ստանալու: 2. Բռնությունը հանցանք է. նոր հեծանիվ? են հորինում. հանցանքներ կանխարգելելու ռազմավարություն կարող է մշակվել` ուղղված պատճառների նվազեցմանը, բայց կանխարգելման օրենքն աբսուրդի ժանրից է: Ուրեմն մարդասպանությունների, գողությունների կանխարգելման օրենքներ էլ ընդունեք` բոլորին համարելով պոտենցիալ հանցագործներ և տոտալ վերահսկողություն սահմանելով: 3. Այս ինչ? խտրական մոտեցում է ընտանիքների նկատմամբ. դպրոցներում կամ մանկատներում երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելման օրենք կա?: Յուվենալ արդարդատության մասին Եվրոխորհրդարանի ռեզոլյուցիան. / 6. Парламентская Ассамблея озабочена нарушением прав детей в ряде стран (или районах таких стран), когда социальные службы забирают детей слишком быстро и не прилагают достаточно усилий, чтобы поддержать семью до и/или после решений об изъятии ребенка и помещении его в другое место. Эти необоснованные решения обычно имеют – иногда непреднамеренно – дискриминационный характер и могут являться серьезным нарушением прав ребенка и его или ее родителей, и еще более трагичной является ситуация, когда такие решения являются односторонними (как в случаях усыновления/удочерения без согласия родителей)/ https://subscribe.ru/catalog/law.europeancourt բացահայտորեն ստում են բոլոր այն մարդիկ, ովքեր պնդում են, որ այս օրենքը կապ չունի երեխաներին ընտանիքների բռնի խլելու հետ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031