Կաշառակերությունն ու կոռուպցիան աշխարհում ամենահաճախ հնչող տերմիններից են, որոնց վերաբերյալ եղել են և կան տարաբնույթ ձևակերպումներ ու մոտեցումներ, սակայն միևնույն է, դրանք հստակ սահմանումներ չունեն, այդ իսկ պատճառով կփորձենք պայմանականորեն ձևակերպել դրանց բովանդակային իմաստները և ասելիքը կառուցենք այդ կերպ ձևակերպված իմաստների հենքի վրա:
Կոռուպցիան համակարգված բնույթ կրող գործընթաց է, որի պարագայում համակարգի բոլոր կողմերը՝ տվողները և վերցնողները հստակ մեխանիզմներով կապված են միմյանց հետ, ընդ որում այդ փոխհարաբերությունները կրում են փուլային կամ շարունակական բնույթ:
Կաշառակերությունը կարելի է դիտարկել որպես կոռուպցիայի մասնավոր դեպք, պայմանով, որ այն չունի համակարգված բնույթ, այն ավելի շատ ցաքուցրիվ, ինչ-որ իմաստով միանվագ գործարքի գործընթաց է հիշեցնում՝ անկախ իր չափից: Կոռուպցիան ու կաշառակերությունը բովանդակային իմաստով բավականին նմանություններ ունեն թմրամոլության հետ, որն էլ խոսում է այն մասին, թե որքան դժվարին է դրանց կանխարգելումն ու վերացումը: Եթե որևէ այլ բան հաշվի չառնենք, ապա միայն այս համեմատականը վկայում է այն մասին, թե որքան վտանգավոր վարակներ են կոռուպցիան ու կաշառակերությունը՝ իրենց բոլոր դրսևորումներով: Սակայն, ասվածը բնավ չի նշանակում, որ անհնար է պայքարել դրանց դեմ, դրանք կանխարգելելու ու վերացնելու համար:
Փաստորեն, այսօր կոռուպցիան ու կաշառակերությունն այնքան համատարած բնույթ են կրում, որ իշխանություններն են արդեն դրա մասին պարտադրված բարձրաձայնում, ավելին՝ կառավարության կազմում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով: Այնպես որ, եթե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իրոք ուզում է երկիրը փրկել գահավիժումից, ապա առաջին և ամենակարևոր քայլերից մեկը կոռուպցիայի և կաշառակերության դեմ չափազանց լուրջ և անողոք պայքար մղելն է, որն իհարկե բավականին դժվար է, բայց ոչ անհնարին:
Կարդացեք նաև
Աշխարհում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի բազում փորձեր են եղել, որոնցից բացառիկ դեպքերն են միայն հաջողությամբ պսակվել: Դրանց դեմ պայքարի և դրանց վերացման ամենամեծ դժվարությունն ու անարդյունավետությունը կայանում են նրանում, որ դրանց վտանգավորության մասին մշտապես՝ ամեն պատեհ, անպատեհ առիթի բարձրաձայնում են բոլորը, սկսած ամենակոռումպացվածից, մինչև՝ համեմատաբար արդար պաշտոնյան, սակայն այդ պահից սկսած ևս, նշված պաշտոնյաները ոչ միայն չեն դադարում դրանով զբաղվել, այլ ավելի ինտենսիվ ու ավելի խորքային են շարունակում թաթախված մնալ դրա մեջ:
Պատմության ընթացքում տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի տարբեր մոդելներ են կիրառվել, որոնց արդյունքում տարբեր ցուցանիշներ են արձանագրվել: Օրինակ` Խորհրդային Միությունում կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի չափազանց խիստ պատիժ է պարունակել քրեական օրենսգիրքը: Այն շատ հաճախ դիտարկվել է որպես հայրենիքի դավաճանություն և որպես պատիժ ընտրվել է մահապատիժը, որը, սակայն, կարծես այնքան էլ էական ազդեցություն չի ունեցել դրանց նվազման