Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը

Դեկտեմբեր 03,2016 21:09

Դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների ցնծալի տոնը:

Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սրբազան Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Ս. Պատարագի ընթացքում հայրապետական հանդիսավոր թափորով Մայր Տաճար բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը, որպեսզի ուխտավորաբար համայն հայության հոգևոր կենտրոնում մեկտեղված հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունենա համբուրելու հրաշագործ Ս. Գեղարդը և ստանալու աստվածային բյուր օրհնություններ:

Իր քարոզում անդրադառնալով տոնի կարևորությանը՝ Գևորգ Սրբազանն ի մասնավորի ասաց. «Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է իր առաջին լուսավորիչների, հայոց հավատի հիմնադիր նահապետների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի տոնը:

Օրն այս համազգային նշանակություն ու համազգական խորհուրդ ունի, որով ազդարարվում է հայ ժողովրդի քրիստոնեական պատմության սկիզբը, մի պատմություն, որ շարունակում է հիացմունքի և ներշնչման աղբյուր հանդիսանալ աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդների համար, գրավել դեպի այն արտասովորն ու գեղեցիկը, որ հատուկ է հայոց բարեպաշտական ոգուն: Իմ խորին համոզմամբ, այս հարգանքի հիմնական պատճառներից մեկն այն է, որ հիշյալ պատմությունը հոգևոր կյանքի վերաբերյալ շատ առանցքային մի բացահայտում է անում յուրաքանչյուր քրիստոնյայի համար. այն սովորեցնում է մեզ, որ հավատը պահանջում է հավատարմություն: Այս իմաստով օրվա խորհուրդը ոչ միայն առիթ է ընձեռում մեզ վերանորոգելու մեր ուխտը սուրբ առաքյալների քարոզության առջև, այլև խորհրդածելու այն աստվածային շնորհի մասին, որով հայոց հոգևոր անդաստանի մշակության նվիրական գործը հանձնարարվեց Տիրոջ հավատարիմ երկու վկաներին, Թադեոսին և Բարդուղիմոսին, որոնց անմահ հիշատակն է պանծացնում այսօր Մայր Եկեղեցին՝ հրավիրելով իր զավակներին մասնակից լինելու այն խնդությանը, «որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս»»:

Ներկայացնելով առաքյալների քարոզչությունը և անդրադառնալով առաջին լուսավորիչների առաքինի կերպարին՝ Սրբազան Հայրը հավելեց. ‹‹Սիրելի բարեպաշտ հայորդիներ, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների վկայությունը զուտ պատմական նշանակություն չունի մեզ համար, որով փաստվում է Հայոց Եկեղեցու առաքելական ծագումը: Այն առավել կարևորվում է՝ իբրև հոգևոր իրադարձության սկիզբ, որով ազդարարվում է քրիստոնեական ոգու ծնունդը հայ մարդու կյանքում: Այդ ոգին լավագույնս արտահայտվել է այն ավանդի անաղարտ պահպանության միջոցով, որ կտակվել է Հայոց աշխարհին Քրիստոսի վարդապետության երկու մատռվակների կողմից: Ասվածի ցայտուն դրսևորումը պատմության ընթացքում հաղթահարված բազում փորձություններն են, որոնք չեն հաջողել հեռացնել մեզ մեր առաքելական ինքնությունից: Եվ ահա այստեղ է, որ տեսանելի է դառնում այն հոգևոր-ժառանգական գիծը, որով քրիստոնյա հայ ժողովուրդն ամիջականորեն կապվում է իր հավատի հիմնադիրների առաքելությանը: Այդ գծի շեշտված արտահայտությունն է այն իրողությունը, որ մեր եկեղեցին կոչվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Աշխարհի մյուս քրիստոնյա ժողովուրդների կողքին միայն հայ ազգն է, որ այդքան զորավոր կերպով ընդգծում է իր հոգևոր ժառանգականության ակունքը: Եվ սա չենք անում, հպարտությունից դրդված, ցույց տալու համար, թե հին ենք, այլ անում ենք հայոց հավատի  ախոյանների հանդեպ հոգևոր պատասխանատվությունից մղված››:

Գևորգ Սրբազանը խոսեց նաև Աստվածամուխ Ս. Գեղարդը դուրս բերելու երևույթի մասին՝ ընդգծելով. ‹‹Ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քրիստոնյա աշխարհի համար բացառիկ կարևորություն ունի այս նվիրական մասունքը. այն երկպագելու համար ամեն տարի աշխարհի չորս ծագերից ուխտավորներ են այցելում մեր երկիր: Այն ոչ միայն հայոց հավատի առաքելական ծագման խորհրդանիշ է մեզ համար, այլև աստվածային ողորմության բարձրագույն դրսևորում հայ ժողովրդի կյանքում, քանզի Նախախնամությունը հենց հայ ազգին ընտրեց՝ պահպանելու քրիստոնեական հավատի մեծագույն սրբություններից մեկը՝ աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որի վրա մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենարար արյան հետքերն են դրոշմված: Եվ բնական է, որ Տիրոջը խոցած գեղարդը սեփական ձեռքերով շոշափած ժողովուրդը չպիտի ընկրկեր պատմության դաժան փորձությունների առջև, քանզի Պողոս առաքյալի նման նա նույնպես բազմաթիվ անգամներ անհողդողդ կերպով նայել է մահվան աչքերի մեջ և ասել` «Ինձ համար կյանքը Քրիստոս է, իսկ մեռնելը` շահ» (Փիլիպ. Ա.21): Սիրելի քույրեր և եղբայրներ, մեր ոգու զորությունը մեր ժառանգության հանդեպ հավատարմության մեջ է. մենք միշտ հաղթանակած ենք դուրս եկել փորձություններից, երբ հավատարիմ ենք մնացել մեր Եկեղեցուն, այն հավատի շնորհին, որ երկու հազարամյակ առաջ հայոց հողում սերմանեցին Քրիստոսի հավատարիմ երկու վկաները՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Եկեք այսօր օգտագործենք ընծայած առիթը, Սուրբ Գեղարդին երկրպագելու միջոցով վերանորգենք մեր ուխտը հայոց առաջին լուսավորիչների քարոզի առջև, այդ քարոզին համահունչ կերտենք մեր կյանքը, արժանի լինենք կոչվելու կենդանի վկաներ առաքելական մեր Սուրբ հավատքի››:

Վերջում նվիրական օրվա առիթով Մայր Աթոռի միաբանության, պաշտոնեության և ողջ հավատացյալ դասի անունից Գևորգ Սրբազանը շնորհավորեց Նորին Սրբությանը՝ իբրև հայոց հավատի հիմնադիրների ճշմարիտ ժառանգորդի, և մաղթեց, որ Աստված մշտապես ծաղկյալ պահի  Հայրապետի գավազանը՝ առավել ևս բորբոքելու առաքելական հավատի հուրն աշխարհասփյուռ հայորդիների սրտերում՝ ի շինություն Հայ Եկեղեցու և ի պայծառություն հայոց ազգի:

Սուրբ և Անմահ Պատարագին ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան թեմերից ժամանած բազում ուխտավորներ, զինվորականներ:

Պատարագի արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս․ Գեղարդով օրհնեց և արձակեց ներկա ժողովրդին։

Սուրբ Գեղարդը ի տես և ի երկրպագություն հավատացելոց Մայր Տաճարում մնաց մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031