Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր»-ի հարազատների հայտարարությունը

Դեկտեմբեր 03,2016 21:18

Այսօր Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբավորման և քաղբանտարկյալների հարազատների խորհրդաժողով, որի արդյունքում վերջիններս հանդես եկան կոչ-հայտարարությամբ.

Հայաստանն ու հայ ժողովուրդը իշխանությունը զավթած, օտար ուժերի ծառայության մեջ գտնվող փոքրաթիվ շերտի և նրա հետ համագործակցող հայաստանյան ու սփյուռքյան քաղաքական որոշակի ուժերի` պետականությունը կործանող ու ազգաքանդ գործողությունների արդյունքում հայտնվել են լինելության ծանրագույն ճգնաժամի մեջ: Համայն հայության շահերը այլ պետության շահերին ստորադասող ներքին ու արտաքին քաղաքականության, անհագուրդ թալանի ու շահագործման, համաղետի վերածված աղքատության, համատարած անարդարության և անօրինականության, ժողովրդի դեմ կիրառվող մշտական բռնությունների և որպես դրանց արգասիք` անխուսափելի մարդաթափության աստիճանի հասած արտագաղթի հետևանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ սպառնալիքների դեմ հանդիման:

Իր երկրին ու ժողովրդին նվիրված որևե գիտակից հայ մարդ չի կարող անտարբեր մնալ այս սողացող կործանման հանդեպ: Ապրիլյան պատերազմը եկավ ապացուցելու, որ դանակն արդեն իսկ խրվում է ոսկորի մեջ: Մեր զավակները, ամուսինները, հայրերն ու եղբայրները, չհամակերպվելով նման կացությանը, և ի տես այն փաստի, որ վարչախումբն ու նրա օտար տերերը բացառել են այս իրավիճակի փոփոխության ցանկացած խաղաղ ճանապարհ, դիմել են վճռական քայլի` իրենց կյանքն ու ընտանիքների բարեկեցությունը դնելով նժարի վրա:
Զավթված իշխանությունը պահպանելու նպատակով ներկայումս վարչախումբը պատրաստվում է բոլոր անթույլատրելի միջոցներով հերթական կեղծվելիք «ընտրություններին»: Ավելին` մինչ մեր հարազատները գտնվում են անազատության մեջ, սահմանների վրա շարունակվում է թափվել մեր զավակների ու եղբայրների արյունը, մինչդեռ իշխանությունները նոր եռանդով տարփողում են անլուր զոհողությունների գնով ու թանկարժեք արյամբ ազատագրված 7 շրջաններ թշնամուն հանձնելու մասին…

Ինչպես որ ամռանը «Սասնա ծռերը» խափանեցին տարածքներ հանձնելու դավադրությունը, այդպես էլ ներկայում և ապագայում մեր ժողովուրդը թույլ չի տալու նման դավաճանություն: Մենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների և մյուս քաղբանտարկյալների հարազատներս, հավատարիմ ենք մնում նրանց իդեալներին, պահանջներին ու զոհաբերությանը: Համոզված լինելով, որ հուսահատությունն ու թևաթափությունն ամենևին վայել չեն մեր ժողովրդին, կոչ ենք անում մեր հայրենակիցներին ու համաքաղաքացիներին նույնպես չհուսահատվել և շարունակել պայքարը՝ առաջնորդվելով երկիրն ու ազատագրված հողը փրկելու գերագույն մտահոգությամբ:

Կո՛չ ենք անում մեր ժողովրդին շարունակել մնալ աննկուն:
Կո՛չ ենք անում բոլոր ազնիվ քաղաքական գործիչներին չտարվել գայթակղությամբ ու ժողովրդին չմղել մոլորության:

Կո՛չ ենք անում մտավորականներին լինել իսկական հայ մտավորական:
Կո՛չ ենք անում սփյուռքի մեր հայրենակիցներին արժանապատիվ կեցվածք ցուցաբերել պետության ու հայրենիքի անունով հանդես եկող հայրենի ու սփյուռքյան նենգադավներին ու գործուն մասնակցություն բերել ազգային համաղետը հաղթահարելու գործին:

Հիմնադիր խորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Սասնա Հանգստափչիկներ»ի արարքը միայն ու միայն ոճրագործություն է, բազմաթիւ մակարդակների վրայ, մինչեւ գերագոյնը՝ մարդասպանություն:

    Հայի արիւն թափեցիք, բազմաթիւ հայ որբեր արտադրեցիք, հայրենի հողի վրայ: Եւ այդ ել՝ վասն ինչի՞… Պետութեան վերաբերող ձեր կատարած զուգահեռները լայնօրէն անհեթեթ են, ձեր խանգարված մտքերում են միայն, ցնորական, երեւակայական են, եւ ամէն դէպքում, չեն կարող «արդարացնել» ձեր կատարած ոճիրները, ձեր ընտրած ուղին:

    Հայ ժողովուրդը չհետեւեցաւ, եւ երբեք ել չի հետեւելու այսպիսի ափ մը մոլորեալների բիրտ զառանցանքին, եղբայրասպան մոլուցքին: Իսկ հիմնականօրէն Համացանցում գոյություն ունեցող ձեր այդ մի քանի երկրպագուները, կամ ել գրասենեակի, սալոնի հեղափոխականները, երբեւիցէ չեն երեւնալու փողոցում, իսկապէս ի գործ դնելու համար իրենց տեսական, օդին-մէջ կարծիքները: Ձեզ կը ջատագովե՜ն, կը քաջալերեն եւ առաջ կը հռեն, մինչ իրենք կը մնան իրենց տաքուկ եւ ապահով հանգստության մէջ:

  2. Հ.Շ. says:

    Սպաննուած ոստիկանների ընտանիքները, նահատակվածների մայրերը, այրիները եւ որբերը մօտ օրից – եւ այսուհետեւ, իրենք՝ ընդմի՛շտ – իրենց առաջին Կաղանդը պիտի տօնեն, առանց իրենց զաւակին, ամուսնոյն, պապային…

    Մինչ լսվում են միայն աղմկալից բողոքն ու զիլ գանգատները ժամանակաւոր բանտարկյալների ընտանիքներին… Որոնք միաժամանակ փառաբանում են վերոյիշեալ սգաւորների զաւակին, ամուսնոյն, հայրիկին մահը պատճառած բրտութեան արարքի հեղինակները, մասնակիցները եւ զօրակիցները:

    Վերեւի ձեր այս ցարդ նորագոյն հաջոցին մէջ, չէի՞նք կրնար գոնէ կարեկցության, ցաւակցության նվազագո՛յն խօսք մը ներառել, ձեր «հերոսների» պատճառով սեւ սուգը մտած հայորդիների հասցէին…

    Այդքա՞նն ալ շատ է ակընկալել ձեզանից:

    Ամօթ ձեզի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031