Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Թրամփը հաղթեց Քլինթոնին

Դեկտեմբեր 04,2016 12:00

Ավարտվեցին ԱՄՆ նախագահի ընտրությունները: Ինչպես չէր սպասվում, հաղթեց Դոնալդ Թրամփը: Այս անգամ Ահարոն Ադիբեկյանն ու բոլորը կարծես թե սխալվեցին: Չափից ավելի ինքնավստահ Թրամփի ինքնավստահությունը շարունակություն ունեցավ: Երեւի միայն ինքն էր հավատում, որ կհաղթի: Բայց իր հավատն էնքան ուժեղ էր, որ որոշիչ նշանակություն ունեցավ: ԱՄՆ-ում, ինչպես միշտ, պարտված թեկնածուն շնորհավորեց հաղթողին: Հաղթանակից ընդամենը րոպեներ անց: Որովհետեւ ժողովրդավարության հարուստ, գեղեցիկ ու իմաստավոր ավանդույթներ ունեն: Եթե մենք էլ ժողովրդավարության ավանդույթներ ունենայինք, Վանաձորում Էդմոն Մարուքյանի եղբայրն էլ Վանաձորի նորընտիր քաղաքապետին կշնորհավորեր: Բայց որպեսզի մենք ժողովրդավարության ավանդույթներ ունենանք, նախ պիտի Էդմոն Մարուքյանի եղբայրը Վանաձորում քաղաքապետ դառնա: Համբերենք եւ սպասենք:

Բոլոր դեպքերում, նույնիսկ ժողովրդավարության հարուստ, գեղեցիկ ու իմաստավոր ավանդույթներ ունեցող ամերիկացիների համար էր Դոնալդ Թրամփի հաղթանակն անսպասելի: Ինչ վերաբերում է մեր քաղաքագետներին, նրանք բոլորը համոզված էին, որ Քլինթոնի հաղթանակը կասկած չի հարուցում, եւ ամերիկացիների հետ միասին անակնկալի գալով՝ առայժմ չեն որոշել՝ ինչ ասեն: Հիմա քաղաքական հերթական իմաստությունն են ծամծմում, այն է՝ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալով՝ ԱՄՆ-ի շահերն ու արտաքին քաղաքականությունը չեն փոխվի:

Փաստորեն մերոնք, ինչպես միշտ, Ամերիկայի ու ամերիկացիների մասին գիտեն այն ամենը, ինչ իրենք՝ ամերիկացիները, չգիտեն: Մերոնք նաեւ վստահ պնդում են, որ Ալիեւի ու Թրամփի մտերմությունն էական դեր չի ունենա Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում: Կարճ ասած՝ մերոնք գիտեն այն ամենը, ինչը, ըստ ամենայնի, դեռեւս ինքը՝ Դոնալդ Թրամփը, չգիտի:

Ինչքան էլ ԱՄՆ նորընտիր նախագահը, ի տարբերություն շատերի, հավատում էր իր հաղթանակին, այդուհանդերձ՝ նախագահի կարգավիճակը նրան ամեն ինչին նորովի նայելու ու ամեն ինչի մասին նորովի մտածելու տեղիք է տալու, եւ ամեն ինչին նորովի նայելով ու ամեն ինչի մասին նորովի մտածելով՝ շատ հնարավոր է, որ ինքը վերանայի իր նախկին հայացքներն ու մոտեցումները՝ մի շարք անակնկալներ մատուցելով բոլորին, այդ թվում՝ նաեւ ինքը իրեն, որովհետեւ ԱՄՆ նախագահի թեկնածուի խնդիրներն ու նպատակներն էապես ու չափազանց են տարբերվում ԱՄՆ գործող նախագահի խնդիրներից:

Մենք առանձնապես ծանոթ չենք ԱՄՆ Ընտրական օրենսգրքին, բայց պարզվում է՝ այդ օրենսգիրքն էլ կատարյալ չէ. փաստորեն, ընտրողների առավելագույն ձայներ ստացած Քլինթոնը պարտվել է պակաս ձայներ ստացած Թրամփին եւ ընդունել է պարտությունը, որովհետեւ այնտեղ միանգամայն այլ սիստեմով են ձայները հաշվում: Բայց, ի տարբերություն Վանաձորի քաղաքապետի ընտրությունների, ԱՄՆ-ում առավելագույն ձայներ ստացած ու պարտված թեկնածուն ոչ միայն ընտրակեղծիքների մասին չի աղաղակել, այլեւ անմիջապես շնորհավորել է իր հակառակորդին՝ ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ միանգամայն այլ սիստեմով են ձայներ հաշվում, այլեւ, ըստ ամենայնի, նաեւ ու հիմնականում այն պատճառով, որ Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունը, ազատ եւ արդար ընտրությունները, մարդու իրավունքներն ու նման բաները սրբություն են համարվում, եւ այդ իմաստներով ու չափանիշներով Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհում առաջատար ու թիվ մեկ երկիրն է համարվում, եւ եթե ԱՄՆ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դրվեն, ԱՄՆ-ը կկորցնի ժողովրդավարության իմաստով աշխարհում առաջատարի իր դիրքը, եւ առաջատարի իր տվյալ դիրքը կորցնելով՝ նաեւ այլեւայլ շատ բաներ կկորցնի:
Բոլոր դեպքերում, անակնկալը տեղի է ունեցել: Ավելի ճիշտ՝ սենսացիան: Իհարկե, Թրամփն ընտրապայքարի ընթացքում էլ էր ինքնավստահություն հանդես բերում՝ հայտարարելով, որ ինքն է հաղթելու, բայց, ըստ ամենայնի, նաեւ Թրամփի համար էր իր հաղթանակը սենսացիա, որովհետեւ չենք հիշում մի այլ դեպք, երբ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթեր անկանխատեսելի թեկնածուն: Հիլարի Քլինթոնի հաղթանակի հարցում գործող նախագահ Բարաք Օբաման էլ էր գրեթե հարյուր տոկոսով վստահ:

Բայց, ինչպես միլիոնավորները, Օբաման նույնպես սխալվեց: Եթե Օբաման գոնե փոքր-ինչ հավատար Թրամփի հաղթանակին, չէր անի Թրամփի վերաբերյալ մերկապարանոց այն հայտարարությունները, որոնք արեց ընտրապայքարի ընթացքում:

Բայց եղածը եղած է, եւ վստահ ենք, որ մինչեւ եկող տարվա սկիզբ Օբաման մեկ առ մեկ կուղղի Թրամփի հանդեպ իր սխալները, եւ ԱՄՆ նախկին ու նոր նախագահների ընդունում-հանձնում արարողությունը տեղի կունենա միանգամայն բարեկամական մթնոլորտում:

Այդ ընթացքում կշարունակվեն Թրամփի հետագա գործունեության վերաբերյալ կանխագուշակությունները ոչ միայն աշխարհում, այլեւ Հայաստանում, եւ քաղաքագետներն իրար հերթ չտալով՝ կփորձեն գուշակել ու կռահել, թե Թրամփի երեւան գալով՝ ինչպիսի փոփոխությունների կենթարկվի աշխարհը: Գուշակների մյուս խումբն էլ կշարունակի համոզված պնդել, որ Թրամփի երեւան գալով՝ ԱՄՆ-ի շահերն ու գործողություններն էական փոփոխություն չեն կրի, եւ Թրամփն էլ ընդհանուր առմամբ կշարունակի իր նախորդների գործը: Ավելին. որոշ քաղտեխնոլոգների կարծիքով՝ Թրամփը շատ ավելի խորամանկ է դուրս գալու եւ շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու ռուսների համար: Որոշ քաղաքագետներ էլ վստահորեն ենթադրում են, որ Թրամփը մինչեւ իր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը դժվար թե նախագահ մնա:

Ինչեւէ, գուշակները չափազանց շատ են եւ գուշակություններն էլ՝ չափազանց տարբեր, եւ միակ մարդը, որ այս թեմայով խորիմաստ լռում է, ինքը՝ ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն է: Շուտով նա ոչ միայն կխոսի, այլեւ կգործի, եւ մենք կիմանանք, թե ինչպես եւ ինչու Դոնալդ Թրամփը հաղթեց Հիլարի Քլինթոնին:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

03.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    ԱՄՆ-ում նախագահ ընտրում են առանձին նահանգների կողմից ընտրված ներկայացուցիչներ և ընտրությունը տվյալ նահանգում իրականացնում է նահանգային իշխանությունը՝որպեսզի իրենց նահանգում ձայների մեծամասնությամբ որոշեն որ թեկնածուին են ձայն տալու:Իսկ,որ Քլինթոնը ավելի շատ ձայն է ստացել՝ոչինչ չի ապացուցում:Օրինակ՝Նյու Յորք նահանգում Քլինթոնը ստացել է 15 մլն ձայն,Տրամպը 500հազար ձայն:Մնացած նահանգներում նրան ձայների տարբերությունը չնչին է եղել՝10 հազարից 1մլն.:Արդյունքում ստացվում է,որ մեկ նահանգում ճնշող մեծամասնություն ապահովել է ընդհանուր ձայների գերակշռություն՝բայց միայն այդքանը:Նահանգների մեծամասնությունը առավելությունը տվել է Տրամպին:
    Ջոն Քերրին ընտրության գիշերը հայտարարեց,որ ընտրություններում արձանագրել են առնվազը 29 խախտում,բայց հաջորդ օրերին այդ մասին ոչ-մի խոսք:ՆաԱՄՆ հեղինակությունը ավելի բարձր դասեց քան սեփական ամբիցիաները:Իսկ մեր երկրում այդպիսի ,,խոհեմությամբ,,ոչ ոք չի ,,տառապում,,:Թքած ունեն երկրի հեղինակության վրա:0.2 տոկոս ձայն ստացած թեկնածուն հրապարակավ բողոքում է,որ եթե ընտրությունները նորմալ լինեին,ինքը կստանար 0.3 տոկոս ձայն:Եվ այդքանից հետո էլ հաջորդ ընտրություններին նորից դնում է իր թեկնածությունը:Այդպես էլ ընտրությունից-ընտրություն այդ մարդիկ ,,քարշ,,են գալիս:Նպատակն՝իրենք կարող են իմանալ:

  2. Արա կիրակոսյան says:

    Հարգելի պ. Երևանցի, անհասկանալի է մնում թէ ինչ կարծիքի եք հանգում? սակայն լավ կլիներ որ բոլորը պատկերացում կազմեն թէ ով է այս “կարմրահերների առաջնորդը”: Մեկ խոսքով ասած նա ուղղակի խայտառակություն է այս երկրի և նրա ամբողջ պատմության համար:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031