տեսանկյունից, ավելին՝ երբեմն նույնիսկ աճի միտումներ են արձանագրվել: Այս յուրահատկությունը բացատրվում է այն հանգամանքով, որ այդ կոռուպցիոն շղթան համակարգված ձևով՝ ամենաներքևից մինչև ամենավերև, որտեղ հատկապես Խորհրդային Միության վերջին տարիներին մաrազմատիկ ծերունիներով էին լցված, որևէ այլ բանի ունակ չէին, բացի մեծ փողեր հավաքելուց: Եվ այդ մարդիկ՝ իբր հենց իրենք պետք է վերահսկողություն իրականացնեին և կանխարգելեին երկրում տիրող կոռուպցիոն և կաշառակերության գործընթացները, որը ոչ այլ ինչ է, քան գառին պահ տալ գայլին:
Բնական է, որ ստեղծված իրավիճակում նման պաշտոնյաները ոչ ունակ էին, ոչ էլ ցանկություն ունեին այդ խնդիրները լուծել և նրանց մոտեցումը մոտավոր այսպիսին էր. հերն էլ անիծած, թե երկիրը չի կործանվում, մեր վերջին շանսն է ու պետք է փորձենք այն մաքսիմալ օգտագործել: Այսինքն` սկզբունքը հետևյալն էր. մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ, որը հետագայում հենց այդպես էլ եղավ: Չինաստանի օրինակը. այնտեղ ևս երկար ժամանակ քրեական օրենսդրությունը չափազանց խստացված էր՝ նման գործունեությունն այնտեղ ևս շատ հաճախ դիտարկվում էր որպես հայրենիքի դավաճանություն և պատժվում էր մահապատժով: Այլ խոսքով, նույն Խորհրդային Միության տարբերակով, այնտեղ ևս փորձում էին այդ խնդիրը լուծել պատժիչ մեթոդներով, որը շատ հաճախ արժանանում էր նույն ճակատագրին, ինչ Խորհրդային Միությունում:
Բովանդակային առումով, անհաջողությունների հիմնական պատճառները համարյա նույնն էին, ինչ Խորհրդային Միությունում: Փաստացի, երկու սոցիալիստական երկրներում էլ ընտրված էր նույն մոդելը և բնական էր, որ ակնկալվող արդյունքները ևս պետք է մոտավոր նույնը լինեին: Հոնկոնգում ընտրված էր լրիվ այլ մարտավարություն: Այնտեղ փորձ էր արվում օրենսդրական փոփոխությունների միջոցով լուծել այդ խնդիրը, որի էությունը կայանում էր հետևյալում. գործարար դաշտում բոլորի համար ստեղծել էին հավասար պայմաններ, որի արդյունքում տարիների ընթացքում գործարարությունը մեծ թափ ստացավ, որն աստիճանաբար ուժեղացրեց երկրի տնտեսությունը, որի պարագայում մարդիկ համոզվեցին, որ սա է իրենց հարստացման և պատիժներից խուսափելու միակ արդարացի ճանապարհը, որի փաստացի առհավատչյան օր-օրի հզորացող Հոնկոնգն էր՝ հզոր տնտեսությամբ, թևածող արդարությամբ և մարդկային խղճի գերակայությամբ: Իրենց գոյության ընթացքում, աշխարհի շատ երկրներ են ունեցել նմանատիպ օրինակներ, այնպես որ, բոլորին անդրադառնալ, պարզապես հնարավոր չէ:
Իսկ ընդհանրապես, մարդ արարածը հիմնականում ագահ, անկուշտ կենսաբանական էակ է, որին չափազանց դժվար է կտրել հեշտ ճանապարհով անաշխատ եկամուտներ ձեռք բերելու ճանապարհից: Ցանկացած մեկը՝ միջոցների այդ հեշտորեն եկող հոսքից, իր կամքով կարող է հրաժարվել մի դեպքում միայն, եթե նա Աստվածավախ է, որը սակայն իրական կյանքում շատ հազվադեպ է պատահում: Այդ վիճակին գալու համար, մարդուն մեծ միտք ու մեծ խիղճ է հարկավոր, որը նույնպես հաճախ չի լինում: Մարդկության ճնշող մեծամասնությունը չի ձգտում դրան, քանզի դրա համար մեծ զոհողություններ են պահանջվում: Մարդը, որի ներսում նյութի մոլուցքը անհամեմատ ավելի բարձր ինդեքս ունի, քան հոգու փայլը, չափազանց մեծ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի անասելի կամքով կարողանա դրանց տեղերը՝ մեկը մյուսով փոխարինի, որպեսզի նախ հոգին մաքրի, որից հետո հեշտորեն կմաքրի նաև մարմինը:
Առանց չափազանցության ասեմ, որ իրականում նման փոխակերպումը մարդ արարածի համար ահավոր բարդ ու դժվարին գործընթաց է, սակայն և, ոչ անհնարին, որի պատճառով էլ աշխարհի մարդկության ճնշող մեծամասնությունն իրականում անհավատ է: Ավելին, նույնիսկ հոգևորականների ճնշող մեծամասնությունն է անհավատ և նրանք իրենց հոգևորականի քողը հիմնականում օգտագործում են նյութի՝ փող աշխատելու համար: Ասվածը հստակորեն խոսում է այն մասին, որ վերափոխման ճանապարհով մարդկանց հավատքի բերելը, հետևաբար նաև այդ ճանապարհով նրանց ներսից կոռուպցիայի և կաշառակերության մոլուցքը հանելը համարյա անհնարին է ու ոչ իրատեսական, այլապես աշխարհը վաղուց գնացած կլիներ դրան: Այնպես որ, պետք է փնտրել կոռուպցիայի և կաշառակերության դեմն առնելու այլ ճանապարհներ:
Մի բան ակնհայտ է, որ դրան հասնելու նախապայմանը, այսինքն առաջին քայլը՝ իրական ցանկությունն է, որից հետո միայն կարելի է մտածել իրագործման ուղիների մասին: Բազում են այն կարծիքները, որ կոռուպցիան և կաշառակերությունն իրենց տարաբնույթ դրսևորումներով մարդկության հետ եկել, մարդկության հետ էլ վերանալու են, այնպես որ, այդ թեմայի լիարժեք վերլուծության, վերջնական մեկնաբանության համար հարյուրավոր հատորներն անգամ բավարար չեն և խնդիրը ուղղակիորեն հանգում է նրան, թե այս պարագայում ինչ գործիքներով ու ինչպես կարելի է արդյունավետորեն պայքարել դրանց դեմ՝ կանխարգելել դրանց ընդլայնումը և ինչ-որ ժամանակից սկսած, փորձել արմատախիլ անել դրանք: Մարդկությունը պարտավոր է այս ուղղությամբ լրջմիտ և անհետաձգելի քայլեր ձեռնարկել, քանզի այսօր աշխարհի կործանման բացահայտ՝ թիվ մեկ գործոնը սա է, որը ոչ թե բնածին, այլ արհեստածին է, որի պատճառով էլ բավականին դյուրին է դրանց կանխարգելումը:
Վերջապես, ո՞րն է կոռուպցիայի և կաշառակերության կանխարգելման, ապա նաև վերացման այնքան բաղձալի բանաձևը, որն իր կարևորությամբ՝ առաջին հերթին կհետաքրքրի ընթերցողին: Եվ այսպես, կոռուպցիայի և կաշառակերության կանխարգելման, հետագայում նաև աստիճանական վերացման բանաձևը հետևյալն է.
Երկրի թիվ մեկ ղեկավարը պետք է որոշում կայացնի, որ այդ պահից սկսած՝ կոռուպցիա և կաշառակերություն երևույթներն իր համար այլևս մահացած են:
Քրեական օրենսգիրքը պետք է լրացվի հետևյալ հոդվածով. մեկ դրամից սկսած՝ կոռուպցիոն և կաշառակերության գործընթացները համարվում են պետության և ժողովրդի դեմ գործած ծանրագույն հանցագործություններ և դրանց մասնակիցները պատժվում են առավելագույն՝ ցմահ ազատազրկմամբ:
Ինձ համար՝ որպես առաջարկության հեղինակի, խիստ հասկանալի է, որ առաջարկվող պատիժը չափազանց խիստ է, սակայն պետք է հասկանալի լինի նաև, որ եթե չենք ուզում հազարամյակներով սրա մասին միայն խոսել, այլ իսկապես ուզում ենք վերը ասվածը կյանքի կոչել, ապա միակ աշխատող մեխանիզմը սա է…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