Իսպանական ցանկացած սրճարանում իսպանական տորտիլյան (չշփոթենք մեքսիկական տորտիլյայի հետ, որը բարակ խմորով հացն է՝ ցորենի կամ եգիպտացորենի ալյուրով)՝ կարտոֆիլով ձվածեղը կամ օմլետը, իր մշտական տեղն ունի ինչպես առավոտյան՝ արագ նախաճաշի, այնպես էլ ճաշին եւ ընթրիքին՝ տապասի տեսքով: Իսպանացիներն այն ուտում են թե տաք, թե գոլ եւ թե լրիվ սառած վիճակում:
Այս մատչելի, արագ եւ հեշտ պատրաստվող ուտեստը հարմար է նաեւ պիկնիկների համար, կարելի է վերցնել աշխատավայր կամ դասի գնալիս՝ որպես նախաճաշ կամ լանչ:
Անհրաժեշտ մթերքները
Կարտոֆիլ- 3 հատ
Գլուխ սոխ-1 հատ
Սխտոր- 1-2 պճեղ
Ձու- 6 հատ
Աղ, կարմիր եւ սեւ պղպեղ, չորացրած կանաչիներ- ըստ ճաշակի
Ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ
Կարագ- 50 գրամ
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Իսպանական տորտիլյայի բաղադրատոմսի գլխավոր մթերքներն են հավկիթը, կարտոֆիլն ու սոխը, սակայն դա չի նշանակում, որ չի կարելի դրանց հավելել այլ մթերքներ, օրինակ՝ կարմիր կամ կանաչ թարմ պղպեղ, երշիկ, բեկոն, սխտոր եւ այլն:
Կարտոֆիլն ու սոխը մաքրեք, լվացեք: Սոխը մանր կտրատեք: Տաք թավայի մեջ լցրեք ձիթապտղի յուղն ու կարագը եւ շատ ցածր կրակի վրա տապակեք սոխը: Այն պետք է թափանցիկ դառնա, բայց ոչ մի դեպքում՝ չկարմրի կամ առավել եւս՝ սեւանա:
Մեկ-երկու րոպեից ավելացրեք բարակ կտրատած կարտոֆիլը: Փակ կափարիչով եփեք մոտ քսան րոպե, մինչեւ կարտոֆիլն ամբողջությամբ փափկի: Պարբերաբար պետք է խառնել, որպեսզի կարտոֆիլն ու սոխը տապակվեն, բայց չկարմրեն: Եթե թարմ պղպեղ եք ավելացնելու, ավելացրեք կարտոֆիլի հետ միաժամանակ:
Երբ բանջարեղենը պատրաստ լինի, դրեք մի կողմ, թող մի փոքր գոլանա, մոտ 5-6 րոպե: Այդ ընթացքում կոտրեք հավկիթները եւ լավ խառնեք՝ ավելացնելով համեմունքները: Բանջարեղենը լցրեք հավկիթի մեջ: Խառնուրդը կարող եք լցնել հրակայուն ամանի մեջ եւ դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոց՝ մոտ 20 րոպեով: Ջեռոցում տորտիլյան լավ բարձրանում է եւ հավասարաչափ եփվում է բոլոր կողմերից:
Սակայն ավելի ընդունված է պատրաստել կրակի վրա: Դրա համար բանջարեղենա-ձվային խառնուրդը հետ լցրեք նույն թավայի մեջ, որում տապակվել է բանջարեղենը: Կարող եք ապահովության համար նախապես եւս մեկ-երկու գդալ ձիթայուղ տաքացնել: Կափարիչը փակեք, թողեք եփվի մոտ 8-10 րոպե, ապա տորտիլյան զգուշությամբ սահեցնելով տեղափոխեք տափակ ափսեի մեջ, որն այնուհետեւ շուռ տվեք թավայի վրա՝ որպեսզի տորտիլյայի մյուս երեսն էլ լավ եփվի: Այս եղանակով ավելի արագ է պատրաստվում, սակայն այնքան բարձր չի լինի, որքան ջեռոցում եփելու պարագայում:
Մատուցեք անմիջապես: Կարող եք պահել եւ մատուցել սառը եւ կտրատած վիճակում՝ կարկանդակի նմանությամբ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
03.12.2016