Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը համաձայնվել է, որ Ծառուկյանը վերադառնա, նա կատարելու է Կարեն Դեմիրճյանի դերը». Ավետիք Իշխանյան

Դեկտեմբեր 03,2016 20:53

«Հաշվի առնելով 2015-ի ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնի հայտարարությունը, բնականաբար, Գագիկ Ծառուկյանի հետ վերադարձը պետք է համաձայնեցված լինի, կամ գոնե իշխանությունները պետք է դեմ չլինեն դրան: Սա պարզ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսպես մեկնաբանեց Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքական դաշտ վերադարձի լուրը:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ քաղխորհուրդը դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու խնդրանքով: Նա էլ չի մերժել:

Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ «Ընդհանրապես, այդ խնդրանքները, որ ազգովի խնդրում են, որ ինչ-որ մեկը վերադառնա, ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում, հետո 98-ին Դեմիրճյանին էին խնդրում, որ վերադառնա: Այդ խնդրելը հենց այնպես չի լինում: Երբեք ժողովուրդը հանկարծ չի գնում ինչ-որ մեկին խնդրում, այդ խնդրելը կազմակերպվում է: Ես վստահ եմ, այսօրվա ԲՀԿ-ի նիստի խնդրանքը կազմակերպված է եղել: Հետո պիտի ասեն՝ դե որ խնդրում են, հո ես ժողովրդին անտեր չե՞մ թողնելու: Սա ինձ համար լրիվ պարզ է»:

Ըստ պարոն Իշխանյանի, իշխանությունը համաձայնվել է, որ Ծառուկյանը վերադառնա, որովհետեւ նա ՀՀԿ ԳՄ նիստից հետո արդեն կառավարելի է. «Շատ ավելի ձեռնտու ոչ իշխանական ուժ է, քան ռադիկալ քաղաքական ուժերը: Որ ժողովուրդը նրա հետեւից կգնա եւ նրան ձայն կտա, ես դրանում կասկած չունեմ: Տվյալ դեպքում նա կատարելու է 98-ի Կարեն Դեմիրճյանի դերը: Կարեն Դեմիրճյանն էլ իշխանության կողմից էր հրավիրված, որ ընդդիմությանը խոչընդոտի պայքարի, նպաստի իշխանության վերարտադրմանը»:

Ավետիք Իշխանյանն ասաց, որ երբեք մի հավատացեք, որ ինչ-որ մեկը տանը նստած՝ ժողովուրդը հանկարծ գնում է նրա տան մոտ եւ խնդրում, որ վերադառնա քաղաքականություն, պարզ է, որ այդ անձն է կազմակերպել, որ հետո ասի՝ դե, ժողովուրդը խնդրեց, վերադարձա:

Պարոն Իշխանյանը վստահ է, որ Գագիկ Ծառուկյանն ավելի վերահսկելի է, ուստի շատ հարմար է իշխանության համար, որ հիմա նա մտնի քաղաքական դաշտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031